‘Իրավապաշտպաններ. Պետդուման ուզում է «պատմական միակարծություն» մտցնել Ռուսաստանում’

1080

Վերջերս հաճախակիացել են ՌԴ իշխանությունների կողմից տարբեր լրատվամիջոցների վրա հարձակումները՝ այս կամ այն կերպ պատմությանն առնչվող «անզգույշ» արտահայտությունների համար, և այդ ֆոնին Պետդումայում նոր նախաձեռնություն  է ծնվել, որն արդեն արժանացել է իրավապաշտպանների դիմադրությանը: Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, «եդինոռոս» Ալեքսեյ Պուշկովն առաջարկել է օրենսդրորեն պաշտպանել Ռուսաստանի պատմությունը, կամ ինչպես պատգամավորն է ձևակերպել՝ «պատմական դեպքերի վերաբերյալ մեր տեսակետը, քանի որ դրանք աղավաղել ցանկացողները շատ են ոչ միայն արտասահմանում, այլև, ցավոք սրտի՝ հենց Ռուսաստանում»:

«Սա շատ զիլ առաջարկ է, նույնիսկ՝ ստալինյան ժամանակների համեմատ»,- արձագանքել է Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինը: «Նույնիսկ «ԽՄԿԿ պատմության համառոտ դասընթացի» ժամանակներում, որը պետք է անգիր անեին բոլորը, ովքեր ուզում էին լավ դասավորել իրենց կյանքը, այն չէր հաստատվում համագումարի կողմից, առավել ևս՝ Գերագույն խորհրդի,- Интерфакс-ին ասել է Լուկինը  և շարունակել:- Ընդհանրապես՝հետաքրքիր բան է ստացվում: Ենթադրենք՝ ես մտածում եմ, որ 1812 թ. Հայրենական պատերազմում ամենաականավոր զորավարը եղել է ոչ թե Կուտուզովը, այլ Բարկլայ-դե-Տոլին կամ Բագրատիոնը: Ինչ է՝ չե՞մ կարող այդպես մտածել, քանի որ դրա վերաբերյալ Պետդուման այլ որոշում է կայացրել»:

Օմբուդսմենի հետ համաձայն է  «Մեմորիալ» պատմակրթական և իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արսենի Ռոգինսկին: «Սա առաջարկ է Ռուսաստանում միակարծություն մտցնելու վերաբերյալ,- մեկնաբանել է նա և հավելել:- Պատմությունը մեկ ու միակ և այսօրվա շահերին ծառայեցվող ձևով մեկնաբանելու այս անվերջ փորձերը  չեն կարող չանհանգստացնել նորմալ մարդկանց»: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ռ. Հակոբյան. Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում փոխհամաձայնության հավանականությունը մեծ է’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները պահանջում են իրենց աշխատավարձները. Ֆոտոշարք’