‘Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց նոր ստեղծվելիք կուսակցության գաղափարախոսությունը ‘

1402

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ ազդարարեց նոր՝ «Հայ ազգային կոնգրես» անունով կուսակցություն ստեղծելու նախաձեռնության մասին: 

«Սա անհատների նախաձեռնություն է: Բնականաբար, նաեւ հրավիրել ենք Կոնգրեսի մասնակից քաղաքական ուժերին՝ մեզ միանալու համար, եւ նախնական խոսակցություններ եղել են: Եւ հիմա քաղաքական ուժերի արձագանքը կունենանք:
Սա Կոնգրեսը ներկայացնող անկուսակցական անհատների եւ քաղաքական տարբեր ուժերի միջեւ ավելի սերտ կոնսոլիդացիայի փորձ է, որը ոչնչով չի ուղղված խարխլելու Կոնգրես կուսակցությունների դաշինքի գործունեությունը: Դա քաղաքական կազմակերպության մեջ միավորվելու՝ մեր ազատ իրավունքն է, որը մենք իրագործում ենք: Կարծում ենք, որ ստեղծելու ենք մի հզոր, իր նախադեպը չունեցող, մասսայական, դեմոկրատական կուսակցություն, որի կարիքն իսկապես կա՝ եթե մենք ուզում ենք կազմակերպված, արդյունավետ գործող մի մասսայական, դեմոկրատական շարժման միջոցով իշխանության բերել ժողովրդի ներկայացուցիչներին, որոնք կկարողանան կազմաքանդել արդեն այս խորացած, աղճատված քրեաօլիգարխիկ համակարգը, որն այսօր գործում է Հայաստանում»,- ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում արդեն բացել է, թե որն է լինելու նոր կուսակցության գաղափարախոսական հիմնական ուղղությունը, այն է՝ սոցիալական լիբերալիզմը:

«Դա մոտավորապես այն սկզբունքներն են, որոնք կիրառվեցին Ֆրանկլին Ռուզվելտի ադմինիտրացիայի կողմից, նմանատիպ ջանքեր շարունակվեցին Այզենհաուերի կողմից, իսկ ապագայում այդ գիծը շարունակեցին Քլինթոնն ու Օբաման՝ եթե խոսենք ԱՄՆ-ի մասին: Դրա հիմնական ուղղությունն այն է, որ պետությունը շատ հստակ կարգավորիչ դեր պետք է ունենա, եւ պետք է ոչ թե ինքնահոսի թողնվի, այսպես ասած՝ լիբերալիզմը, այլ ապահովի իրական ազատական մրցակցություն: Պետության կարգավորիչ դերը պետք է, առաջին հերթին, ուղղված լինի նրան, որ չձեւավորվեն մենաշնորհներ, իրենց տնտեսական դիրքը չարաշահող մեծ կորպորացիաներ, այլ միշտ հնարավորություն ստեղծվի ազատ մրցակցության համար, որ գործարարությունը լինի մասսայական՝ ժողովրդական կապիտալիզմի հիման վրա, եւ պետությունը խրախուսի միջին եւ մանր բիզնեսը: Տարբեր սոցիալական խավերի եկամուտների այդ տարբերակումը պետք է մեղմվի եւ չհասցվի այն աղետալի չափերին, որոնք կան այսօր Հայաստանում: Գաղափարախոսությունը կախված կլինի նաեւ այն քննարկումներից, որոնք կծավալնեն կուսակցության ձեւավորման ժամանակ, որով բոլորը հնարավորություն կունենան այդ գաղափարախոսության վրա աշխատել, ձեւավորել կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը»,- նշեց Զուրաբյանը:

Արտաքին քաղաքական դոկտրինը, Զուրաբյանի խոսքով, ըստ էության՝ կնմանվի նրան, ինչը ժամանակին արեց Շառլ դը Գոլը, այսինքն՝ պետք է լինի բազմավեկտորային քաղաքականություն, որը զերծ կմնա որեւէ կողմնորոշումից, եւ Հայաստանը իսկապես կպահպանվի որպես անկախ երկիր, որը բաց հնարավորություններ կունենա զարգացնել հարաբերությունները բոլոր պետությունների հետ:

Լեւոն Զուրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ Facebook-ում արդեն բացվել է ՀԱԿ կուսակցության խումբը, որտեղ հրապարակվել է նախաձեռնող խմբի կազմը, որը փակ չէ:
«Ցանկացողները կարող են ծանոթանալով այս նախաձեռնությանը՝ հենց թեկուզ Facebook-ի միջոցով դիմել՝ նախաձեռնող խմբի անդամ դառնալու համար»,- հավելեց Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Բեռլինի կինոփառատոնի բացումն առանց սկանդալի չի անցել’
Հաջորդ հոդվածը‘Ցտեսություն, Սերժ’