‘Լեւոն Զուրաբյան. Ավտորիտար իշխանությունների կողմից հետապնդվող անձանց պաշտպանության հարցում ԵԽԽՎ նվաճումները մխիթարիչ չեն’

1902

Ինչպես տեղեկացրել է iLur.am-ը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովն այսօր սահմանել է «քաղաքական բանտարկյալ» տերմինի բնորոշումը և ԵԽ անդամ երկրներին կոչ է արել այսուհետև իրավաբանական քննարկումների ընթացքում հաշվի առնել այն:  Բանաձեւի քննարկումների ժամանակ ելույթվ հանդես է եկել ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը, որի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

 

Կոչ եմ անում ԵԽԽՎ-ին անհապաղ ընդունել «քաղբանտարկյալ» տերմինի սահմանման մասին բանաձևը՝ առանց դրա բնորոշման նրբությունների շուրջ երկարատև բանավեճերի:

Եվրոպայի Խորհուրդը և նրա Խորհրդարանական վեհաժողովը պետք է պաշտպանության իրականացման հզոր մեխանիզմ ստեղծեն, որպեսզի ի վիճակի լինեն պաշտպանելու իրենց երկրի ազատության համար սեփական անվտանգությունն ու ազատությունը նվիրաբերող անձանց:

Հարկ է նշել, որ մինչ այժմ խոսքի, հավաքների եւ ցույցերի  ազատության համար ավտորիտար իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանության հարցում ԵԽԽՎ նվաճումները մխիթարիչ չեն:

Ես կարող եմ այդ ասել Հայ ազգային կոնգրեսի անունից՝ ժողովրդավարական շարժման, որը վերջին հինգ տարիների ընթացքում եղել է Հայաստանում իշխող բռնապետական վարչակարգի հալածանքների հիմնական թիրախը:

2008-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում 150 քաղբանտարկյալներ տարիներով անազատության մեջ մնացին միայն այն բանի համար, որ փորձել էին նվաճել այն իրավունքները, որոնք դուք ազատորեն վայելում եք ձեր ժղովրդավարական երկրներում:   

Չորս պատգամավորներ զրկվեցին մանդատից, նրանցից երեքը երկարատեւ ազատազրկում կրեցին: ԵԽԽՎ-ի բանաձեւերը երբեք նրանց «քաղբանտարկյալ» չանվանեցին եւ երբեք չպահանջեցին նրանց անվերապահոր ազատ արձակումը: Նրանք ազատության մեջ հայտնվեցին միայն անցյալ տարվա մայիսին, ՀԱԿ կազմակերպած բազմամարդ հակակառավարական ցույցերից հետո. այդ արվեց, որպեսզի մեկնարկի երկրի ժողովրդավարացման օրակարգով երկխոսությունը:

Այդ երկխոսությունը, սակայն, երկար չտեւեց: 2011թ-ի օգոստոսի 9-ին ոստիկանությունը հարձակվեց Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդների վրա, ծեծի ենթարկեց եւ ձերբակալեց նրանց, ապա՝ մեղադրեց իրավապահ մարմիններին  դիմադրելու և խուլիգանության մեջ: Դա կասեցրեցեց երկար սպասված բանակցային գործընթացը:

Այս տարվա հուլիսի 20-ին դատարանը գործով վճիռ կայացրեց՝ 6 տավա ազատազրկման դատապարտելով Տիգրան Առաքելյանին (ով մինչ այդ նախնական կալանքի տակ էր գտնվում) և 2-ից 3 տարի ազատազրկման՝ նույն գործով անցնող Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին:

Մենք արդեն մեկ քաղբանտարկյալ ունենք: Երբ այս վճիռն ուժի մեջ մտնի, մենք կունենանք չորս քաղբանտարկյալ: Որպես հավելումն՝ թույլ տվեք հայտնել Ձեզ, որ մեկ այլ պատգամավոր Հայաստանի խորհրդարանի երեկվա նիստում զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից՝ քաղաքական մեղադրանքով: Այս ամենն ապացուցում է, որ Հայաստանը հետքայլ է կատարում դեպի այն իրականությունը, որը մենք հաղթահարել էինք անցյալ տարի:   

Հարգելի գործընկերներ, ես այդ երիտասարդ ակտիվիստներին բավական լավ եմ ճանաչում: Նրանք ժողովրդավարության եւ քաղաքացիական ազատությունների համար պայքարող խելացի եւ սկզբունքային մարդիկ են:

Նրանք բազմիցս ազատազրկություն են կրել, խոշտանգվել եւ ծեծի են ենթարկվել ոստիկանության կողմից, բայց նրանք շարունակում են պայքարել հանուն իրենց երկրի ազատության: Մենք պետք է աջակցենք նրանց: Այս բանաձեւի ընդունման շնորհիվ մենք պետք է հստակ ուղերձ հղենք Եվրոպայում մնացած բռնապետական վարչակարգերին առ այն, որ նրանք չեն կարող անպատիժ գործել, ինչպես նաեւ ուղերձ՝ ժողովրդավարության համար բոլոր մարտնչողներին այն մասին, որ նրանք միայնակ չեն:

 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Զենիթը» երկրորդ պարտությունն է կրում’
Հաջորդ հոդվածը‘«Հեղափոխական զանգվածի» արտագաղթը մտահոգու՞մ է Տիգրան Սարգսյանին (տեսանյութ)’