‘Լեւոն Զուրաբյանը՝ «Հիդրոապարատի» բաժնետերերի եւ Դալմայի հողօգտագործողների խնդրիների մասին ‘

1320

«Այս դահլիճում շատ է հնչում, թե ինչպես էր 1990-ական թվականներին կառավարությունն իրականացնում սեփականաշնորհման գործընթացը: Մի հարց եմ ուղղելու կառավարությանը, որից պարզ կդառնա՝ իրականում ի՞նչ էր կատարում 1990-ականներին և ինչ է կատարվում հիմա»,-  այսօր Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նման նախաբանով դիմեց կառավարությանը:

Նրա առաջին հնչեցրած հարցը վերաբերում էր Ջրվեժի Բագրևան էլիտար թաղամասում գտնվող 15 հեկտար տարածքի վրա տեղակայված «Հիդրոապարատ» ընկերության տասնյակ բաժնետերերի դիմումին: Նրանք խնդրել էին բարձրաձայնել այդ ընկերությունում 1996 թվականից մինչև օրս տնօրինող Մհեր Աշոտյանի կողմից  կատարված առանձնապես խոշոր չափերի հասնող ապօրինությունների, յուրացումների, հափշտակությունների և թալանի մասին:

Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ՝ ընկերությունը ստեղծվել է պետությանը և կոլեկտիվին շահույթ բերելու նպատակով: Մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում կոլեկտիվն ուներ 20 տոկոս բաժնեմաս, որը տրվել էր 1994-ին կառավարության կողմից: 

«Ընկերությունը 1995 և 1996 թվականներին ոչ միայն աշխատել է շահույթով, այլ պետությունից ձեռք է բերել նաև լրացուցիչ 15 տոկոս բաժնեմաս՝ դառնալով 35 տոկոսի բաժնետեր: Սակայն հետագայում, 1998-ից հետո, ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որի արդյուքնում ձեռնարկության  տարածքը 15 հեկտարից նվազել է մինչև 7,5 հեկտար, ապօրինի յուրացվել է 10 շենք՝ 21 հազար քմ մակերեսով, մեկ հեկտարի վրա տեղեկայված ջրամբար Ձորաղբյուրում, կաթսայատուն 1200 քառ. մետր, ակումբ շքեղ թանկարժեք խճանկարով, տարբեր երկրների արտադրության հազարից ավել հաստոցներ, թաքցվել է երեկ հարկանի տուֆակերտ շենքի գոյությունը»,-մանրամասնեց Լևոն Զուրաբյանը՝ շեշտելով, որ իրենց դիմած սեփականատերն իրենց թալանված են զգում այն պարզ պատճառով, որ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում սեփականատերի և բաժնետերի իրավունքները պաշտպանելու համար:

Լևոն Զուրաբյանը ներկայացրեց նաև Դալմայի այգիների հողօգտագործողների բողոքը.

«1991 թվականին շուրջ 1800 քաղաքացի Դալմայի այգիները վարձակալության հիմունքներով օգտագործոելու վերաբերյալ պայմանագիր կնքեցին, իսկ 1994 թվականին կառավարության որոշմանբ սույն պայմանագրերը վերակնքվել են տաս տարի ժամկետով: Այդ հողերը չսեփականաշնորհվեցին մի պարզ պատճառով, որ հանդիսանում էին պատմամթակութային հուշարձան»,- նկատեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ կառավարության 2004 թվականի որոշմամբ հիմք դրվեց պատմամշակութային հուշարձան համարվող Դալմայի այգիների փաստացի ոչնչացմանը՝ ոտնահարելով հողային օրենսգրքի բազմաթիվ պահանջները: Որոշման արդյունքում Երևանի քաղաքապետարանին հնարավորություն տրվեց մաս-մաս վաճառել Դալմայի այգիների տարածքները:

«Փաստորեն 1800 հողօգտագործողի փոխարեն հողատարածքների սեփականատերեր են դառնում մի քանի խոշոր գործարարներ»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:

Ի պատասխան Զուրաբյանի հարցապնդմանը ՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրեց փոխանցել «Հիդրոապարատ» ընկերության մասին տեղեկատվությունը, որպեսզի վերը նշված փաստերն ուսումնասիրվեն:

Ինչ վերաբերում է Դալմայի այգիներին, ապա նախարարը նշեց, որ պաշտոնավարման ընթացքում առիթ է ունեցել մի քանի անգամ հանդիպել և խոսել հողօգտագործողների հետ: Վերջինս տեղյակ է, որ մարդիկ դիմել էին նաև դատարան և գործով ակտեր կան, որոնց մասին անիմաստ է խոսել:

 

Նախորդ հոդվածը‘«Չելսին» կփորձի Հալկին խլել «Զենիթից»’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետ. Անտրամաբանական կլիներ, եթե ընդդիմությունը գովաբաներ բյուջեի նախագիծը ‘