‘Լեւոն Բարսեղյան. Սերժիկը լիազորված չէ խոսել, առավելեւս՝ ստել Հայաստանի անունից (տեսանյութ)’

1965

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն այսօր մասնակցում էր նախագահական նստավայրի դիմաց ընթացող բողոքի ակցիային: Սակայն, իր խոսքով, ոչ թե բողոքելու Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարից , այլեւ այն բանի դեմ, թե ինչպես մատուցվեց այդ որոշումը հասարակությանը:

«Իմ բողոքը Սերժ Սարգսյանի ուզուրպացիայի դեմ է: Երեկ նա Պուտինի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ ասում էր, որ Հայաստանի կամքն է արտահայտում՝ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Մինչդեռ գոյություն չունի որեւէ հետազոտություն, ուսումնասիրություն եւ առավելեւս՝ հանրաքվե, որտեղ հայ ժողովրդի կամքն արտահայտված կլիներ, եւ որի վրա կհիմնվեր Սերժ Սարգսյանը», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանը: Բացի դրանից, նրա խոսքով, բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ չէ, եւ լիազորություն չունի Հայաստանի հանրության անունից հայտարարություններ անելու:

«Եթե անգամ ինչ-որ հետազոտություններ են եղել Հայաստանի բնակչության տեսակետների վերաբերյալ, Սերժիկը նախ պետք է Հայաստանի հանրությանը ներկայացներ այդ տվյալները, եւ նոր միայն գնար սիրտը բացելու Մեծն Ռուսիո առաջնորդ Վլադիմիր Պուտինի առաջ: Այսինքն, նրան թվում է, որ այն, ինչ այնտեղ ասի՝ դա Հայաստանի հանրության կամքն է: Դա միայն թվում է իրեն», — նշեց Լեւոն Բարսեղյանը:

 

Եւս մի վրդովեցուցիչ փաստ է այն, որ մի ամբողջ պետական ապարատ տարիներ շարունակ աշխատել է Արեւելյան գործընկերության ասոցացման համաձայնագրի բանակցությունների գործընթացի վրա, եւ մեկ օրում դրա արդյունքը փոշիացվել է:

«Իսկ հիմա ոմանք փորձում են ներկայացնել, թե իբր Սերժ Սարգսյանը շատ խորամանկն է, փորձում է եւ էնտեղից, եւ էստեղից օգուտներ քաղել: Ես նման կարծիքի չեմ. նման բաները մեծ քաղաքականության մեջ անհեթեթությունների շարքից են: Սերժ Սարգսյանը ոչ 2008-ին է ընտրվել, ոչ 2013-ին: Նա լիազորված չէ հանրության անունից նման հայտարարություններ անել, առավելեւս՝ ստել», — ամփոփեց Լեւոն Բարսեղյանը՝ նշելով, որ հանրությունը պետք է եվրաինտեգրացիայի գործընթացի ջատագով պաշտոնյաներից ու քաղաքական գործիչներից նույնպես պատասխան պահանջի:

   

Նախորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 4)’
Հաջորդ հոդվածը‘Գրեթե բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. մնաց Արգիշտի Կիվիրյանը’