‘Լեւոն Զուրաբյանն առաջարկում է ՀԱԿ կուսակցությունը ձեւավորել ՀՀՇ անվանափոխման միջոցով’

1074

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը հավանություն տալու պարագայում նախաձեռնող խումբն առաջարկում է, որ ՀԱԿ կուսակցությունը ստեղծվի ՀՀՇ-ն «Հայ ազգային կոնգրես» վերանվանելու միջոցով, ՀՀՇ համագումարի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրես դաշինքի համակարգող, ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լեւոն Զուրաբյանը:

Ելույթի սկզբում Լեւոն Զուրաբյանը նշեց, որ համագումարին ներկա գնտվողներից ոմանք համաժողովրդական շարժմանը միացել են 1988-ի փետրվարի 19-ին՝ բնապահպանական ցույցերի ժամանակ, ոմանք՝ հաջորդ օրը, երբ ԼՂԻՄ մարզային խորհուրդը որոշում կայացրեց վերամիավորվել Հայաստանի հետ, ոմանք՝ փետրվարի 26-ին, երբ պայքարը դարձավ համազգային:

 «Ոմանք շարժմանը միացան 1990-ին, երբ մեզ հաջողվեց ողջ կոմունիստական տարածքում՝ Չեխիայից մինչեւ Մոնղոլիա, ստեղծել առաջին ոչ խորհրդային իշխանությունը», — նշեց Զուրաբյանը: Շարունակելով՝ նա ասաց, որ ներկաներից ոմանք միացել են շարժմանը 2003-ի ապրիլի 12-ին կամ հետո, երբ ստեղծվեց «Այլընտրանքը»: 
«Այստեղ են մեր երիտասարդները, որոնք հինգ տարվա համաժողովրդական պայքարի ընթացքում կայացել են որպես ակտիվիստներ, ինչու ոչ՝ որպես քաղաքական գործիչներ եւ հռետորներ: Այստեղ են մտավորականներ, որոնք կոտրեցին կարծրատիպերը եւ ապացուցեցին, որ կարելի է շարունակել ստեղծագործել եւ պայքարել՝ առանց վախենալու բռնաճնշումներից», — նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ Կոնգրեսի ամենամեծ նվաճումն այն էր, որ հնարավոր դարձավ ժողովրդի մոբիլիզացիան դաշինքի շուրջը: 
Սակայն այժմ, ըստ նրա, այլ իրավիճակ է, եւ դաշինքի անդամ հազարավոր անկուսակցականներ մեխանիզմներ չունեն ազդելու քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացի վրա, եւ ընդհակառակը՝ Կոնգրեսի մաս կազմող յուրաքանչյուր մարդ-կուսակցություն կարող է վետոյի միջոցով խափանել որոշումների կայացման գործընթացը: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ այս վիճակը ազդել է Կոնգրեսի կենսունակության եւ մարտունակության վրա: 
«Մենք առաջարկում ենք այդ մարդկանց միավորել մեկ միասնական կուսակցության մեջ, որի շնորհիվ մենք կարող ենք ավելի վճռական պայքար տանել ընդդեմ ավազակապետության, հանուն ժողովրդավարական արժեքների: Արդյո՞ք սա ամենաազնիվ գործը չէ», — հավաքվածներին դիմեց ՀԱԿ համակարգողը: 
Ըստ Զուրաբյանի՝ այժմ, երբ երկրում սրընթաց քաղաքական գործընթացներ են գնում, Կոնգրեսը ժամանակ չունի, եւ պետք է կարճ ժամկետում դառնա մարտունակ քաղաքական ուժ: 
«Եթե ՀՀՇ-ն միանում է այս ծրագրին, ապա ամենաճիշտ տարբերակն այն է՝ տեխնիկական առումով, որ մենք դիմենք ՀՀՇ-ին՝ անվանափոխման առաջարկով», — հայտարարեց Զուրաբյանը՝ նշելով, որ դա թույլ կտա կարճ ժամանակում Կոնգրեսի շարքերը բերել մարտունակ վիճակի: 
Մենք միասնաբար ենք մշակել այս ծրագիրը, եւ նախաձեռնող խումբը դիմում է, որպեսզի արագ ՀՀՇ-ի հետ միասին նախաձեռնենք այս հզոր ուժի ստեղծումը: Քաղաքականության մեջ կուսակցությունն ընդամենը գործիք է: Եթե մենք կարող ենք ստեղծել մի գործիք, որը լինելու է ավելի հզոր, քան Կոնգրեսում ներգրավված ցանկացած քաղաքական ուժ, ավելին, քան նրանում գտնվող անհատները, ինչո՞ւ դա չանենք: Եկեք ամբիցիաները մի կողմ դնենք՝ հանուն Հայաստանը այս լծից ազատելու սրբազան գործի», — ասաց Լեւոն Զուրաբյանը: Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստի վրա, որ հինգ տարվա ընթացքում ՀԱԿ-ին ոչ կուսակցական սկզբունքով անդամակցել է 12 հազար մարդ, եւ Կոնգրեսի տեղական կառույցներում ներգրավված են հիմնականում հենց անկուսակցական մարդիկ:

 

 

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է Ռուսաստան և ԱՄՆ կատարելիք այցերից՝ Հալեպի հրթիռակոծման պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովան «կորցրել» է իր օլիմպիական մեդալակրին. Նա փախել է Ադրբեջան’