‘Իրաքի հետախուզությանը հայտնի է դարձել, որ ԻՊ-ն քիմիական զենք է մշակում’

1346

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ակտիվորեն քիմիական զենք արտադրելու հնարավորություններ է որոնում: Այդ նպատակով ԻՊ-ն ստորաբաժանում է ստեղծել, որն զբաղվում է փորձարկումներով այդ ոլորտում: Աշխատանքներում ներգրավված են գիտնականներ Իրաքից, Սիրիայից և այլ երկրներից, փոխանցում է Associated Press-ը՝ հղում անելով Իրաքի հետախուզության իր անանուն աղբյուրին:

Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հակիմ ալ-Զամիլին հետախուզության տվյալների հիման վրա նշել է, որ խմբավորումը կարողացել է ներգրավել արտասահմանցի փորձագետ-քիմիկոսների, այդ թվում՝ նրանց, ովքեր Սադամ Հուսեյնի նախագահության օրոք աշխատել են այժմ լուծարված Ռազմարդյունաբերական վարչությունում: Արտասահմանցի մասնագետների թվում կան նաև փորձագետներ Չեչնիայից և Հարավարևելյան Ասիայից: Պատգամավորը նաև նշել է, որ իր տվյալներով՝ հետազոտական լաբորատորիաները, փորձագետներն ու նյութերը Իրաքից տեղափոխվել են Սիրիայի տարածքում գտնվող «կահավորված վայրեր»: «ԻՊ-ն լրջորեն աշխատում է քիմիական զենքի, մասնավորապես՝ նյարդակաթվածահարող գազի արտադրության ուղղությամբ»,- ընդգծել է Ալ-Զամիլին:

Մինչդեռ ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ «Իսլամական պետությունը» հնարավորություն կունենա ժամանակակից զենք մշակելու, ինչպիսին նյարդակաթվածահարող գազն է, քանի որ նման փորձ կատարելու դեպքում ահաբեկիչները հենց իրենք կտուժեն: Եվրոպացի մի պաշտոնյա, ով կապ ունի հետախուզական աշխատանքների հետ, նշել է, որ ծայրահեղականներն առայժմ արտադրել են միայն մանանեխի գազ՝ իպրիտ, այն էլ՝ շատ քիչ քանակությամբ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավելի ու ավելի մեծ թվով մեքսիկացիներ են ԱՄՆ-ից վերադառնում հայրենիք’
Հաջորդ հոդվածը‘ԵԱ. 6-րդ տուրը հաղթական էր Հայաստանի հավաքականների համար’