‘Իրանցի փորձագետ. Թեհրանը ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել բարձր մակարդակի’

703

Թեհրանը ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել բարձր մակարդակի: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Թեհրան) միջազգային կազմակերպությունների բաժնի ղեկավար Սեյեդ Ալի Թաբաթաբաի Փանահը` մեկնաբանելով երկու երկրների միջև հարաբերությունների առկա մակարդակը:

«Մեր երկրում կա հարևան Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության ըմբռնում: Այդ համատեքստում, իմ կարծիքով, ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության ոլորտում մեր երկրների միջև գոյություն ունեցող կապերը ժամանակի ընթացքում միայն կխորանան: Բանն այն է, որ մեր երկիրն առայժմ փորձում է լուծել կուտակված միջազգային խնդիրները: Մասնավորապես, առաջիկա երկու տարում, լուծելով  միջուկային խնդիրը, փոխգործակցելով 5+1 ձևաչափով ,վեցյակիե հետ, Թեհրանը մեծ, համակարգված ակտիվություն կդրսևորի Հարավային Կովկասի բոլլոր երկրների հետ համագործակցությունում», — նշել է նա:

Իրանցի փորձագետը հատկապես ընդգծել է, որ հարաբերությունների զարգացումը տեղի կունենա Ռուսաստանի և Թուրքիայի հետ անվտանգության և տնտեսության հարցերում զուգահեռ համագործակցության պայմաններում: Նշելով Մոսկվայի և Անկարայի միջև տարաձայնությունների առկայությունը մի շարք գլոբալ և տարածաշրջանային հարցերում`  Փանահն ընդգծել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու Թեհրանի ձգտումը` փոխգործակցության և այդ երեք երկրների դիրքորոշումների մերձեցման սկզբունքների մշակման միջոցով:

Այդուհանդերձ, իրանցի փորձագետի կարծիքով, նոր նախագահ Հասան Ռոուհանիի արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը միջուկային խնդրի լուծումն է: Փանահը հիշեցրել է, որ Իրանի և ,վեցյակիե միջև բանակցությունների առաջին փուլում առաջընթացից հետո Թեհրանն ունի առնվազն կես տարի, որպեսզի իրավիճակի վերլուծության հիման վրա լավագույն ձևով լուծի միջուկային խնդիրը`  միաժամանակ ձերբազատվելով պատժամիջոցներից և կարգավորելով հարաբերություններն ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ:

«Այլ կերպ ասած` Ժնևում արձանագրված առաջընթացը մեզ համար ոչ թե ժամանակ շահելու փորձ է, այլ իրական գործընթաց, որն արտացոլում է իշխանափոխությունից հետո մեր արտաքին քաղաքականությունում արձանագրված սկզբունքային փոփոխությունները: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ բոլոր փոփոխությունները կշոշափեն ոչ միայն միջուկային խնդիրը, այլև տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները», — ամփոփել է իրանցի փորձագետը:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Քաղաքական գործընթացները արագիլը չի բերում’