‘Իրաքի ՌՕՈՒ-ի ավիահարվածների արդյունքում ԻՊ-ի առնվազն 60 գրոհային է սպանվել’

854

Իրաքի Թիքրիթ քաղաքում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին Իրաքի ՌՕՈՒ-ի հասցրած օդային հարվածների արդյունքում առնվազն 60 գրոհային է ոչնչացվել, հաղորդել է «Սքայ նյուս-Արաբիա» հեռուստատեսությունը: Օդային հարվածների են ենթարկվում Թիքրիթի հյուսիսային արվարձանները, որտեղ կենտրոնացած են քաղաքը վերահսկող իսլամիստների հիմնական ուժերը:

Ստացվող տեղեկատվության համաձայն՝ երեքշաբթի առավոտյան ԻՊ-ն սկսել է իր կազմավորումները դուրս բերել քաղաքից:

Անցյալ օրը կառավարական զորքերը, քրդական զինված խմբավորումների աջակցությամբ, զանգվածային գրոհ են սկսել Թիքրիթի ուղղությամբ, որը երկրի մայրաքաղաք Բաղդադից 130 կմ հեռավորության վրա է: Քաղաքի ազատագրմանը մասնակցում է մոտավորապես 30 հազար զինվոր: Գործողությունն անցնում է Իրանի ակտիվ աջակցությամբ, որը, բացի հրաձգային օժանդակությունից, նաև հրետանային կայաններ է տրամադրել: Իրաքյան ստորաբաժանումների հետ միասին՝ դիրքերում են իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի մարտիկները:

Թիքրիթը Իրաքի տապալված նախագահ Սադամ Հուսեյնի հայրենի քաղաքն է, այն ահաբեկիչները գրավել են անցյալ ամռանը, երբ «Իսլամական պետությունը» վերահսկողություն սահմանեց Իրաքի տարածքի մեկ երրորդի նկատմամբ: Իրաքի բանակի հրամանատարությունը Թիքրիթը համարում է հարթակ՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի վրա հարձակվելու համար, որը մինչև հիմա գտնվում է «Իսլամական պետության» ձեռքում: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Forbes. Բիլ Գեյթսը մնում է աշխարհի ամենահարուստ մարդը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ՊԻԴԾ-ն հաստատել է, որ ՀՀ ԱՆ-ից ստացել է Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ հայցը’