‘Իրավունքի երթի մասնակիցների ուղերձը Հայաստանի ժողովրդին եւ միջազգային հանրությանը’

1914

Հրապարակվել է այսօր` ժամը 13:00-ին, Ազատության հրապարակից Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված Հայ ազգային կոնգրեսի կազմակերպված երթի ուղերձը` Հայաստանի ժողովրդին եւ միջազգային հանրությանը: Ուղերձի անգլերեն տարբերակը` Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի եւ ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանի ստորագրությամբ, երթի մասնակիցները կհանձնեն Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը:

Ներկայացնում ենք ուղերձի տեքստն ամբողջությամբ.

«Համաձայն 2008 թվականից ձեւավորված ավանդույթի` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, Երեւանում կայանում է Իրավունքի երթ, որի մասնակիցները Հայաստանի հանրությանը եւ Եվրոպայի Խորհրդին են ներկայացնում ամենամյա հաշվետվություն` երկրում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների վիճակի մասին:

Բազմահազար երթի մասնակիցների անունից, որն արդեն ամենամյա վեցերորդ երթն է, ցանկանում ենք արձանագրել, որ մարդու իրավունքները շարունակում են սիստեմատիկորեն խախտվել:

Այսօրվա Հայաստանում ժողովուրդը չունի սեփական իշխանություն ընտրելու իրավունք: Հայաստանում շարունակում է գործել ընտրությունների կեղծման հսկայական մեքենա: Պետականորեն կազմակերպված ընտրաշառքի, ահաբեկման եւ բազմակի քվեարկողների շնորհիվ իշխանությունները ապահովում են ընտրակեղծիքի այնպիսի մի ծավալ, որ անհնար է դարձրել իշխանւթյան փոփոխությունը ընտրությունների միջոցով: 2013 թվականին կեղծվեցին նախագահական, Երեւանի ավագանու եւ ՏԻՄ ընտրությունները: Արդյունքում՝ երկրում ձեւավորվել է իշխանություն, որն ընտրված չէ ժողովրդի կողմից եւ հաշվետու չէ նրա առջեւ:

2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները արյան մեջ ճնշեցին ընտրակեղծիքների դեմ ժողովրդի ցասումը,կոպտորեն խախտեցին մարդու կյանքի իրավունքը, եւ առ այսօր նախադեպը չունեցող այդ հանցագործությունը բացահայտված չէ, ոչ ոք չի պատժվել սպանությունների կազմակերպման եւ իրագործման համար:

Յուրացնելով իշխանությունը ժողովրդից եւ ոտնահարելով մարդկանց  հիմնարար սոցիալական իրավունքները՝ երկրի չընտրված պաշտոնյաները այն օգտագործում են ժողովրդի ունեզրկման եւ սեփական հարստացման նպատակով: Հանրային գերակա շահի պատրվակով շարունակվում են հարձակումները մասնավոր եւ հանրային սեփականության վրա՝ օտարված տարածքներում մերձավորներին ապօրինաբար արտոնելով շինարարություն: Օրեցօր հաստատվում են նորանոր հարկատեսակներ, տուգանքներ եւ պարտադիր վճարներ, որոնց առյուծի բաժինը հասնում է այդ իշխանությունների հովանավորած մասնավոր ընկերություններին:

Կոպտորեն խախտվում է ազատ մրցակցության սկզբունքը, եւ ճնշվում է ազատ տնտեսական նախաձեռնությունը, ինչի հետեւանքով Հայաստանը, համաձայն Համաշխարհայն Բանկի վերջին զեկույցի, դարձել է Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրների մեջ ամենամոնոպոլիզացված երկիրը: Մոնոպոլիզացիայի եւ կոռուպցիոն գործարքների պատճառով ձեւավորվել են տնտեսապես չհիմնավորված բարձր գներ հանրային տրանսպորտի, գազի եւ սպառման այլ ապրանքների համար:

Սերժ Սարգսյանի ռեժիմը շարունակում է վերահսկել եւ գրաքննության ենթարկել երկրի հեռուստատեսությունները՝ ոտնահարելով ազատ խոսքի եւ ազատորեն տեղեկություններ ստանալու`  քաղաքացիների հիմնարար իրավունքը:

2013 թվականին քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստները մի քանի տասնյակ անգամ ենթարկվել են հավաքների ազատության իրավունքի դեմ ուղղված ոստիկանական բռնությունների եւ իշխանության ավազակախմբերի հարձակումներին:

Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին հետեւողականորեն պայքարել հիմնարար ժողովրդավարական իրավունքների համար եւ ժողովրդի հավաքական ուժով ազատվել բռնապետներից եւ հաստատել Հայաստանի ժողովրդի ազտությունը եւ ինքնիշխանությունը:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, Եվրոպայի Խորհրդին եւ նրա Խորհրդարանական Վեհաժողովին`համերաշխություն ցույց տալ ազատության համար պայքարող հայ ժողովրդին եւ համարժեք միջոցներ կիրառել, որպեսզի Հայաստանի իշխանությունները կատարեն իրենց միջազգային պարտավորությունները ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:

Հանուն մարդու իրավունքների, հանուն ազատության եւ ժողովրդավարության:

Իրավունքի Երթի մասնակիցներ»:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Երթի կարգախոսները ‘