‘Լեւոն Զուրաբյանը կոչ արեց համախմբվել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ (տեսանյութ)’

1719

Այսօր Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակից կազմակերպել էր ավանդական երթը: Երթից առաջ Կոնգրեսի համակարգող  Լևոն Զուրաբյանն ընթերցեց ԵԽ-ին հասցեագրված նամակը, որը երթի մասնակիցները քիչ անց հանձնեցին Երեւանում ԵԽ գրասենյակին:

«Մենք ներկայացնելու ենք այս նամակը Եվրոպայի Խորհրդին և պահանջելու ենք, որ ԵԽ-ն, միջազգային հանրությունը ամեն ինչ անեն, որ Հայաստանի իշխանությունները մարդու իրավունքների բնագավառում կատարեն իրենց բոլոր պարտավորությունները, իսկ բացի դրանից մենք՝ այս երթի մասնակիցներս, կոչ ենք անում մեր ամբողջ ժողովրդին, հաշվի առնելով, որ գալիս են բախտորոշ նախագահական ընտրություններ, համախմբվել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ և ամեն ինչ անել այս երկրից բռնապետներին քշելու  համար»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

«Մենք նաև հորդորում ենք Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հասկանալ, ընկալել պատմական այս պահի կարևորությունը և ամեն ինչ անել, որ մենք կարողանանք խորացնել այն քաղաքական պրոցեսը և այն համախմբումը, որը եթե խորանա, իսկապես կտանի ժողովրդի համար ատելի այս ռեժիմից դեպի մեր երկրի ազատագրումը»,- նշեց Զուրաբյանը՝ ելույթի վերջում հարցնելով, թե արդյո՞ք հանրահավաքի մասնակիցները հավանություն տալիս են այդ նամակին, որպեսզի դրա անգլերեն պարբարակը ուղղվի ԵԽ գլխավոր քարտուղարին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին: Արձագանքը եղավ միանշանակ «այո»-ն:

 

Նախորդ հոդվածը‘Կայացան լրագրողների ֆուտզալի մրցաշարի քառորդ եզրափակիչ հանդիպումները’
Հաջորդ հոդվածը‘Հերթը հասավ փիլիսոփայությանը. ԵՊՀ հերթական կեղծված դասագիրքը’