‘Լեւոն Բարսեղյան. Չեբուրաշկա-3-ին սպասելիս’

1180

Գյումրու թատերական հրապարակը դառել էր Ստալինգրադը 1943 թվի. նենգ ձյունը գալիս էր ու գալիս, իսկ պլացդարմի պաշտպանները` պայքարում էին ձյան դեմ ու պայքարը տեւեց մինչեւ վերջին րոպեն, հաղթեցին իհարկե. կարմիրները միշտ հաղթում են:

Սերժ Սարգսյանին Գյումրիում ընդունելու իմաստնությունը մի ամբողջ շարք պաշտոնյաների համար Թատերական հրապարակը ձնից ու կեղտից մաքրելու մեջ էր ամփոփված, չհաշված, իհարկե, վարչական մատերիալը` գաղտնի բանավոր հրամաններով հանդիպման քշելը: Կասկածներ կան, որ առավոտյան, մինչեւ ժամանումը, թատերական հրապարակը ոչ թե ավլելու եւ սրբելու են, այլ լիզելու եւ լպստելու են արդեն ծնկաչոք, էն զորամաս գնացող գեներալներից առաջ, որ անում են, հենց դրա նման, ով գիտե` քանի ավել, բահ ու լինգ վարի գնաց էդ պայքարում, համ էլ տեղացիք միշտ դիրքային առավելություն են ունենում նման դեպքերում: 15 օր շարունական քաղաքապատերանն իր ամբողջ տեխնիկական ու մասնագիտական զորությունը` կամավոր Չուբար Զարգարյանի գլխավորությամբ կենտրոնացրել էր Գյումրու թատերական հրապարակի մետրանոց ձյունն ու սառույցը մաքրելու վրա, քաղաքի մնացած փողոցները թողել ցեխ ու սառույցի մեջ, թող ընկնեն ոտուձեռ ջարդեն քաղքցիք, «…ըսինք` գալիս ենք փոփոխություններ անելու, խոմ` չզոռինք…», մոտավորապես, իրենք գիտեն, թե իրենց առաջնորդը ո՛ր ճամփեքով է գալու եւ գնալու: Մնացածը` մինչեւ ապրիլ, ոնց էլ լինի` կհալվի կգնա, Նապոլեոնի զորքն էլ հո չմնաց …:

Սարգսյանն, իհարկե, չի իմանա այս գոտեմարտի մասին ոչինչ, չի իմանա, որ Գյումրիում նորից կարմիրներն են կրել, նրանք, ովքեր, ճշմարիտ է, մի 20 տարի առաջ կուսակցական տոմսերը վար դրեցին մի մոմենտ, բայց հոգով չհանձնվեցին, պայքարեցին, մաքառեցին, համառ եւ համբերատար եղան, գրիպի վիրուսն հաղթահարելու պես հաղթահարեցին ազատության եւ ժողովրդաիշխանության օտար հողմերի բերած վիրուսներն ու նորերը կոխեցին ծոցաջեբերը, մեջն ուրիշ կուսակցություն էր գրած, բայց դե կարդացողն ո՞վ էր, կարեւորը, ոգին է` թափով, ամբողջական, միահամուռ, համաձայն եւ համերաշխ …: Կարմիրները բլբլացին պետք եղած ժամանակ` հանրային շահի գերազանցության մասին, ու … կրեցին հազիվ Թատերական հրապարակի ձյանը:

Կգա առաջնորդը, եւ կպատմի, որ իր կառավարման օրոք 2000-ից ավելի բնակարան է սարքվել եւ շահագործման հանձնվել Գյումրիում, ճշգրիտ թվեր կասի այս մասով, կասի, որ Աղետի գոտին համարյա վերացել է, նորից Զարգացման գոտի է դառել, «նորից» բառն իհարկե չի ասի. ընկերը խոստացել էր չառաջադրվել էս անգամ, ընչի՞ պիտի ընկերոջը նեղ դրության մեջ դնի, կասի, որ համարյա բոլոր խոսումներն այդ մասով կատարել է, մնացել է 420 բնակարան, այն էլ այս տարի կշինեն, ու ոչ մի անօթեւան չի մնա քաղաքում, հարկավոր է ժամանակ տալ իրեն, որ սկսածն ավարտի:

Չի խոսելու այն մասին, թե ինչ են անելու տնակներում կամ այլուր անօթեւան մնացող եւս 4.000 ընտանիքները, կարծես դրանք չեն էլ եղել, չի խոսելու այն մասին, թե ինչպես իր կառավարման օրոք Գյումրիում աղքատության մակարդակը 5 տարում 36 տոկոսից թռավ-հասավ 47 տոկոսի, չի ասի, թե իր նախագահության վերջին 4 տարում բանակում խաղաղ պայմաններում 144 զոհվածներից քանիսն եղել գյումրեցի, Հայաստանը 5 տարում լքած մոտ 200.000 հոգուց քանիսն էին գյումրեցի, քանիսն էին մանր/միջին գործարար, քանի ընտանիք քայքայվեց այդպիսով  …

Չի խոսելու այն մասին, թե ինչու երիտասարդ ընտանիքները Հայաստանում այդպես էլ չունեցան ավտոմեքենա ու բնակարան գնելու հնարավորություն, ինչպես ինքը խոստացել էր 5 տարի առաջ, չի խոսելու այն մասին, թե ինչու ծերերը չկարողացան թոշակներով արժանապատիվ ապրել, ինչպես ինքն էր խոստացել 5 տարի առաջ …

Կխոսի, իհարկե այն մասին, որ ապահով Հայաստան է կառուցելու: «Առաջ Հայաստան» կարգախոսով վերոհիշյալ նահանջները գրանցվեցին անցած 5 տարում, տեսնես ի՞նչ «առաջընթացներ» են գրանցվելու այս նոր կարգախոսով … Չի խոսելու այդ մասին:

Շատերը, հատկապես սատարիչ-կազմակերպիչ-պաշտոնուզիչներից, ահը սրտներում սպասելու են ուշագրավ պատահարների` «կրակոտ տղա», «էկել մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես …», «այդպես եք անում, որ խիարը թարս է բուսնում …» կարգի, սատարիչ տեղական շեֆերը նորից անցած կլինեն բերման ենթարկվածների ցուցակներով, նախորդ գիշեր լրացուցիչ նակազներ տված կլինեն բերման ջոկատավարներին` թե չեբուրաշկայատիպ արարածներ չբերեք թատրոն, տեղով թատրոն ենք, բերաններդ ամբաղ-զամբաղ չբացեք, հերիք էղավ, բացողներն էլ ընտիր կլինեն` պարապած հարցերով, թախծոտ աչուկներով, որ հանկարծ Չեբուրաշկա-3 տեղի չունենա սատարող Գյումրիում, ու չեն իմանա, որ Չեբուրաշկա-3-ն այդպիսով է իրականում տեղի ունենում: Բայց պարտբիլետը կտաքացնի մեղավոր եւ նվաստ հոգիներն իրենց` բեմադիր, հետո կպատմեն զավակներին իրենց, որ ժամանակներն էին այդպիսին: Ինչպես միշտ:

Լեւոն Բարսեղյան

Աղբյուրը՝ Asparez.am

 

 

Նախորդ հոդվածը‘Լրտեսական խաղեր. Հայրիկյանը մոլորեցրել է հանցագործներին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» բորենիներն ընդդեմ «Բարսայի». Տեսանյութ’