‘Լենս Արմստրոնգ. Հասկանում եմ, որ դավաճանել եմ մարդկանց’

969

Հանրահայտ ամերիկացի հեծանվորդ Լենս Արմստրոնգը հրապարակավ խոստովանել է, որ խթանիչներ է օգտագերծել: Այդ մասին նա ասել է հայտնի հեռուսահաղորդավար Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում, որը հեռարձակվել է OWN հեռուստաընկերությամբ:

Արմստրոնգը նաեւ հայտարարել է, որ յոթ անգամ հաղթել ամենահեղինակավոր՝« Տուր դե Ֆրանս» մրցաշարում առանց խթանիչներ օգտագործելու անհնար է: Միեւնույն ժամանակ, Արմստրոնգը հերքել է այն մեղադրանքները, թե ինքը երբեւիցե իր հեծանվային թիմի ընկերներին պարտադրել է խթանիչներ օգտագործել:

Նա նաեւ նշել է, որ խթանիչներ չի օգտագործել 2009 եւ 2010թթ. «Տուր դե Ֆրանսի» ժամանակ: «Ես ամբողջությամբ խոստովանում եմ, որ խթանիչներ եմ օգտագործել 1999-2005 թվականներին: Սակայն երբ ես 2009թ. վերադարձա սպորտ, խթանիչներ չէի օգտագործում»,- ասել է Արմստրոնգը:

Հեծանվորդը նաեւ հայտարարել է, որ նա չունի այն հարցի պատասխանը, թե ինչու է տարիներ շարունակ ստել՝ հերքելով խթանիչներ օգտագործելու մասին բոլոր մեղադրանքները. «Ես այդ իրավիճակը դիտարկում եմ որպես մեկ ամբողջական սուտ, որը կրկնել եմ բազմիցս: Ամբողջ մեղքն այս հարցում իմն է»: Հարցազրույցի ժամանակ նա այս խարդախության հետ կապված այլ անուններ չի հիշատակել:

Արմստրոնգը խոստովանել է, որ հանուն հաղթանակի պատրաստ էր ամեն ինչի, նույնիսկ խթանիչներ օգագործելուն: «Ինձ համար հաղթանակը կարեւոր է: Ես նախկինի պես սիրում եմ հաղթել, բայց այժմ այդ հարցին այլ կերպ եմ մոտենում»,- քմծիծաղով ասել է նա:

Մարզիկը նաեւ նշել է, որ այն ժամանակ, երբ խթանիչներ էր օգտագործում, չէր զգում, որ սխալ է գործում եւ չէր համարում, թե ինչ որ մեկին խաբում է: Նա խթանիչները դիտարկել է որպես «պայքարի միջոց», հաջողության գրավականներից մեկը:

Իր խոսքով, նա կյանքի մնացած հատվածում փորձելու է վերականգնել իր հանդեպ մարդկանց վստահությունը: «Կարեւորն այն է, որ այժմ սկսում եմ հասկանալ: Ես տեսնում եմ մարդկանց զայրույթը, հասկանում, որ դավաճանել եմ մարդկանց: Դրանք այն մարդիկ են, ովքեր աջակցել եւ հավատացել են ինձ, եւ նրանք լիովին իրավունք ունեն իրենց դավաճանված զգալ: Ամբողջ կյանքս կծախսեմ, որպեսզի վերադարձնեմ նրանց վստահությունը»,- նշել է հեծանվորդը:

Սա 41-ամյա Արմստրոնգի առաջին հարցազրույցն էր այն բանից հետո, երբ 2012թ. հոկտեմբերին նա զրկվեց «Տուր դե Ֆրանսի» յոթ տիտղոսներից եւ ցմահ որակազրկվեց:

Նշենք, որ Արմստրոնգի դոպինգ սկանդալը դարձավ վերջին 10 տարիների ընթացքում խոշորագույնը համաշխարհային սպորտում:

Նախորդ հոդվածը‘«Ամանորյա սերենադ օդանավակայանում կամ 6/8 24 365». Ստեփանակերտի օդանավակայանի վիրտուալ առօրյան (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յուլիա Տիմոշենկոն կասկածվում է սպանության մեջ, նրան ցմահ ազատազրկում է սպառնում’