‘Իրավիճակը Գյումրիի դատախազության մոտ շարունակում է լարված մնալ. Լրացվում է’

1686

սկիզբը

Տեղի տալով ժողովրդի ճնշմանը՝ Գևորգ Կոստանյանը, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի ուղեկցությամբ, ի վերջո դուրս եկավ դատախազության շենքից և պատրաստակամություն հայտնեց պատասխանել ցուցարարներին հուզող բոլոր հարցերին:

Լևոն Բարսեղյանը ցուցարարների անունից ներկայացրեց իրենց հուզող հիմնական հարցը՝ ո՞ր երկրի  դատարանն է քննելու Գյումրիի սպանությունների մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը: Նա նշեց, որ դատախազության տված մեկնաբանությունը՝ թե գործը քննվելու է Հայաստանի տարածքում, հասկանալի պատճառներով չի կարող բավարարել ժողովրդին: Բարսեղյանը կրկնեց իրենց առաջարկը՝ պահանջելով, որ դատախազը հստակ պատասխան տա՝ ինքն ընդունո՞ւմ է ժողովրդի այդ պահանջի արդարացիությունը, թե՞ ոչ:

Կոստանյանը նշեց, որ ինքը միանշանակ համաձայն է այդ պահանջին, և հավելեց, որ դրա համար էլ հենց հիմա «մեր տղաները ռուսական ռազմակայանում հետաքննություն են վարում», հարցաքննություններ են անցկացնում: Նա համբերության կոչ արեց ժողովրդին՝ հորդորելով համբերել, քանի դեռ հետաքննությունն ընթանում է:

Ցուցարարներին խոսքով դիմեց նաև Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ՝ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը նշեց, որ իրենք պահանջում են ոճրագործին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին: «Մեր պահանջի օբյեկտն այստեղ չէ, մեր պահանջը մենք պետք է բոլոր հավասարակշիռ միջոցներով, ոչ թե իրար վրա քար ու ձու շպրտելով, ներկայացնենք Ռուսաստանին»:

«Մեր իշխանությունները պետք է Ռուսաստանից պահանջեն հարգել մեր անկախությունն ու մեր Սահմանադրությունը, ժողովուրդը բորբոքված է, որովհետև իշխանություններն անգործունյա են, ուստի նրանք կամ պետք է տեր կանգնեն մեր Սահմանադրությանն ու մեր ժողովրդին, կամ  պետք է հրաժարական տան»,- ասաց ցուցարարներից մեկը:

Գլխավոր դատախազ Կոստանյանը դուրս գալով ցուցարարների մոտ` հայտարարեց, թե համաձայն է նամակով դիմել ռուսական կողմին`Պերմյակովին հայկական կողմին հանձնելու խնդրանքով: 

Սակայն, ցուցարարները պահանջում էին դա անել հիմա եւ հստակ պատասխանել, թե երբ պարզ կլինի հարցը: Ի վերջո, հավաքվածների մի մասը երթով հեռացավ դեպի Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ, մի մասը դեռ դատախազության շենքի մոտ է: 

Նախորդ հոդվածը‘Գյումրիի դատախազության մոտ իրավիճակը լարված է’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայոմ Ադրբեջանի դեսպանը Լեռնային Ղարաբաղի պատճառով վիրավորվել է Guardian-ից’