‘Իրավապահ մարմինները մատը մատին չեն տալիս, մինչդեռ փաստաբանը պնդում է՝ հայտարարությունը ևս քերական գործ հարուցելու առիթ է’

952

Ամեն դեպքում՝ Լևոն Զուրաբյանի հայտարարությունը ևս քրեական գործ հարուցելու առիթ է, և եթե իրավապահ մարմինները կատարված գործողության մեջ կտեսնեն հանցակազմի տարրեր, ապա կարող են հանգիստ իրավական գործընթաց սկսել՝ առանց անձի կողմից համապատասխան հաղորդման: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն այսօր հայտնել էր, թե «ֆիզիկական անձանց կողմից հաղորդում ներկայացնելու ընթացակարգը հստակ սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքում. անձը, երբ ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին, նրան բացատրվում են իր իրավունքներն ու պարտականությունները»:

iLur.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև ոստիկանությունից: Կա փաստ, որ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի անձնական զրույցը գաղտնալսվել ու անհայտ անձի կամ անձնանց կողմից տարածվել է ինտերնետում, սակայն, ինչպես պարզվեց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ մեր ունեցած զրույցից, ոստիկանությունը չի պատրաստվում մատը մատին տալ: Մալխասյանը ցանկացած հարցադրման հակադարձում ու հղում էր անում Լևոն Զուրաբյանի տարածած հայտարարությանը, թե «իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկում եմ դատախազությանը ընդունել սույն հայտարարությունը՝ որպես հաղորդագրություն հանցագործության մասին, եւ պահանջում եմ քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման եւ դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին»:

Մեր դիտարկմանը՝ եթե սպանություն լիներ, ու այն տեսանկարահանվեր, ոստիկանությունը ոչինչ չէ՞ր անելու, Մալխասյանը պատասխանեց՝ մենք հիմա «եթե»-ներով չենք խոսում:

Նախորդ հոդվածը‘Անահիտ Ֆարմանյանը հերքում է խոսակցությունները, թե ինքը ձգտում է ռեկտոր դառնալ’
Հաջորդ հոդվածը‘Ահմադինեժադը չեղյալ է հայտարարել այցը Թուրքիա’