‘Իրանում ձերբակալել են նախկին նախագահի որդուն’

923

Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդուն՝ Մեհդի Հաշեմիին, հաղորդում է  France-Presse -ը՝ հղում անելով IRNA գործակալությանը: Ըստ տեղեկությունների՝ Մեհդի Հաշեմին կիրակի օրն է վերադարձել Լոնդոնից, որտեղ թաքնվում էր երեք տարուց ի վեր: Հաշեմիին մեղադրում են 2009 թ. նախագահական ընտրություններից հետո ( երբ հաղթեց գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը) կազմակերպված հակակառավարական ակցիաների մասնակցության մեջ: Այն ժամանակ նրա հետ միասին փողոց էր դուրս եկել նաև քույրը՝ Ֆաեզե Հաշեմին, որը ձերբակալվել էր ցույցը ցրելիս, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել: Եղբայրն ընտրություններից անմիջապես հետո հեռացել էր երկրից:

 Դեռևս շաբաթ օրվանից իր պատիժն սկսեց կրել Ֆաեզե Հաշիմին, որը 2012 թ. հունվարին դատապարտվել էր վեցամսյա կալանքի: Ենթադրվում է, որ դատավճիռը նրա նկատմամբ կայացվել է այն բանից հետո, երբ նա հարցազրույց էր տվել ընդդիմադիր մի կայքի և խիստ քննադատության ենթարկել իշխանություններին՝ մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաև Իրանի արտաքին քաղաքականության համար: 

Մեհդիի և Ֆաեզեի հայրը, որն Իրանը ղեկավարել է 1989-ից մինչև 1997 թթ., համարվում է երկրի  ամենահեղինակավոր մարդկանցից մեկը: Մասնավորապես, նրան համարում են իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Խոմեյնիի մերձավոր զինակիցը: Վերջին տարիներին նրա ազդեցության մակարդակը փոքր-ինչ նվազել է:

2000-ական թթ. սկզբներից Ռաֆսանջանին գլխավորում է Նպատակահարմարության խորհուրդը՝ Իրանի բարձրագույն ղեկավարությանը կից խորհրդակցական մարմինը: Բացի այդ՝ մինչև 2011 թ. նա ընդգրկված էր Փորձագետների խորհրդի կազմում, որի իրավասությունների մեջ է մտնում երկրի բարձրագույն ղեկավարության ընտրությունը: 2005 թ. Ռաֆսանջանին փորձեց վերադառնալ նախագահի պաշտոնին՝ առաջադրելով իր թեկնածությունը, սակայն պարտվեց Ահմադինեժադին: 2009 թ. նա առհասարակ չառաջադրվեց: 

Նախորդ հոդվածը‘Տարօրինակ շինություն՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ’
Հաջորդ հոդվածը‘«Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները կհանգեցնեն 3-րդ աշխարհամարտի մեկնարկին»’