‘Լարված իրավիճակ ոստիկանության բաժանմունքի մոտ’

1291

Ինչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ էներգիայի թանկացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունում բերման է ենթարկվել 20-ից ավելի քաղաքացի:

Ինչպես հաղորդում է iLur.am թղթակիցը, ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ հավաքված են մեծ թվով քաղաքացիներ, որոնք պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին: «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները քննարկում են նստացույց սկսելու հարցը: 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից iLur.am-ին տեղեկացրին, որ բերման է ենթարկվել 27 քաղաքացի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Հոդվածով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 դրամ):

Մեր այն հարցին էլ, թե ինչու ազատ չեն արձակվել մինչեւ հիմա, քանի որ երեք ժամը լրացել է, ոստիկանությունից պաստասխանել են. «Ումը լրացել է, արդեն դուրս են գալիս»:

Ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք է այցելել Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, ինչպես նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Հ.Գ. Նյութը արդեն հրապարակված էր, երբ հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածներից մոտ 10 հոգի ազատ են արձակվել:

Նախորդ հոդվածը‘Նոր խոչընդոտներ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողի մահվան կապակցությամբ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները’