‘Լեհ հնագետները հետաքրքիր հայտնագործություններ են կատարել Հայաստանում պեղումների ընթացքում’

1405

Լեհ հնագետները հետաքրքիր հայտնագործություններ են կատարել Հայաստանում պեղումների ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Nauka w Polsce»-ն, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի հնագետները ապացույցներ են հայտնաբերել հնագույն Մեծամոր քաղաքի գրավման և ավերման վերաբերյալ, որը Երևանի մերձակայքի ամենահայտնի հնագիտական հուշարձաններից է:

 

Ինչպես պատմել է նախագծի ղեկավար Քշիշտոֆ Յակուբյակը, հետազոտական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են կրակի հետքեր և մոխրի շերտեր: Ամենայն հավանականությամբ, քաղաքը գրավվել է Ուրարտուի տիրակալ Արգիշտի I-ի բանակի կողմից:  Լեհ հնագետների հետազոտությունների արդյունքները վկայում են կատաղի մարտերի մասին: Այսպես, հայտնաբերվել է 30 տարեկան կնոջ կմախք` գլխատված, ինչպես նաև կոտրած գանգով մարդու կմախք: «Կարծում ենք, որ նրանք սպանվել են քաղաքի վրա հարձակման ժամանակ»,- հավելել է Յակուբյակը:

Հետազոտողների ուշադրությունը գրավել է գտնված պատմական օբյեկտների փոքր քանակությունը, ինչը կարող է վկայել թալանի ծավալների մասին: Ընդ որում նվաճման ընթացքում չեն խնայել նույնիսկ սրբավայրերը. հնագետները հայտնաբերել են փոքրիկ քաղաքային սրբավայր, որը թալանվել է ներխուժման ժամանակ:

Լեհ հնագետները Մեծամորում պեղումներն սկսել են 2013 թվականին: Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի և Մշակույթի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ:

Մեծամորը գտնվում է Երևանից 35 կմ դեպի հարավ-արևմուտք: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ ծաղկման շրջանում (մ.թ.ա. 4-րդ — 2-րդ հազարամյակներում) բնակավայրն զբաղեցրել է ավելի քան 10 հա տարածք, ունեցել  է կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ:

Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները:

Պեղումների ընթացքում հայտնաբերված պատերազմների, ավերածությունների և հրդեհների հետքերը ժամանակի առումով համընկնում են մ.թ.ա. 8-րդ դարի սկզբին Վանի թագավորության կողմից Արարատյան հարթավայրի նվաճմանը: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Ծեծի ընթացքում ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես». Առավոտ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ՊՆ-ն հերքում է իբր հայկական դիվերսիոն խմբի ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի տեղեկատվությունը’