Ի պատասխան Հրանտ Տեր-Աբրահամյանի արձագանքի

2019

Հրանտ Տեր-Աբրահամյանն արձագանքել է վերջին գրառմանս, որպես հակափաստարկ բերելով ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, այլ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի տպավորությունները, որոնք տեղ են գտել Պետդեպարտամենտի՝ օրերս գաղտնազերծած մի փաստաթղթում:

Բանից պարզվում է, որ Տեր-Աբրահամյանը ոչ միայն բացարձակապես չի տիրապետում Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, այլ նաև անգլերեն լեզվին: Նշված փաստաթղթում Մադլեն Օլբրայթը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին ասել է հետևյալը. «The Secretary said, she understood Armenian President Ter-Petrossian wanted a Russian troop presence, but this could be possible within an international military group». Թարգմանություն. «Պետքարտուղարն ասաց, թե ինքը հասկացել է, որ Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը ցանկանում է ռուսական զորքի ներկայությունը, բայց դա հնարավոր է միջազգային ռազմական խմբավորման կազմում»:

Նախագահ Տեր-Պետրոսյանը պատասխանատու է բացառապես իր խոսքերի, այլ ոչ թե որևէ մեկի, թեկուզ ԱՄՆ Պետքարտուղարի ընկալման կամ տպավորության համար:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման խնդրին, ապա հարկ եմ համարում կրկնել. Ղարաբաղյան խնդրի կարգավորման 1997 թ. թե՜ Փաթեթային, թե՛ Փուլային տարբերակներում, որոնց, ի դեմս նախագահ Տեր-Պետրոսյանի, պաշտոնապես համաձայնություն է տվել Հայաստանը, հստակորեն արձանագրված է, որ զորքերի ետքաշումներից հետո հակամարտության բաժանարար գոտում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր՝ սկզբունք, որն ի դեպ, ժամանակին հաստատվել է 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի բանաձևում:

Արման Մուսինյան

ՀՀ Առաջին նախագահի խոսնակ

Նախորդ հոդվածըԹուրքիայի իշխող կուսակցություն․ ընտրությունների հետաձգումը չի քննարկվում
Հաջորդ հոդվածըԶինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում