Իրան․ «Ոչ մի փոփոխություն»

348

Իրանում բողոքի շարժման մասնակիցները հերքել են բարքերի ոստիկանության լուծարման մասին հայտարարությունը։ Նրանք պնդում են, որ ոչ մի փոփոխություն չեն տեսնում, «ոչինչ չի վկայում այն մասին, թե կանանց վիճակը երկրում բարելավվել է»։

Սոցցանցերում եռօրյա գործադուլի կոչեր են հնչում։

«Արդեն մի քանի օր է՝ Իրանի փողոցներում բարքերի ոստիկանությունը չի երևում։ Բայց արդյո՞ք դա դրական փոփոխություն է։ Ո՛չ։ Դրա փոխարեն՝ ժամանել են անվտանգության ուժերը, սկսել են կրակել, սպանել, ծեծել, ձերբակալել, կտտանքների ենթարկել՝ առանց դատ ու դատաստանի։ Այդ ամենը կարգին կշեղի ուշադրությունը հարցի բուն էությունից, որովհետև ցանկացած ոք, ով ճանաչում է Իրանը, գիտի, որ խնդիրը բարքերի ոստիկանությունը չէ»,- ասել է ակտիվիստներից մեկը։

Անցած հանգստյան օրերին Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնտազերին հայտարարել է բարքերի ոստիկանությունը լուծարելու մասին, որն ստեղծվել էր 2006 թ․ ուլտրապահպանողական նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք՝ «պատշաճության և հիջաբ կրելու մշակույթ տարածելու համար»։

Անսպասելի հայտարարությունը գնահատվել էր որպես ժեստ ցուցարարների հասցեին։ Սակայն իրավապաշտպանները կասկած հայտնեցին՝ այդ քայլը մեկնաբանելով որպես հանպատրաստից պատասխան մամուլի ասուլիսում հնչած հարցին։ Նրանք նաև կարծում են, որ բարքերի ոստիկանության լուծարումը որևէ կերպ չի փոխի կանանց՝ հիջաբ կրելու պարտականությունը, այլ ընդամենը կնշանակի օրենքի կիրառման այլ միջոցի ընտրություն։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱվանդական ուղղագրությամբ գրվածը ճիշտ կարդալու կանոններ [10 դեպք]
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Մարոկկոն պայքարից դուրս թողեց Իսպանիային (տեսանյութ)