‘Լավրով. Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը հարիր չեն հպարտ հայ ժողովրդին’

2354

Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են, 2014 թ. ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք տեսնում ենք այս իրավիճակը քաղաքականացնելու փորձեր: Քիչ չէ այս ողբերգությունն աշխարհաքաղաքական ինչ-ինչ առավելություններ ստանալու համար օգտագործել ցանկացողների թիվը: Դա նողկալի է, դա անթույլատրելի է, ինչը հարիր չէ հպարտ հայ ժողովրդին»,- ասել է Լավրովը:

Նա հավաստիացրել է, որ ռուսական կողմից կարվի հնարավոր ամեն բան, որպեսզի այդ հանցագործությունն անպատիժ չմնա, որպեսզի մեղավորն ամենախիստ պատիժը կրի: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման բան այսուհետ չկրկնվի»,- ասել է Լվարովը` ավելացնելով, որ ռուս-հայկական հարաբերություններն ստեղծված իրավիճակից չեն տուժի:

Լավրովը նաև հայտնել է, որ հայ ընտանիքի սպանության համար մեղադրվող Պերմյակովի դատը կլինի առավելագույնս բաց, և համարժեք դատավճիռ  կկայացվի: «Մենք հաստատում ենք, որ դատավարությունն անցկացվելու է Հայաստանի տարածքում: Այն կլինի առավելագույնս բաց, համատեղ: Վստահ եմ, որ դատարանը շատ արագ օբյեկտիվ ու համարժեք վճիռ կկայացնի կատարված սարսափելի հանցագործության համար»:

Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Reuters-ը պարզաբանում է պահանջում բրիտանական հետախուզությունից’
Հաջորդ հոդվածը‘Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք է առաջադրել’