‘Լեւոն Զուրաբյան. Ադրբեջանցիների նախաձեռնությունը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ԵԱՀԿ որոշումներին ‘

1787

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի (ALDE) ելույթը Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում՝ ազատ բանավեճի ժամանակ:

(թարգմանությունը անգլերենից՝ iLur.am-ի)

«Ադրբեջանի պատգամավորները նախաձեռնել են մի նախագիծ (փաստաթուղթ 13535), որով պահանջում են հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից՝ հղում կատարելով Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիային»: 1994 թվականին Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ զինադադարի կնքումից ի վեր, հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները, որոնց սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ընթանում են  ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից 1993-ին ընդունված 822, 853, 874, 884 բանաձեւերի եւ 1994-ին Բուդապեշտում ընդունված «Նոր ժամանակաշրջանում դեպի իրական գործընկերություն» անվանմամբ հիմնարար փաստաթղթի հիման վրա: Այդ փաստաթղթերը հստակ սահմանում են օկուպացիոն ուժերին, որպես Լեռնային Ղարաբաղի «տեղական հայկական ուժեր» (բանաձեւ 822), հորդորում են «Հայաստանի ղեկավարությանը շարունակել դրսեւորել իր ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի կողմից» ԱԽ բանաձեւերին հետեւելն ապահովելու համար (853 եւ 884) եւ ընդունում են, որ «օկուպացիա» տեղի է ունեցել որպես «հրադադարի ռեժիմի խախտման եւ այդ խախտումներին ի պատասխան կիրառված ոչ համաչափ ուժի» հետեւանք (բանաձեւ 884):

ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերն, ըստ այդմ, ցույց են տալիս, որ այն ղարաբաղյան հակամարտությունը համարում է Ադրբեջանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ ներքին կոնֆլիկտ, որում Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին զբաղեցվել է ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի տեղական ուժերի կողմից, եւ որում խաղաղ կարգավորման հասնելու համար այն ձգտում է Հայաստանի կառավարության աջակցությանը:

1994-ի՝ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի Լեռնային Ղարաբաղի մասին հիմնական փաստաթուղթում ասված է, որ «զինված հակամարտությունը դադարեցնելու քաղաքական համաձայնագրի կնքումը, որի իրականացումը կվերացնի հակամարտության հետեւանքները բոլոր կողմերի համար եւ թույլ կտա հրավիրել Մինսկի կոնֆերանս, նաեւ հնարավոր կդարձնի բազմազգ խաղաղարար ուժերի ձեւավորումը՝ որպես բուն համաձայնագրի հիմնական բաղադրիչ»: Անդամ պետությունները, փաստաթղթի համաձայն, հայտնել են իրենց քաղաքական կամքը, «կողմերի միջեւ զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնության հասնելուց հետո ԵԱՀԿ բազմազգ խաղաղարար ուժերի ապահովման համար»:

Խաղաղության ճանապարհային քարտեզը, ներառյալ որեւէ զբաղեցված տարածքի վերադարձը, ըստ այդմ, պարզ է. նախեւառաջ՝ հասնել համաձայնության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, երկրորդ՝ ԵԱՀԿ բազմազգ խաղաղարար ուժերի ձեւավորում, եւ երրորդ՝ համաձայնագրի իրականացում, այդ թվում զորքերի դուրսբերում եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում:

Ներկայացվող նախաձեռնությունը, հետեւաբար, հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ԵԱՀԿ որոշումներին, եւ ցուցադրում է Ադրբեջանի մտադրությունը օգտագործել ԵԽԽՎ-ն քարոզչական նպատակներով, եւ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ կարգավորման ուղիներ գտնելու նպատակով արդյունավետ բանակցություններին մասնակցելու համար:

 

 

Նախորդ հոդվածը‘Ավստրալիա-Իսպանիա. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Համասյանը համերգ կունենա Աֆրիկյանների տանը ‘