Լեհաստանի բնակիչներին կոչ են անում ցրտից պաշտպանել Բելառուսից սահմանն անցած ներգաղթյալներին

389

Լեհ իրավաբան Կամիլ Սիլլերը Լեհաստանի սահմանակից շրջանների բնակիչներին կոչ է անում իերնց տներում կանաչ լույս վառել՝ ի նշան այն բանի, որ տանտերերը պատրաստ են ապաստան տալ անօրինական ներգաղթյալներին, որոնք սահմանը հատել են Բելառուսից։

Սիլլերը բելառուսական սահմանից հինգ կմ հեռու է ապրում, նրա պատմելով՝ լեհական տարածք անցնելուց հետո շատ ներգաղթյալներ թաքնվում են անտառում, ընդ որում՝ օդի ջերմաստիճանը զրոյից ցածր է լինում։ Վերջին շաբաթվա ընթացքում սահմանի մոտ մահացել է առնվազն հինգ ներգաղթյալ, հավանաբար՝ ցրտահարությունից։

Սիլլերը Facebook-ում էջ է բացել, որտեղ անգլերեն, լեհերեն, ֆրանսերեն, արաբերեն և քրդերեն լեզուներով փախստականների համար տեղեկատվություն կա, թե կանաչ լապտերներով տներում նրանք կարող են ստանալ ուտելիք, պարզ բուժօգնություն, տաքանալ և լիցքավորել բջջային հեռախոսը։ «Մենք ձեզ չենք կարող օգնել թաքնվել կամ չենք կարող օժանդակել, որ շարունակեք ձեր ճամփորդությունը։ Մենք միայն ձեզ կօգնենք ողջ մնալ՝ կարիքավորների հետ համերաշխությունից ելնելով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վարշավայում կիրակի օրը զանգվածային ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն միգրանտների իրավունքների, իսկ լեհական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ միայն մեկ օրում արձանագրվել է սահմանն ապօրինաբար անցնելու ավելի քան 500 դեպք։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Բենզեմային
Հաջորդ հոդվածըCovid-19-ի դրական թեստի պատճառով Վահագն Դավթյանը հնարավոր է բաց թողնի Աշխարհի առաջնությունը