‘Իրավապահներն արհամարհում են Սերժ Սարգսյանին ‘

1198

Երեկ, ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ: Այս խորհրդակցության ժամանակ Սարգսյանը խիստ ջղայնացել էր, հայտարարել, թե «նախագահի աշխատակազմում քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների ստուգման արդյունքում նախաքննական պրակտիկայում բացահայտվել են փաստեր, որոնք ուղղակի անհամատեղելի են առողջ բանականության հետ»: «Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում»,- ասել էր Սարգսյանը: 

Վերջինս այնպես զարմացած էր խոսում այդ խնդիրների մասին, ասես` առաջին անգամ էր լսում: Մինչդեռ, նույն ձեւով նա իրավապահների առաջ խոսում էր եւ 2008-ին, եւ 2011-ին:

2008 թվականի հունիսի 13-ին Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել Ոստիկանությունում, որտեղ հայտարարել էր, թե Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ոստիկանությանն է անցել նախաքննության անցկացման գործառույթը, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը պետք է համալրի իր շարքերն ավելի պատրաստված կադրերով, պետք է անցկացնի շարունակական ուսուցում ու վերապատրաստում, ուշադրություն դարձնի ոստիկանների մասնագիտական գիտելիքների խորացմանը:

«Ոստիկանը պետք է կարողանա անվերապահորեն, օրենքի տառին համապատասխան ներկայացնել ու փաստարկել իր գործողությունների իրավաչափությունը: Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ընդունված օրենքը ոստիկանությանը հնարավորություն է տալիս բարձրացնել իրականացվող աշխատանքների որակը, ձեռք բերել հանցագործությունների բացահայտման համար ընդունելի ապացույցներ, արդյունավետ միջոցներով պայքարել հանցավորության դեմ: Միեւնույն ժամանակ, պետք է վերացնել ոստիկանության կողմից կամայական գործողությունների իրականացումը, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած քայլ: .. Յուրաքանչյուր ոստիկան պետք է հասկանա, որ անընդունելի է ապացույցների ձեռքբերումը հակաօրինական միջոցներով, անընդունելի է մարդու արժանապատվությունը նվաստացնող միջոցների կիրառումը: Օրենքը հնարավորություններ է տալիս իրավական տեսակետից անխոցելի ապացույցներ ստանալ մասնագիտական օպերատիվ աշխատանքի օրինական ձեւերով: Ցավոք սրտի, ոստիկանությունում կարծիք կա տարածված, թե վերջին տարիներին ընդունվել են օրենքներ, որոնք ոստիկանությանը հնարավորություն չեն տալիս արդյունավետ պայքարել հանցավորության դեմ: Ոչ, դա այդպես չէ, այսօրվա օրենքը տալիս է բոլոր հնարավորությունները»,- ասել էր Սարգսյանը:

2011 թվականի դեկտեմբերի 22-ին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե « բազմիցս և՛ ես, և՛ դուք նշել ենք, որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն մեր հանրության վստահությունը համակարգի նկատմամբ»: «Կարծես, այստեղ մենք տարակարծություններ չենք ունեցել: Եվ ճանապարհն այն էր, որ մենք վեր հանեինք, վերացնեինք այն խնդիրները, որոնք կան, և որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը: Իսկ հանրային վստահությունը երևակայական բան չէ. այն չափելի է, հանգիստ կարելի է ուսումնասիրել և եզրակացությունների գալ: 
Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը: Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, և մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում: Ընդ որում, այսպիսի գնահատական տալու համար հիմք են հանդիսացել ոչ միայն ձեր հաշվետվությունները, այլ նաև իմ հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները»,- ասել էր Սարգսյանը: 

Այսինքն, գոնե ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ստացվում է, որ 2008 թվականից Սերժ Սարգսյանը հավաքում է իրավապահ համակարգի ղեկավարներին, (Դատախազության, Ոստիկանության), հաթաթա տալիս, թե վատ եք աշխատում, հետո վերջիններս գնում են իրենց գործին, հետո ամիսներ անց, Սարգսյանը նորից է հավաքում նրանց, նորից է հաթաթա տալիս, նրանք նորից գնում են իրենց գործին, ու հետո նորից խորհրդակցություն, նորից` հաթաթա, ու այսպես շարունակ:

Այսինքն, գոնե ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ստացվում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ուղղակի արհամարհում են, կամ` բանի տեղ չեն դնում Սերժ Սարգսյանին, ասել է թե` չեն ընկալում վերջնիս որպես երկրի ղեկավար, լուրջ չեն ընդունում նրա խոսքերը, ուղղակի գալիս են խորհրդակցությունների` տեսախցիկների առաջ նկարահանվում, հետո գնում իրենց սովորական աշխատանքին: Ու այդպես արդեն 5 տարի: Սակայն, այստեղ բնական հարց է ծագում` եթե անգամ Սերժ Սարգսյանի կողմից նշանակաված կադրերը իրեն լուրջ չեն ընդունում, ապա ինչո՞ւ պետք է դա անեն Հայաստանի քաղաքացիները:

 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Անդրես Ինյեստայի՝ Բարսայում անցկացրած 10 տարիների 10 լավագույն պահերը ‘
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնին «Միլանի» հնարավոր մարզիչների ցուցակ է կազմել’