‘Լենոնի կիթառի մեկնարկային գինը խրտնեցրել է հավաքորդներին’

994

Ջոն Լենոնի Gretsch 6120 կիթառը չի գտել իր գնորդին Լոնդոնի աճուրդում: Երաժշտական գործիքի մեկնարկային գինը եղել է 400 հազար ֆունտ սթեռլինգ, հաղորդել է РИА Новости գործակալությունը:

Երաժշտական այդ հազվագյուտ իրն աճուրդի է հանել Լենոնի զարմիկը, ով կիթառը Լենոնից նվեր է ստացել 1967 թ., երբ ինքն ընդամենը 19 տարեկան է եղել, իսկ Լենոնը՝ 27:

Աճուրդի տան ներկայացուցիչների կարծիքով՝ կիթառը վերջին 30 տարիների ընթացքում The Beatles խմբին պատկանող ամենաթանկարժեք իրն է, որ դրվել է աճուրդի: Մասնագետներն այն գնահատել են 400-600 հազար ֆունտ սթեռլինգ:

Բացի Լենոնի կիթառից՝ աճուրդում ներկայացվել են լիվերպուլյան քառյակին պատկանող ևս 100-ի չափ առարկաներ՝ ձայնասկավառակներ, պաստառներ, սվիտեր, Ջոն Լենոնի ականջակալները, քառյակի ինքնագրերը, The Beatles-ի համերգների ծրագրերն ու տոմսերը:

The Beatles-ի հետ կապված իրերը հավաքածուների համար մեծ արժեք ունեն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘Սքոթլանդ-Յարդի ղեկավար. Լոնդոնում կանխվել է ահաբեկչական հինգ գործողություն’