‘Ի լրումն «Ռոբերտ Քոչարյանի ինքնարդարացման հերթական խղճուկ փորձը» հոդվածի ‘

4103

Երեկ iLur.am-ը հրապարակել էր «Ռոբերտ Քոչարյանի ինքնարդարացման խղճուկ փորձը» վերնագրով հոդվածը՝ վերջում զետեղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի՝ 2010թ. մարտին արած հայտարարությունն այն մասին, թե «Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը»։ 

Ժամանակին անվիճարկելի այս փաստն արձանագրել են ոչ միայն Մինսկյան գործընթացում անմիջապես մասնակցող, այլեւ հայաստանյան եւ ղարաբաղյան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց պաշտոնի բերմամբ քաջածանոթ էին սույն իրողությանը։
Ստորեւ ձեզ ենք ներկայացնում մի քանի այդօրինակ արձանագրումներ։ Խոսքը բոլոր դեպքերում վերաբերում է Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմի միջազգային մանդատին՝ «վետոյի» իրավունքով, չնայած՝ ոմանք անփութորեն դրա փոխարեն գործածում են «բանակցային կողմ» եզրույթը, ինչը, սակայն, տվյալ կոնտեքստերում հստակորեն հակամարտության կողմի մանդատի մասին է։

Արկադի Ղուկասյան

(ԼՂՀ նախագահ, 2006 թ.) 

«1992թ. սկսած՝ ընթանում էր ակտիվ բանակցային գործընթաց ԵԱՀԽ-ի (այժմյան ԵԱՀԿ-ն) շրջանակներում: ԼՂ-ն մասնակցում էր բոլոր բանակցություններին: 1998թ. բանակցային գործընթացը գործնականում դադարեցվեց: Այսօր վարվում է մաքոքային դիվանագիտություն. ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ժամանում են տարածաշրջան, խորհրդակցում հակամարտող կողմերի հետ, սակայն գործընթացը, որպես այդպիսին, բացակայում է: Այդ գործընթացի շրջանակից դուրս հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները»: 

Գառնիկ Իսագուլյան  

(Քոչարյանի օրոք՝ Հայաստանի նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական, 2011 թ.)  

«Մյուս զիջումն, ըստ ԱԺ-ում ՀՀ  նախագահի ներկայացուցչի, այն է, որ 1998 թվականին Հայաստանը, Ադրբեջանի վախը չեզոքացնելու համար, բանակցությունների ֆորմատից դուրս թողեց ԼՂՀ-ին, եւ Հայաստանը ներկայացրեց թե’ իրեն, թե’ ԼՂՀ-ն: «Սրանից հետո էլ Ադրբեջանի դիրքորոշումը չփոխվեց, եւ Ադրբեջանը Հայաստանին միջազգային հանրությանը ներկայացրեց որպես ագրեսոր, ԼՂ խնդիրը` որպես կոնֆլիկտ երկու կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ մոռանալով, որ հիմնական հակամարտող կողմը ԼՂՀ-ն է»:

Արամ Ավետիսյան

(ԱՄՆ-ում ԼՂՀ գրասենյակի խորհրդական, 2014 թ.)

«Բանակցություններն արդյունք չեն տալիս, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է վերադառնալ նախքան 1998-ը գործած ձևաչափին, երբ մասնակից կողմ էր նաև ԼՂՀ-ն»:

Բեռնար Ֆասիե

(ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, 2008 թ.) 

«ԼՂՀի հեռացումը բանակցություններից չի եղել համանախագահների որոշումը: Նախքան Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալը, Ղարաբաղը բանակցային կողմերից մեկն էր, սակայն նրա՝ Հայաստանի նախագահ ընտրվելուց հետո որոշում ընդունվեց այն մասին, որ Հայաստանն ավելի լավ կներկայացնի Ղարաբաղի դիրքորոշումները»:

Կարեն Միրզոյան

(ԼՂՀ ԱԳ նախարար, 2014 թ.)  

«Հիրավի, Արցախը եղել է բանակցային գործընթացի լիարժեք մասնակից մինչև 1998 թվականը։ Հետագայում, կապված գործընթացի դինամիկայի հետ, կապված այն փաստաթղթերի փոփոխության հետ, որոնք այդ պահին բանակցային սեղանին էին, և ամենից առաջ՝ Ադրբեջանի դիրքորոշման հետևանքով, Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից»։ 

Գեորգի Պետրոսյան

(ԼՂՀ ԱԳ նախարար, 2009 թ.) 

«Ղարաբաղյան կողմը ամբողջությամբ անտեսված է բանակցային գործընթացում, այնինչ մինչեւ 1998 թվականը միջնորդների բոլոր առաջարկներն ուղարկվում էին Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ, եւ բանակցությունները ունեին եռակողմ ձեւաչափ»:

 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» մտադիր չէ իր մարզադաշտը տրամադրել Իսպանիայի գավաթի եզրափակչի համար’
Հաջորդ հոդվածը‘«Համբուրգ» — «Բորուսսիա». Դորտմունդցիների հավանական կազմը’