‘Իրավապաշտպան. Ռուբեն Հայրապետյանը մինչ օրս իրեն լիովին անպատժելի է զգում’

1489

2012-ի այս օրը՝  հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով՝ ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում մահացավ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանը:

2012 թվականի սեպտեմբերի 13-ից  ընթանում է «Հարսնաքարի» գործով դատավարությունը: 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 118-րդ հոդվածով  մեղադրանք է առաջադրվել 6 կալանավորվածներին («Հարսնաքարի» աշխատակիցներ Գարիկ Մարգարյան, Արման Բաղդասարյան, Դավիթ Ադամյան, Արման Խաչատրյան, Նորայր Հայրապետյան և Արթուր Բաբլոյան):

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրական մեղավորները միայն նրանք չեն, ում մեղադրանք է առաջադրված:

«Վահե Ավետյանի սպանության մեջ նախաքննության մարմնի կողմից բացարձակապես ոչ մի գործողություն չկատարվեց՝ այս գործում Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը և դերակատարումը բացահայտնելու ուղղությամբ»-, ասաց Արթուր Սաքունցը՝ շեշտելով, որ այս դեպքում գործ ունենք ոչ օբյեկտիվ ու ոչ լիարժեք քննության հետ:

Նրա խոսքով՝ ի սկզբանե գործը նախաքննության ընթացքում նախապատրաստվել էր այն ուղղությամբ, որպեսզի Ռուբեն Հայրապետյանին ամեն կերպ զերծ պահեն հնարավոր մեղադրանքներից:

Իրավապաշտպանի խոսքով՝ նախաքննության ընթացքում անտեսվել է  Ռուբեն Հայրապետյանի ու գործով ամբաստանյալների միջև հեռախոսազրույցների վերծանման հարցը, ուստի, ըստ Սաքունցի, դատարանը պետք է հետ ուղարկեր գործը՝ ոչ լիարժեք նախաքննության պատճառով:

«Դատավարության ընթացքը գալիս է ապացուցելու, որ իրական դատաքննություն իրականացնելու և նախաքննության ընթացքում կոպիտ սխալներն ու թերացումները վերացնելու ցանկություն չկա »,- նկատեց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ այս ամենի արդյունքում Ռուբեն Հայրապետյանը մինչ օրս իրեն լիովին անպատժելի է զգում:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 22-ի դատական նիստում ցուցմունք է տվել  նաև նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և հերքել, թե ինքն է հրահանգել ծեծել բժիշկներին, ավելին՝ նա հայտարարել է, որ եթե ինքը տեղյակ լիներ, ապա նման բան չէր լինի:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. արյունալի բախումներ Ալեքսանդրիայում’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Անհետացած զինծառայողն ինքնակամ լքել է զորամասը’