Ի սկզբանե էր․ Ալիք Մեդիա

1075

«Նավից՝ պարահանդես»… 1990-ի երեւանյան շոգ ամռան մի օր, եթե հիշողությունս չի դավաճանում՝ հուլիսի 20-ին էր, այդ զգացողությունն ունեցա, երբ Մելիք-Ադամյան փողոցի վրա կառավարության մասնաշենքի հերթապահ միլիցիոները պատվի բռնեց եւ ցույց տվեց Գերագույն խորհրդի ընտրված պատգամավորների գրանցման սեղանը:

Առաջին հարկի ճեմասրահում մարդկանց «բրոունյան շարժում» էր: Այդ բազմության մեջ երբեմն նկատվում էին լուսանկարներից ծանոթ դեմքեր՝ գրողներ, գիտնականներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ: Նրանք ծխում, ոտքի վրա սուրճ կամ լոլիկի հյութ էին խմում, մոտենում՝ ողջունում էին նոր ներս մտած մեկին: Այդ «արշակավանի» միալար բզզոցը երբեմն-երբեմն ընդհատվում էր հոմերական քրքիջով. բուֆետին մոտ հատվածում Սերո Խանզադյանը հերթական անեկդոտը կամ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարից մի կուրյոզ դեպք էր պատմում, եւ լսողները ծիծաղից գալարվում էին:

Այս էր: Ես Երեւանը գիտեի մանկության տարիներից, եւ դա մաքուր, փողոցները ջրցանած, թարմ աղացած սուրճ բուրող եւ չամիչով բուլկի ուտելով տատիս հետ շուկայից Արզումանյան 36 հասցեի չորրորդ հարկի երկսենյականոց բնակարան վերադառնալու, Հրազդանի կիրճում զարմիկներով ցայվելու հաճույքների քաղաք էր, որտեղ ապրում էին շա՜տ նշանավոր մարդիկ:

Եւ՝ խնդրեմ, ահա նրանք կառավարության մասնաշենքի առաջին հարկի ճեմասրահում են, կողքիդ: Կարող ես մոտենալ եւ Վարդգես Պետրոսյանին հիշեցնել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գրողական համաժողովը եւ ասել, որ դու այն ուսանողն ես, ում հրավիրատոմսի վրա, երբ դու հարցրիր, թե «Էսքիզներում» ինչո՞ւ միայն մի կարճ դրվագով է անդրադարձել Արցախին, թաց աչքերը դեմքիդ սեւեռած՝ ինքը փութկոտ ձեռագրով պատվիրանել է. «Եթե անգամ դու գնաս Ղարաբաղից, Ղարաբաղը չի գնա քեզանից», բայց դա անքաղաքավարություն եւ մարդու կյանք ներխուժելու նման կլիներ:

Գերադասելի էր կողքից նայել եւ քո ներսում հպարտանալ, որ երեկ գյուղում էիր, մարզային թերթի համար հերթական հոդվածն էիր գրում, փոստատար Գավոն կանչեց եւ մի «կայծակ» հեռագիր տվեց ձեռքդ, որ, ուրեմն, Երեւանում աշխատանքներն է սկսում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը եւ էլի ինչ-որ բաներ՝ գործուղման ծախսերի փոխհատուցման, ինքնաթիռի տոմսի, հյուրանոցում պատվիրված սենյակի մասին, իսկ այսօր, ահա, այստեղ ես եւ կես քայլի հեռավորությունից տեսնում ես, որ Սերո Խանզադյանը շոգ օրով կոստյոմ-փողկապով է, եւ նրա ձախ կրծքին ճեմասրահի անարեւալույս անկյունում փայլ է տալիս, շողշողում եւ քեզ վստահություն է ներշնչում սոցիալիստական աշխատանքի հերոսի ոսկե աստղը:

Այդ «արշակավանում» հաջո՞րդ, թե երրո՞րդ կամ գուցե՝ չորրորդ-հինգերորդ օրն ուսիս մի ջղուտ ձեռքի հպում զգացի: Շրջվեցի: Բարձրահասակ, ճամփորդական սեւ պայուսակով՝ անփողկապ, ամառային անթեւ շապիկով, գոտին՝ ձիգ, իմ դիմաց աչքի մեկը կկոցած՝ Ինքը՝ Հրանտ Մաթեւոսյան մեծությունն էր: Անցած աշնանը նա Ստեփանակերտ էր եկել: Մաքսիմ Հովհաննիսյանը «Խորհրդային Ղարաբաղի» խմբագրի, մեր տան, հորս վաղեմի բարեկամի իրավունքով զանգել-պատվիրել էր, որ Հրանտի հետ Գանձասարը տեսնելու է գալիս: Մնացածը հասկանալի էր:

Այդ օրվա մի երկու դրվագ ինչ-որ տեղ պատմել եմ, եթե հասցնեմ՝ ամբողջականը կգրեմ: Արտառոցը կառավարության մասնաշենքի ճեմասրահի շողշողուն դեմքերի այդ խառնարանում Մաթեւոսյան մեծից ճանաչվելն էր, ձեռքն ուսիս դնելու, ջղուտ սեղմելու այդ մտերմությունը եւ «արի քեզ տանեմ Ահնիձոր» հրավերը: Իմ գյուղի տնավարի սեղանի, սինդրիկի թթվի եւ դամբուլի տրաքտրաքող արաղի հյուրընկալությունն, ահա, ուզում էր փոխադարձել Ահնիձորով:

Այդ ամռան գերագույն վայելքն, ահա, հաջորդ օրը ճանմփորդական սեւ պայուսակից Հրանտ Մաթեւոսյան մեծից բուֆետի սեղանիկին դրված ահնիձորյան մաքուր օղին էր, որ տաք նրբերշիկներով խմվեց: Դուրսը հռնդում էր երեւանյան կատաղի շոգը, երկրորդ հարկի ճեմասրահի կողնակներում ազգի բարձրագույն իշխանության հարցն էր լուծվում, եւ ինքը, կարծես, որոշողներից որոշողը կամ նրանցից մեկը պիտի լիներ կամ՝ հենց էր, բայց իրենից թանկ ժամանակ էր խլել՝ անցյալ աշնան հյուրընկալությունը մի շիշ տնական օղիով, կառավարական բուֆետի՝ դրսերում արդեն չգտնվող ուտեստներով փոխադարձելու եւ երեսուն տարեկան բանասեր-լրագրողիս առաջ դժգոհելու, որ Կոմիտաս վարդապետը կյանքում, ախր, բոլորովին էլ այն չի եղել, ինչ միջին վիճակագրական հայը գիտի «Պարույրի ,,Անլռելի զանգակատնով»: Եւ՝ որ առանձին թուրքը վտանգ չէ, նույնիսկ կարգին մարդ է, ահավորը թուրքի ամբոխացումն է:

Ազգընտիր Գերագույն խորհուրդն ունե՞ր այդ տագնապը: Չգիտեմ: Եւ որովհետեւ հետագա օրերին, ամիսներին Հրանտ Մաթեւոսյան մեծությունն ավելի ու ավելի հազվադեպ էր երեւում նիստերի դահլիճում, եկած ժամերին էլ միայն լռում էր, ինքս ինձ աննկատ դուրս քաշեցի քաղաքական հորձանուտից: Օտարումն ի սկզբանե էր, եթե նույն՝ արցախյան, պատգամավորական խմբի մի մասը ճաշում էր ինքնասպասարկման սրահում, մյուսը՝ «Էրեբունի» կամ «Երեւան» հյուրանոցի ռեստորաններում: Մեկին ընդհանուր համար էր նախատեսված՝ 50-ական թվականների սվաղած լոգարանով, մյուսին՝ երկսենյականոց «ապարտամենտ»:

Բայց սա ինչո՞ւ հիշեցի: Այո, Վանո Սիրադեղյանի համար: Կարո՞ղ էր կողմ քաշվել: Չգիտեմ, նրա մարդկային էությանը ծանոթ չեմ, բայց, երեւի, մեր ժողովրդին բնորոշ է՝ ճակատագրական պահին լավերին հորձանուտը մղել, հետո նրանց վրիպումների վրա արդարանալ: Թուրքի ամբոխացումն, ահա, իր համար նոր սահմաններ է տեսնում, մերը՝ ջնջում գոնե հարաբերական համախմբվածության բոլոր հետքերն ու հիշատակները:

Այս օրերին ինձ թույլ տվեցի թերթել ֆեյսբուքաարցախահայության գրող-բանասեր-մտավորական հատվածի տասնյակ երեւելիների էջերը: Միայն մեկ գրառման հանդիպեցի՝ արձակագիր Կիմ Գաբրիելյանն էր անդրադարձել Վանո Սիրադեղյան անհատականությանը: Լավ է գրել, կեցցե Կիմը: Կարելի է ուրանալ, որ 1993-ի ծանրաձմեռ տարում արյունաքամվող Արցախին Լաչինի միջանցքով հաց է հասցրել Վանո Սիրադեղյան ՆԳՆ նախարարը, բայց, մարդ աստծո, գրող է չէ՞ հեռացել կյանքից: Թուրքն ամբոխանում է անհատի շուրջ, լինի Մուստաֆա Քեմալ, թե Հեյդար Ալիեւ: Մենք անհատին սպանում, հետո նրան մեղադրում ենք, թե «չկարողացավ համախմբել»:

Ի սկզբանե է հայոց օտարումը…

Ալիք Մեդիա

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

Նախորդ հոդվածը«Պատառիկներ» շարքից հատվածներ՝ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ
Հաջորդ հոդվածըԷրդողան․ Աշխարհի ճակատագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթողների «կույտը» չպիտի որոշի