‘Լեհաստանը հիասթափված է ԵՄ-ի հետ ասոցացումից Ուկրաինայի հրաժարվելու որոշման կապակցությամբ’

836

Վիլնյուսի գագաթնաժողովում  ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու՝ Ուկրաինայի կառավարության որոշումը հիասթափեցրել է Լեհաստանին, այս մասին այսօր  հայտարարել է Լեհաստանի արտաքին գործոց նախարար Ռադոսլավ Սիկորսկին: «Լեհաստանը, ինչպես և ամբողջ Եվրամիությունը, հիասթափված է, որ Ուկրաինան հրաժարվել է համաձայնագրի ստորագրումից և պատրաստ չէ ջանքեր գործադրել մոդեռնիզացիայի ուղղությամբ»,- սեյմում լրագրողներին տեղեկացրել է Լեհաստանի ԱԳՆ նախարարը: Սիկորսկին հիշեցրել է, որ այն փաստաթղթի տեքստը, որը պետք է ստորագրվեր եկող շաբաթ, պատրաստվել է Եվրամիությունում Լեհաստանի նախագահության ընթացքում: «Այն դեռևս պատրաստ է ստորագրման՝ եթե Ուկրաինան նորից պատրաստ լինի բարեփոխել իր տնտեսությունը և եվրոպականացնել իր պետությունը»,- նշել է նախարարը:

Այսօր առավոտյան հրապարակվել է նաև Լեհաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը, որում ասվում է, թե Լեհաստանը հարգում է Ուկրաինայի ինքնիշխան որոշումը, սակայն ափսոսանք է հայտնում, որ այդ որոշումը կայացվել է «վերջնագծում»: «Այդ որոշման պատասխանատվությունը կրում է բացառապես Ուկրաինայի ղեկավարությունը: Լեհաստանը և Եվրոպական Միությունը պատրաստ էին հեռուն գնացող փոխզիջումների: Լեհաստանը կշարունակի բարիդրացիական հարաբերություններ կառուցել Ուկրաինայի հետ և եվրոպամետ տրամադրություններ զարգացնել հանրության շրջանում », ասված է հայտարարությունում, փոխանցում է ria.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Հրիստեա. ԵՄ կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո’
Հաջորդ հոդվածը‘Գեորգի Մարգվելաշվիլի. Վրաստանը գագաթնաժողովի է գնում շատ լավ արդյունքներով’