‘Լեւոն Զուրաբյանն առաջարկում է հնարավորինս արագ նախագահի եւ խորհրդարանի նոր ընտրություններ կազմակերպել’

1545

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. 

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները եւս մեկ անգամ ամբողջությամբ բացահայտեցին Հայաստանում տիրող բռնապետության դեմքը: Ընտրությունները ի սկզբանե կեղծված էին: Չնայած Հայ Ազգային Կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի, Հայ Հեղափախական Դաշնակցության եւ Ժառանգության ջանքերին, իշխանությունը մերժեց ընտրական համակարգի բարեփոխման փաթեթը, ուժի մեջ թողնելով մոտ 700 000 մարդկանցով ուռճացված ընտրական ցուցակները, պահպանելով ընտրակաշառքի բաժանման, ընտրողների եւ ընտրական գործընթացի մասնակիցների ահաբեկման բոլոր մեխանիզմները:

Ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների զեկույցների հիման վրա մենք արձանագրում ենք, որ անցած ընտրություններում նորից աղավաղվեց ժողովրդի կամքը եւ Հայաստանի նախագահ է հռչակվել մի մարդ, որը իրականում նախագահ չի ընտրվել: Բնական է ժողովրդի ցասումն եւ ընդվզման այն ալիքը, որին մենք ականատես ենք ամբողջ Հայաստանում: Ընտրություններ կեղծելով դուք չեք կարողանալու կառավարել երկիրը եւ եկել է ժողովրդին պատասխան տալու ժամը: Հայաստանում, ըստ էության, չկա իշխանության որեւէ լեգիտիմ ինստիոտուտ, որի նկատմամբ ժողովուրդն ունենար վստահություն: Ձեր իշխանությունը կառուցված է կեղծիքի, բռնության, ահաբեկման վրա: Այդպիսի պետությունը չի կարողանա երկար դիմանալ այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջեւ: Կտրուկ կաճի արտագաղթը, կքայքայվեն պետական ինստիտուտները, կընկնի երկրի պաշտպանունակությունը:

Հասկացեք վերջապես, որ այսպես շարունակելով, մի օր կանգնելու եք կործանարար զարգացումների առջեւ, ինքներդ էլ կդառնաք ժողովրդի անկառավարելի ցասման զոհ, բայց եւ երկիրը կներքաշեք աղետալի քայքայիչ գործընթացների մեջ:

Եթե կարող եք սթափվել եւ ըմբռնել, որ ինչ-որ բան կարող եք անել այս անկման դեմն առնելու համար, երբ ձեր կամքից դեռ որեւէ բան կախված է, որեմն գործեք, զիջեք ժողովրդի պահանջներին:

Հայաստանը քայքայիչ այս ընտրակեղծարարության հորձանուտից փրկելու միակ ճանապարհն է՝ ընդունել ընտրական համակարգի վերափոխման ընդդիմության առաջարկած փաթեթը եւ երկրում հնարավորինս արագ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:

 

Նախորդ հոդվածը‘Զբոսաշրջիկներով օդապարիկը վայր է ընկել Եգիպտոսում’
Հաջորդ հոդվածը‘Ժերար Դեպարդիեն դարձել է «Թերեքի» երկրպագու եւ 5 սենյականոց բնակարան ստացել Գրոզնիում’