‘Լեւոն Զուրաբյանն առաջարկում է գազային պարտքը ծածկել վարչապետի ու նախարարների անձնական միջոցներով’

2627

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում պետբյուջեի քննարկման ժամանակ կրկին խմբակցության անունից հայտարարել է, որ դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

«Առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունն առիթ ունեցել է բացատրելու, թե ինչո՞ւ ենք մենք քվեարկելու դեմ՝ բյուջեի ներկայացված նախագծին, — իր ելույթում նշեց Լեւոն Զուրաբյանը: — Ձեր հիշողությունը թարմացնելու նպատակով, եւս մեկ անգամ շարադրեմ, թե ինչո՞ւ մենք այդ բյուջեն անվանեցինք համակարգված կոռուպցիայի, պետական եկամուտների եւ ծախսերի թալանի, պետական անվճարունակության, եւ վերջապես՝ խաբեության բյուջե:

Առաջինը մենք նշել ենք այն հանգամանքը, որը հետագայում ավելի խորը հիմնավորեցինք մեր` «Համատարած եւ համակարգված կոռուպցիա» վերնագիրը կրող հարցապնդման մեջ, այն է, որ համաձայն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եւ մեր սեփական վերլուծությունների, պետական բյուջեից տարեկան թալանվում, մսխվում եւ վատնվում է 2.5 մլրդ դոլարի չափով գումար. 1.7-1.8 մլն-ը՝ եկամտային մասով, եւ 750 մլն  դոլար՝ ծախսային մասով: Արձանագրեմ միայն, որ ինչպես բյուջեի քննարկման ժամանակ, այնպես էլ մեր հարցապնդմանը տրված կառավարության պատասխաններում այդպես էլ չհնչեց բերված հիմնավորումների եւ փաստարկների որեւէ հերքում:

Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ բյուջեի ներկայացված նախագիծը որեւէ կերպ չի արտացոլում Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարության կողմից թմբկահարված ծրագրերի՝ ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի, Երեւանի նոր մետրոյի կայանի, Իրանի հետ Մեղրիում համատեղ ՀԷԿ-ի կառուցման իրականացման որեւէ ծախս, ինչը նշանակում է, որ իշխանությունները տարիներ շարունակ զբաղվել են պարզ խաբեությամբ:

Եվ երրորդ հանգամանքը վերաբերում է նրան, որ արտաքին պարտքի չափը փաստորեն գերազանցել է օրենքով նախատեսված լիմիտները, ինչը լուրջ սպառնալիք է դառնում նոր փոխառություններ ստանալու եւ երկրի ընդհանուր վճարունակության համար:

Իբր այս երեք պատճառները քիչ էին, առաջին ընթերցմամբ քննարկման ավարտից հետո պայթեց մի նոր սենսացիոն ռումբ, որը ցույց տվեց, որ ի դեմս այս կառավարության, մենք գործ ունենք խարդախ եւ արկածախնդիր խմբակի հետ: Խոսքը վերջերս բացահայտված «գազային ավանտյուրայի» մասին է: Պարզվում է, որ Հայաստանի կառավարությունը վերջին երկու տարում կուտակել է մոտ 300 մլն դոլարի պարտք՝ կապված ռուսական գազի մատակարարման հետ` առանց դրա մասին տեղյակ պահելու հանրությանը եւ անգամ ԱԺ-ին: Ընդ որում, 2011թ. կուտակվել է մոտ 47 մլն դոլար, 2012թ.՝ 118 մլն դոլար, 2013թ. կուտակված պարտքը հասել է արդեն 130 մլն դոլար:

Փաստորեն, Հայաստանի կառավարությունն իր վրա վերցրել է ծախսեր, որոնք նախատեսված չեն եղել ԱԺ կողմից հաստատված պետական բյուջեի մասին օրենքով ոչ՛ 2011, ոչ՛ 2012 եւ ոչ՛ էլ 2013 թվականներին: Բացի այդ, կուտակվել է արտաքին պարտք, որը նույնպես որեւէ օրինական ձեւակերպում չունի, ինչը բացի իրավական հետեւանքներից, ավելի է ծանրացնում պետական պարտքի՝ օրենքով սահմանված լիմիտի խախտման հարցը:

Որպեսզի իմ այս խոսքերը մերկապարանոց չթվան, ես հիմա հրապարակում եմ 2013թ. մայիսի 14-ին ստորագրված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նամակը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որում բառացիորեն ասված է հետեւյալը. «Հարգելի պարոն Նազարյան, ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից վերանայման ժամանակ առաջարկում ենք հանրապետություն ներկրվող բնական գազի՝ պայմանագրով նախատեսված 270 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ համար ձեռքբերման գնի փոխարեն հաշվարկներում հիմք ընդունել 30 տոկոսով ցածր գին: Նշված տարբերությունը կփոխհատուցվի ՀՀ կառավարության կողմից, որի մեխանիզմները քննարկվում են ՌԴ կառավարության եւ Հայռուսգազարդ ՓԲԸ-ի հետ»: Այսպիսով, այս նամակից մենք հասկանում ենք, որ, շրջանցելով բյուջեի մասին ընդունված օրենքը, կառավարությունը ստանձնել է լրացուցիչ ծախսեր կատարելու պարտավորություն:

Ի՞նչ է սա: Սա, ըստ էության, նշանակում է մեկ բան, որ այս կառավարության կողմից բերված պետական  բյուջեի մասին որեւէ փաստաթուղթ քննարկելը բացարձակ անիմաստ է, որովհետեւ կառավարությունը բառիս բուն իմաստով թքած ունի այստեղ քննարկված ու որպես տարվա կարեւորագույն օրենք ընդունված փաստաթղթի վրա: Բա էլ ինչո՞ւ ենք այստեղ հավաքվել, ինչո՞ւ ենք լուրջ դեմքով ամիսներով, ժամեր շարունակ չարչարվում պետական բյուջեի մասին օրենքի տողերի վրա, ինչո՞ւ ենք ամիսներ շարունակ ջանք ու եռանդ թափում՝ ուսումնասիրելով այս հաստափոր հատորները, որոնք անգամ դժվար է տեղափոխել ԱԺ դահլիճից աշխատանքային սենյակներ: Ինչի՞ համար է այս ողջ ներկայացումը. միեւնույն է՝ ինչպես պարզվում է, կառավարությունը իրեն իրավունք է վերապահում գրչի մի հարվածով ոչ միայն առանց ԱԺ հավանության, այլ նաեւ նրան ընդհանրապես տեղյակ չպահելով, հանրությունից գաղտնի  կատարել բյուջեի 5 տոկոսին հասնող ծախս:

Էլ չենք խոսում կատարված հանցագործության իրական մոտիվների մասին: Իրականում ողջ այս հանցավոր գործարքը կատարվել է միայն մեկ նպատակով. 2012-2013թթ. խորհրդարանական, նախագահական եւ ՏԻՄ ընտրությունների ցիկլում ապահովել իշխող կուսակցության հաղթանակը: Այս հրեշավոր հանցագործության փաստը միայն բավարար կլիներ, որ կեղծված համարվեին բոլոր անցած ընտրությունները:

Իսկ հիմա մեր առաջ բերել են 2014թ. բյուջեի փաստաթուղթ: Այս փաստաթղթին հավանություն տալը եւ նրա օգտին քվեարկելը, հրապարակված սենսացիոն փաստերից հետո՝ հավասարազոր է կատարված հանցագործության պարտակմանն ու հանցագործության համար քաղաքական պատասխանատվություն վերցնելուն: Քվեարկելով կողմ, դուք, ըստ էության, մեղասակից եք դառնում Հայաստանի ժողովրդի դեմ կատարված այս զազրելի հանցագործությանը: Ուստի, ես երկու առաջարկ ունեմ.

Նախ՝ քվեարկեք դեմ, որ մեղսակից չդառնաք վերոհիշյալ հանցագործության կատարմանն ու պարտակմանը:

Եվ երկրորդ՝ առաջարկում ենք, քանի որ կառավարությունը հանրության անունից կատարել է մի ծախս, որի համար չի ունեցել որեւէ օրինական հիմք ու չի ստացել խորհրդարանի համաձայնությունը, այդ գումարը վճարել օֆշորային սխեմաների միջոցով վարչապետի անձնական հաշիվներում կուտակված, ինչպես նաեւ կառավարության մյուս 18 անդամների անձնական միջոցների հաշվից:

Հաշվի առնելով պետական միջոցների թալանի ապացուցված ծավալը, չենք կարծում, որ այդ խնդիրը որեւէ դժվարություն է ներկայացնում մեր փառապանծ կառավարության համար»:

Նախորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապը Time ամսագրի վարկածով տարվա մարդ է ճանաչվել’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանի դատարանը որոշել է, որ համասեռական կապերը հանցագործություն են’