‘Իրկուտսկի ծննդատնից նորածին են առևանգել’

844

Իրկուտսկի ոստիկանությունը փնտրում է նորածին երեխայի, որին առևանգել են քաղաքի Իվանովո-Մատրենինյան հիվանդանոցից: Վերջին ամսվա ընթացքում սա նորածնի առևանգման երկրորդ դեպքն է: «Այսօր, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14-ին, հիվանդասենյակ է մտել սպիտակ խալաթով մի կին, բուժքրոջը ներկայացել որպես նորածնի մայր և հայտնել, որ բուժող բժշկի նշանակմամբ՝ երեխային պետք է տանի հետազոտման, որից հետո նորածնի հետ միասին հեռացել է անհայտ ուղղությամբ»,-  ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդել են Իրկուտսկի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունից:

Ոստիկանության տվյալներով՝ աղջնակի մայրը Իրկուտսկի 32-ամյա  բնակիչ է, նախկինում դատված: Երեխան լույս աշխարհ է եկել 2012 թ. դեկտեմբերի 19-ին, և մինչ օրս մայրը նրան ոչ մի անգամ չի այցելել: Նա ժխտում է իր առնչությունը երեխայի առևանգմանը: Ոստիկանության աշխատակիցները հետազոտում են տեսախցիկների նկարահանումները և նորածնի որոնումներում օգնելու համար պարգևավճար են խոստացել:

 Անցյալ տարվա դեկտեմբերին Իրկուտսկում նմանատիպ հանգամանքներում դարձյալ նորածին աղջկա էին առևանգել, որին ոստիկանության աշխատակիցները մի քանի ժամ անց գտել էին առևանգած կանանց մոտ, որոնցից մեկն ամեն կերպ ուզում էր ներկայանալ որպես երեխայի մայր: 

Նախորդ հոդվածը‘Իսրայելի պաշտպանության նախարարության հարևանությամբ պայթյուն է որոտացել’
Հաջորդ հոդվածը‘Կրթաթոշակների մրցույթ 1 և 2-րդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար’