‘Լեւոն Զուրաբյանը ԵԽ Նախարարների կոմիտեից Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ պարզաբանում է պահանջել ‘

1191

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանն այսօր Ստրասբուրգում Մարտի 1-ի սպանությունների կապակցությամբ հարց է ուղղել ԵԽ նախարարների կոմիտեին:

Զուրաբյանը, մասնավորապես, անդրադարձել է խաղաղ ցուցարների դեմ կիրառված բռնի ուժի արդյունքում 10 քաղաքացիների սպանություններին եւ հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ն իր 1609 բանաձեւով (2008 թվական) կոչ է արել անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն անցկացնել մարտի 1-ի դեպքերով: Զուրաբյանը նաեւ հիշեցրել է, որ Վեհաժողովը մտահոգություն էր հայտնել 10 մահվան դեպքերի գործով հետաքննության հարցում արդյունքների բացակայության կապակցությամբ, ինչպես նշված է 1837 բանաձեւում (2008 թվական):

 «Այդուհանդերձ, 4.5 տարի անց սպանությունները չեն բացահայտվել եւ որեւէ մեկին այդ կապցակցությամբ մեղադրանք չի առաջադրվել: Հայաստանի իշխանությունները լիովին անտեսել են ԵԽԽՎ կոչն առ այն, «որ պետք է ուշադրությունը սեւեռել 10 մահվան դեպքերի ենթատեքստի եւ դրանում որոշ հրամանատարների պատասխանատվության հարցի վրա» (1837 բանաձեւ, 2008թ.), եւ ի վիճակի չեն եղել հանրության համար վստահություն ներշնչող որեւէ հաշվետվություն տալ, թե ինչու՞ նրանք չեն կարողացել անհատական պատասխանատվություն սահմանել 10 մարդու մահվան համար:

Այժմ ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են սպանության կոծկման մեջ, քանի որ ցանկացած լուրջ հետաքննություն կհաստատի նրանց ուղղակի պատասխանատվությունը այդ հանցագործությունների հարցում:

Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում Կոմիտեն 2008 թվականի մարտի 1-ի հանցագործություններում Հայաստանի իշխանությունների պատասխանատվության հարցը բարձրացնելու կապակցությամբ», — հարցադրել է Լեւոն Զուրաբյանը:

Նախարարների Կոմիտեի պատասխանում ասվում է, որ (Եվրոպայի խորհրդին) Հայաստանի անդամակցության ժամանակ ստանձնած պարտավորությունների շրջանակներում 2008-ի մարտյան դեպքերի հետաքննության հարցը քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում 2008-ին եւ 2009-ին Հայաստան կատարված այցելությունների ժամանակ:

«Նման դեպքերում անհրաժեշտ է բավարար ջանք ներդնել մանրամասն եւ թափանցիկ հետաքննություն իրականացնելու ուղղությամբ՝ այդ դեպքերին զոհ դարձած 10 մարդու մահվան հանգամանքների բացահայտման նպատակով: 

Նշվել է, նաեւ, որ դա կօգնի բուժել վերքերը եւ վստահության վրա հիմնված քաղաքական մթնոլորտ ստեղծել: Դա առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով գալիք նախագահական ընտրությունները», — ասվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի պատասխանում:

Ներկայացված է հաղորդագրության ոչ պաշտոնական թարգմանությունը

 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Սելթիկը» կամային հաղթանակ տարավ «Սպարտակի» նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլի. Սահակաշվիլին պետք է հրաժարական տա ‘