‘Լեհ ազգայնականները Վարշավայում գրոհել են Ռուսաստանի դեսպանատունը ‘

865

Լեհաստանի անկախության օրվա առթիվ անցկացվող երթը Վարշավայում ավարտվել է անկարգություններով: Ոստիկանությունը ազգայնականների և աջ ծայահեղականների ցույցը ցրելու համար ստիպված է եղել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառել: Մի քանի հոգի փորձել են ներխուժել քաղաքի կենտրոնից հեռու գտնվող՝ Ռուսաստանի դեսպանատան տարածք, սակայն ոստիկանությունը խոչընդոտել է: Ոստիկանությունում հայտնել են մի քանի տասնյակ ձերբակալվածների, այդ թվում՝ նաև դեսպանատան տարածք ներխուժելու փորձ անող ցուցարարների մասին: Լեհական զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ ցուցարարները դեսպանատան շենքի ուղղությամբ քարեր են նետել, փորձել են կոտրել դարպասները և այրել են պահակակետային խցիկը: France-Presse գործակալության տեղեկությունների համաձայն՝ երթին մասնակցել է առնվազն 50 հազար մարդ: Հիմնականում սևազգեստ ցուցարարները դրոշներ են ծածանել և վանկարկել՝ «Աստված, պատիվ, հայրենիք»: Այնուհետև երթից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ և սկսել են մեքենաներ այրել, ապա հրկիզել են հանդուրժողականություն խորհրդանշող  ծիածանագույն կամարը, քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ զանազան վնասվածքներով հոսպիտալացվել են հինգ ոստիկաններ և մի քանի պատահական անցորդներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Интерфакс»-ը տեղեկացնում է, որ «Վարշավայում ռուսաստանյան դեսպանատան նկատմամբ անկարգությունների կապակցությամբ Ռուսաստանում Լեհաստանի դեսպան Վոյցեխ Զայոնչկովսկին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնել է ԼՂՀ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը վստահ է, որ համաձայնություն ձեռք կբերի Իրանի հետ’