‘Իրանն աֆղանցիներին ուղարկում է Սիրիա՝ մարտնչելու Բաշար Ասադի համար’

1986

BBC-ի պարսկական ծառայությունը փաստեր է հայտնաբերել, որ Իրանը հազարավոր աֆղանցիների է ուղարկում կռվելու սիրիական կառավարական զորքերի կողմում: Հիմնականում դրանք էթնիկ խազարներ են՝ չքավոր ընտանիքներից, որոնք գաղթել են Իրան և ապրում են համայնքներում: Նրանք զինվորագրվում են շիա մուսուլմանների գումարտակներում, ըստ էության՝ արտասահմանյան լեգեոններում, որոնց Իրանն ուղարկում է աջակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Բիրմինգհեմյան համալսարանի պրոֆեսոր, Սիրիայում Իրանի գործունեությանը հետևող Սքոթ Լուկասի կարծիքով՝ աֆղանական առաջին ստորաբաժանումները Սիրիա են ուղարկվել 2012 թ.: «Իրանական հեղափոխության պահապանների կորպուսը որոշել է, որ սիրիական զորքերն առանց կողմնակի օգնության չեն կարող հաղթել. ռազմաճակատի գիծը չափազանց մասնատված է, բացի այդ՝ սիրիացիներից շատերն աշխատում են խույս տալ զորակոչվելուց»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է պրոֆեսորը: Եւ այդ ժամանակ իրանցիները որոշել են ստեղծել 50 հազարանոց Պաշտպանության ազգային ուժեր՝ սիրիական բանակին աջակցելու համար, սակայն բուն Սիրիայում բավարար թվով կամավորներ չգտնելով՝ սկսել են դրանց փնտրել իրանական աֆղանցի, լիբանանցի, իրաքցի և պակիստանցի շիաների շրջանում:

Ոչ մի պաշտոնական տվյալ չկա, թե իրանական աֆղանցիներից քանի հոգի է կռվում Սիրիայում, և նրանցից քանիսն են զոհվել այնտեղ:  «Հյուման Ռայթս Ուոտչ» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Պահապանների կորպուսը կարողացել է հավաքագրել մոտավորապես 10 հազարի կարգի աֆղանցիների:

Իրանի արտաքին գործերի նախարարության վարկածով՝ Սիրիայում շիական սրբությունները պաշտպանող բոլոր աֆղանցիները կամավորներ են, և ոչ մի պաշտոնական զորահավաք չի անցկացվում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)’