‘Իրանում ուրանի հարստացման գործարաններից մեկում պայթյուն է որոտացել’

757

Իրանում ուրանի հարստացմամբ զբաղվող առանցքային նշանակության գործարաններից մեկում հուժկու պայթյուն է որոտացել: Ի սկզբանե ամերիկյան WND գործակալության կողմից տարածված այս լուրը հետագայում հաստատել է The Times պարբերականը՝ վկայակոչելով Իսրայելի հետախուզական ծառայությունները:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ռումբը ոչնչացրել է գործարանի ստորգետնյա շինությունները, ինչպես նաև ուրանի հարստացման բուն սարքը՝ արգելափակելով ավելի քան 200 աշխատակիցների ելքը: Սակայն այս տեղեկություններն առայժմ պաշտոնապես հաստատված չեն, ընգդծում է Newsru Israel լրատվական կայքը:

Մինչ այդ իրանական կողմը հանդես է եկել վերոհիշյալ տեղեկության հերքումով: Արտաքին գործերի և ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ալաեդդին Բորուջերդին ասել է, որ պայթյունի մասին լուրերը պայմանավորված են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նախօրեին Թեհրանի նկատմամբ ճնշում իրականացնելու՝ արևմտյան երկրների ձգտումով:

WND լրատվականն իր հերթին նշում է, որ արտասահմանյան մամուլում պայթյունի վերաբերյալ տեղեկատվության տարածումից հետո իրանական ԶԼՄ-ները հայտնվել են կառավարության ճնշման տակ: Լրագրողներին արգելվել է որևէ կերպ անդրադառնալ պատահարին:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը’