‘Իրավատեր մարդ ենք, դողդողացող անասուն չենք….’

1819

 «Ես դողդողացող անասո՞ւն եմ, թե՞ իրավունքներ էլ ունեմ»:

Ֆ. Դոստոեւսկի

1948 թվականի դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց  Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր  (Universal Declaration of Human Rights, UDHR), եւ այդուհետ ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ն իր օրացույցում հիշատակեց որպես մարդու իրավունքների միջազգային պաշտպանության օր:

Հիմա եթե վերացարկվենք աշխարհից եւ փորձենք գնահատել իրերի դրությունը Հայաստանում, միանգամից էլ պիտի վերջակետ դնենք, որովհետեւ մի երկրում, որտեղ տանը թե դրսում՝ ամեն քայլափոխի են խախտվում ամենատարրական իրավունքներն անգամ, որտեղ գնդակահարում են տասը մարդու եւ ոչ միայն խուսափում պատժից, այլև շարունակում հանգիստ պաշտոնավարել, ընդհանրապես պիտի մոռանալ ե՛ւ մարդու, ե՛ւ ազատության, ե՛ւ նրա հիմնարար իրավունքների մասին:

Վստահաբար, մեզնից շատերը հենց այսպես էլ մտածում են, երբ իրենց իրավունքների համար պայքարելու փոխարեն գերադասում են «ոտքերով քվեարկել» իրավիճակի անմիջական պատասխանատուների դեմ՝ լքելով մեզնից ոչ պակաս հոգնած այս հայրենիքը…

Հակառակ պարագայում՝ նրանք մեզ հետ միասին վաղու՛ց արդեն գետնից բարձրացրած կլինեին քոչարյանա-սարգսյանական ռեժիմի նետած ձեռնոցը եւ իբր մարտահրավեր կընդունեին գաղափարական այն նոնսենը, որ տարիներ շարունակ մեզ մատուցվեց ո՛չ թե ազատ, ինքնիշխան, ժողովրդավար եւ իրավական Հայաստանի, այլ «կազմակերպված պետության» տեսքով:

Եւ իսկապես. բոլոր այս տարիներին, եթե ուշադիր լինեք, ՀՀ արժանապատիվ քաղաքացու եւ իշխանության գլխավոր բախման առիթը հենց այս տարբերությունն է եղել: Մենք միշտ մտածել ենք, թե թերություններով, դժվարությամբ, թող որ՝ զոհողությունների գնով, բայց մեր անելիքը ՀՀ սահմանադրությամբ ամրագրված պետության կայացումն ու այդպիսով նաեւ՝ կյանքի որակի բարելավումն է, քոչարյանա-սարգսյանական համակարգն էլ, իր հերթին, այլ պատկերացում չի ունեցել, քան այն, որ պետությունը իրե՛նք են, իսկ իրավունք ասածդ էլ միայն բացառապես իրենց է վերապահված: Անշուշտ՝ միայն բռնանալու եւ երկիրը թալանելու մակարդակում, դա նույնիսկ քննարկելու խնդիր չէ:

Մենք միշտ ջանացել ենք հասնել նրան, որ կայունություն ասվածը հիմնված լինի բացառապես օրենքների եւ միմյանց իրավունքները հարգելու վրա, իսկ ռեժիմը, կայունության եւ արցախյան հարցի շահարկման ներքո, սոսկ  իշխանությունը զավթած իրենց խմբակն է կոկել-կարգի բերել՝ դրան իսկապես էլ կայուն եւ կազմակերպված բուրգի տեսք տալով:

Մենք ասել ենք՝ ժողովրդավարություն, իրենք պատասխանել են, թե նույնիսկ արեւմտյան ժողովրդավարությունը զերծ չէ թերություններից՝ ասես դրանով իրենք իրենց արատներից միանգամից սրբվում եւ կամ փոխարենը գոնե որեւէ նորմալ բան են առաջարկում:

Ասել ենք՝ հարգե՛ք մեր իրավունքներն այն դատարաններում, ուր մեզ քարշ եք տվել, Հայլուրով միանգամից մատնացույց են արել ԱՊՀ երկրներն ու հատկապես Ալիեւին՝ ասես մեծ առաքինություն է իրենց ենթագիտակցական արքետիպին մեջտեղ բերելն ու մանավանդ՝ նրան նմանվելը: Դեռ լավ է՝ մարդակեր աբորիգեններին էլ չեն ասպարեզ բերում. նրանց կողքին, օրինակ, մարտի մեկի սառնասիրտ գնդակահարությունը կարելի է նաեւ իսկական առաջադիմություն էլ համարել…

Այդ դեպքում՝ ինչու՞ եք ձեր  նյութերում անընդհատ իշխանությունների հետ մեկտեղ եվրոպացիներին էլ  այնտե՛ղ նախշում, չէ՞ որ նրանք հենց «կազմակերպված պետության» վերջն էին կամենում վրա հասցնել Ասոցացման համաձայնագրով՝ հարցնում են մեր աշխատանքին ակնդետ հետեւող որոշ իրապես եւ «ի պաշտոնե» առաջադեմներ:

Շատ պարզ, չնայած նաեւ՝ պարադոքսալ պատճառով: Բանն այն է, որ եթե ասենք՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարգման տեսանկյունից Հայաստանը շատ ավելի լավ դիրքերում է, քան Ադրբեջանը, Աֆղանստանը, Սոմալին եւ այլ նմանատիպ երկրներ, դա դեռ չի նշանակում, թե մեզ մոտ ամեն բան կարգին է, եւ կարելի էր մարտի մեկի տասը զոհերի արյան վրա կանգնած՝ Խորը եւ համապարփակ ասոցոցման պայմանագիր կնքել Սերժ Սարգսյանի հետ:

Մի կողմից, այսինքն, ինչպես Տեր-Պետրոսյանը մի առիթով ճշգրիտ նկատեց, «իսկական ռասիզմ են մեր նկատմամբ դրսեւորում, իբր՝ դուք մեզ հետ, այսինքն՝ զարգացած ժողովրդավարությունների հետ չափվելու արժանի չեք, չափվեք ձեզանից ավելի հետամնաց երկրների ու ժողովուրդների հետ եւ մխիթարվեք, որ նրանց վիճակը վատթար է ձեր վիճակից», մյուս կողմից էլ՝ ասոցացնում են: Ինչն են ում հետ ասոցացնում՝ չես հասկանում:

Արդյունքը, ինչպես բոլորս տեսանք, խորը եւ համապարփակ արջաքուն մտնելը եղավ հատկապես Մաքային միությա՛ն տարածքում: Եւ եթե այդպես է՝ էլ ի՞նչ դեկտեմբերի 10, էլ ի՞նչ մարդու իրավունքների պաշտպանություն եւ կամ նույնիսկ՝ ղարաբաղյան հարց, որ ոչ այլ ինչ էր, քան էլի՛ մարդու իրավունքի պարզ խնդիր՝ սրանց ձեռքով տարածքային վեճ դարձած:

Այնպես որ, կազմակերպված ավազակապետություն էինք, կազմակերպված ավազակապետություն էլ շարունակում ենք մնալ:

Անշուշտ՝ առա՛յժմ: Դրա վերջն էլ կգա: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետեւ իշխանությունն, այնուամենայնիվ, ավելի վախեցած է, քան նույնիկ ամենաստորացված մեր քաղաքացին: Իսկ վախեցած է այն պատճառով, որ «կազմակերպված պետություն» կոչվածն այլեւս նույնիսկ իրենց վստահություն չի ներշնչում:  

Բավական է՝ մեր ժողովուրդը թեկուզ կարճ մի պահ իրապես հասկանա, որ ինքն էլ, ի վերջո, աշխարհի մնացած ժողովուրդների նմանությամբ, արժանի է ավելի լավ կյանքի, գիտակցի, որ պետությու՛նն է մարդու համար, ոչ թե հակառակը, եւ սրանք անմիջապես շատ կազմակերպված ձեւով կմնան իրենց իսկ վերնաշենքի փլատակների տակ …

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Նախարար. ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է’
Հաջորդ հոդվածը‘3-րդ և ավելի երեխայի համար 1մլն դրամի կեսը կառավարությունը կանխիկ չի տալու’