‘Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերի երրորդ ռաունդը’

869

Իրանում այսօր մեկնարկել է նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի երրորդ ռաունդն ուղիղ եթերում, հաղորդում է IRIB հեռուստակայանը: Ավելի վաղ տեղի են ունեցել հեռուստաբանավեճեր տնտեսական և մշակութային հարցերով: Հեռուստաբանավեճերի երրորդ ռաունդը նվիրված է ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրին:

Իրանի նախագահի պաշտոնին հավակնում են ութ թեկանածուներ՝ միջուկային հարցերով նախկին բանագնաց Հասան Ռոուհանին, Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, օրենսդիր Գոլամ-Ալի Հադդադ-Ադելը, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին, նախկին առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը և կապի նախկին նախարար Մոհամադ Հարազին:

 Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆն ասել է, որ քաղաքականությունը պետք է պաշտպանի Իսլամական հեղափոխության շահերն ու նպատակները: Ըստ նրա՝ Իրանը պետք է փոփոխություններ մտցնի արտաքին քաղաքականության  ուղղության մեջ՝ ըստ միջազգային իրադրության փոփոխությունների: Նա նաև շեշտել է, որ Իրանը ուժեղ տարածաշրջանային քաղաքականություն պետք է վարի:

Իրանի նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ կօգտագործի տարբեր տեսակետներ ունեցող և քաղաքական տարբեր ճակատներ ներկայացնող գործիչների կարծիքները, որպեսզի արդյունավետորեն լուծի արտաքին քաղաքականության, հատկապես՝ միջուկային դիմակայության հարցերը: Նա նաև շեշտել է, որ բոլոր ջանքերը կգործադրի՝ հանրության շրջանում խոսքի ազատությունն ամրապնդելու համար, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ գրասենյակի մոտ ցուցարարները փորձել են փակել Սերժ Սարգսյանի ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Բանագնացները բանտում կհանդիպեն քուրդ անջատողականների առաջնորդի հետ’