‘Իրաքից ներկրված դիզվառելիքի հարցը՝ ըստ մաքսավորների կարող է լուծել միայն Սերժ Սարգսյանը. Մամուլ’

1180

Իրան-Հայաստան սահմանի վրա՝ Մեղրիի մաքսատանը, արդեն 20 օր կանգնած դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռների խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում:

«ՀԺ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, ծագած խնդիրը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ծիրում է գտնվում։ Ըստ այդ տեղեկությունների, ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանը բենզինն ու դիզվառելիքը ներկրելու է բացառապես Ռուսաստանից։ Ու չնայած Հայաստանը պաշտոնապես դեռ Մաքսային միության անդամ չէ, Ռուսաստանից ներկրվող բենզինի ու դիզվառելիքի մաքսազերծումը կիրականացվի ՄՄ-ի չափանիշներով։ Այսինքն, այն ըստ էության չի մաքսազերծվի, գրում է թերթը և հավելում.

«Մեր աղբյուրների փոխանցմամբ, հեղուկ վառելիք Հայաստան ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը բենզինի առաջին խմբաքանակն արդեն բերել է Ռուսաստանից, սակայն հաշվարկները ցույց են տվել, որ դա ձեռնտու չէ։ Ռուսաստանից ներկրված ու չմաքսազերծված բենզինի վերջնական գինը 6-7 տոկոսով ավելի բարձր է ստացվել, քան մինչև հիմա Եվրոպայի նավթավերամշակման գործարաններից բերվող բենզինը մաքսազերծումից հետո։

Ակնհայտ է, որ նույն իրավիճակը կլինի նաև դիզվառելիքի պարագայում՝ ՌԴ-ից բերվող դիզվառելիքի ինքնարժեքը ավելի բարձր կլինի քան Իրաքից ներկրվածը և ռուսական դիզվառելիքի մրցունակությունը կհայտնվի կասկածի տակ։

Հենց սա է պատճառը, որ ռուսական վառելիքը Հայաստանում չպետք է այլընտրանք ունենա։ Հենց սա է պատճառը, որ իրաքյան դիզվառելիքը այլևս չի կարողանում մուտք գործել ՀՀ։

Ինչ վերաբերում է կոնկրետ այս 23 ավտոցիստեռների խնդրին, ապա դրա լուծման հեռանկարները խիստ անորոշ են։ Մեր մաքսավորները փորձել են իրանական իրենց գործընկերների հետ քննարկել այս հարցը, որպեսզի դիզվառելիքը ետ վերադառնա։ Սակայն իրանական կողմը մերժել է այս առաջարկը՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերը լրիվ օրինական են և Իրանի տարածքից այդ դիզվառելիքի արտահանումն արդեն ձևակերպվել է։

Դիզվառելիքը ներկրած գործարարների զայրույթին ի պատասխան, մեր մաքսավորները ակնարկել են, որ խնդիրը կարող է լուծվել միայն Սերժ Սարգսյանի մակարդակով, իսկ դրա համար պետք է, որ նա վերադառնա Չեխիայից։ Կվերադառնա՝ կտեսնենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘«Էպոսագետը» հայտնել է իրեն ֆինանսավորողի անունը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունների համար սովորություն է դարձել հակասական հայտարարություններ անելը. Մամուլ’