Լեւոն Բարսեղյան. Ես արդեն 15 տարի Մարտի 1-ը մեծատառով եմ գրում

1123

Լեւոն Բարսեղյանը Ֆեյսբուքում գրել է.

«Էսօր Մարտի 1-ն է:

Ես արդեն 15 տարի Մարտի 1-ը մեծատառով եմ գրում: Դա մեր հանդգնության, համարձակության, ըմբոստության եւ ապստամբության օրն է, դա սահմանադրախախտության եւ հանցագործության օրն է, Հայաստանը էլի մի 10 տարի ետ շպրտելու օրն է, հանուն իշխանության, աթոռապաշտության եւ կոռուպցիայի, պետության փչացման ու պետության զավթման խորհրդանշական օրն է: Դա անմեղ զոհերի, անտեղի դատվածների, հարյուրհազարավոր արտագաղթողների կենսագրություններում շրջադարձային օր է:

Փաշինյանը, իշխանության գալուց հետո մի օր ասաց՝ բացահայտվել է հանցագործությունը: Ու… ոչ ոք պատասխանատվություն չկրեց, ոչ մեկին չդատեցին վերոհիշյալ հանցագործությունների համար: Կարիք չկա ինձ պատմելու արդարադատության ինչ-ինչ խոչընդոտների մասին, վատ կվերջանա նման հակաճառությունը: Նոր իշխանությունն ուներ հանրության տված բացառիկ վստահությունը եւ լիազորությունը այդ գործը եւ բազմաթիվ այլ բաներ անելու համար, չարեց: Սկսեց արդարացումներ պատմել եւ պատճառաբանել: Մեղավորները մրից չոր ելան: Առայժմ: 2018-ի հեղափոխությունն սկսվել էր 2008-ին, եթե կուզեք, մարդիկ ելան արդարության համար, կեղծիքի դեմ, ելան, որ փոխեն այլանդակապետությունը, ու էլի չստացվեց պատասխանատվության ատյան բերել մեղավորներին: Ինչքան էլ տխուր է, սա է:

Ես վստահ եմ, որ մի օր կունենանք իշխանություն, որը կկարողանա սպառիչ եւ լիարժեք կերպով բացահայտել այդ հանցագործությունը, հոկտեմբերի 27-ի հանցագործությունը եւ այլ հանցագործություններ, պատասխանատվությունն ու հատուցումը կընկալվեն եւ կլինեն գոհացնող, ոչ թե այսպես՝ կիսատ ու պռատ, երբ Մարտի 1-ի բոլոր պատասխանատուները շարունակում են վայելել իրենց ազատությունն ու ետ գցածը,ու մի բան էլ շարունակում են աճեցնել ապօրինի հարստությունը: Մեր երկրից, բոլորի ջանից ու կյանքից ետ գցած հարստությունը:

Չխեղճանաք: Հենց կխեղճանաք, մտաբերեք այն զոհերին, որ կյանք դրեցին երկրի եւ մարդկանց ազատությունների համար»:

Լուսանկարը` Լեւոն Բարսեղյանի

Նախորդ հոդվածըՀարգանքի տուրք Մարտի 1-ի զոհերի հիշատակին
Հաջորդ հոդվածըԺոզե Մոուրինյոն որակազրկվել է