‘Լեւոն Զուրաբյան. Դուք վախենում եք ազատ խոսքից’

1483

Այսօր ԱԺ-ում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա իր ելույթում նշել է, որ խոքի ազատությունը և առավելապես հեռուստատեսության ազատությունը դա կարևորագույն հարցերից մեկն է, առանց որի ժողովրդավարություն ընդհանրապես որևէ պետության մեջ չի լինում:

«Կան երեք ուղղություններ, որոնք մեզ համար կարևոր են այս առումով, մեկն այն է, որ մենք պետք է մեր պետության մեջ բացառենք բռնաճնշումները: Դրա հետ են կապված, որ մենք հետևողականորեն բարձրացնում ենք մարտի 1-ի, ապրիլի 12-ի իրադարձությունների համար պատասխանատուներին պատժելու հարցը, խաղաղ ցուցարարներին դեմ հարձակումների հարցը, քաղբանտարկյալների հարցը: Մենք ցանկանում ենք ամեն ինչ անել, որ մեր պետության մեջ բացառվեն բռնաճնշումները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Երկրորդ կարևոր ուղղությունը, որում մենք ևս ջանք չենք խնայում, դա ընտրակեղծիքների վերացման խնդիրն է. մեր ընտրական համակարգի բարելավման խնդիրը, որովհետև մենք մի օր պետք է հասնենք նրան, որ մեր պետությունում հնարավոր լինի ընտրությունների միջոցով իշխանություն փոխել: Այս առումով երրորդ կարևորագույն ուղղությունը հեռուստատեսության և ռադիոյի ազատության խնդիրն է: Ճիշտ է, դուք այսօր թույլ եք տալիս, որ երկրում ազատորեն թերթեր տվեն, դուք թույլ եք տալիս, որ ինտերնետը ազատ լինի, բայց մի հարցում, դուք ոչնչով չեք տարբերվում ասենք՝ Սադամ Հուսեյնի, կամ Հյուսիսային Կորեայի ռեժիմից դա հեռուստատեսության ազատությունն է: Այսօր ցավոք սրտի հեռուստատեսությունը և ռադիոն գտնվում են նախագահի ամենախիստ վերահսկողության ներքո, երբ քաղաքական ընդդիմախոսներըմուտք չունեն հեռուստատեսության եթեր, իսկ եթե այդ հազվագյուտ մուտքը ապահովվում է՝ ըննդիմախոսի խոսքը կամ ենթարկվում է մոնտաժի, կամ էլ՝ հատուկ վարժված լրագրողները նստած են միայն նրա համար, որ խանգարեն արտահայտվելուն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հեռուստատեսության բնագավառը վերջապես ազատականացվի: Այս առնչությամբ ես ցանկանում եմ մի հղում անել Սահմանադրության 83.2 հոդվածին, որը ասում է. «Հերաձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովման նպատակներից ելնելով օրենքով ստեղծվում է անկախ, կարգավորող մարմին»: Իրականությունը, սակայն, լրիվ այլ է. այս հանձնաժողովը ռեժիմը օգտագործեց հենց հեռուստաեթերի և ռադիոյի ազատության սահմանափակման նպատակով, ընդ որում, շատ ճկուն մի քաղաքականություն որդեգրվեց ռեժիմի կողմից. դա այն էր, որ իբր թե կատարելով սահմանադրության պահանջները, ԵԽԽՎ-ի բանաձևերը, այնուամենայնիվ, ստեղծվեց մի մեխանիզմ, որը իրականում որևէ հնարավորություն չի ստեղծում որևէ անկախ հեռուստատեսության գոյություն ունենալու համար: Այդ ռազմավարության ամենակարևոր ուղղությունն այն էր, որ սահմանափակվեն հնարավոր հերառձակման համար հաճախականությունները: Այսինքն հաճախականությունների խնդիրը դա պարզ տեխնիկական խնդիր չէ, դա մեր ժողովրդավարության ամենակարևոր խնդիրն է»,- նշեց Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ վերջերս տեղի է ունեցել մի իրադարձություն, որի բոլոր հանգամանքները  դեռ պետք է պարզել: Զուրաբյանը նշեց, որ իր ասածի էությունն այն է, որ ինչ-որ մի պետական մարմին բանակցել է միջազգային ասպարեզում Հայաստանին բաժին ընկնող հաճախականությունների թիվը և այդ բանակցությունների հետևանքով Հայաստանին բաժին ընկնող 21 հաճախականությունների թիվը հասցվել է 7-ի: Դա պատճառաբանվում է 2015թ-ից սկսվող հեռուստատեսությունների թվայնացման գործընթացով, բայց իրականում կատարվել է այլ բան: «Հայաստանը զրկվել է միջազգայնորեն իրեն տրված հաճախականությունների 2/3-ից: Ո՞ր պետական մարմինն է դա բանակցել, դուք երբևէ քննարկե՞լ եք այստեղ այդ համաձայնագրի հետևանքները, համաձայնություն տվե՞լ եք դրան: Կատարվել է մի խայտառակ գործարք, որի հետևանքով տուժել են Հայաստանի շահերը և ես համոզված եմ, որ այդ ակնհայտ դիվերսիան Հայաստանի շահերի նկատմամբ կատարվել է մի շատ պարզ նպատակով, որը իրականում ուղղված է ռեժիմի քարոզչական կարիքների սպասարկմանը. այսինքն, ամեն գնով սահմանափակել հեռարձակվող հաճախականությունների հնարավորությունը: Այդ միջպետական գործարքի հետևանքով Հայաստանը այսուհետև կունենա յոթ անալոգային հաճախականություն: Բայց դա պլանի մեկ մասն էր, պլանի մյուս մասն հետևայալն էր. քանի որ բոլորը հասկանում են, որ ամեն անալոգային հաճախականությունը Հայաստանում օգտագործվող տեխնոլոգիաների համաձայն բաժանվում է 6 թվանացված հեռուստաընկերությունների, թվային հաճախականությունների թիվը կհասներ 42-ի: Ի՞նչ անեին, 42 հաճախականության հնարավորությունը շատ է, և հնարավորություն չէր լինի ընդդիմախոսներին բացատրել, որ ամբողջ սպեկտորը զբաղված է, և այդտեղ հնարվում է մեկ այլ հնարք. պետությունը իր հատուկ ներդրումով մուլտիպլեքսային այդ հատուկ սարքավորումների համար բացում է ընդամենը 3 անալոգային հաճախականություն, ինչը դարձնում է թվայնական հաճախականությունների թիվը ընդամենը 18, մնացած անալոգային հաճախականությունները կոպիտ ասած թթու են դրել և ընդհանրապես, պարզ չէ, թե երբ են նրանք ընդհանրապես օգտագործվելու»,- նշեց Զուրաբյանը:

Նա հավելեց նաեւ, որ 18 հաճախականությունները օգտագործվում են այդ պարզ նպատակով, որ բոլոր հլու հնազանդ հեռուստատեսություններին տրվում է այդ նույն հնարավորությունը և երբ որևէ մի նոր հեռուստաընկերություն ցանկանում է հեռարձակում ունենալ, նրան ասում են, որ բոլոր հաճախականությունները զբաղված են, կամ էլ՝ մյուս անգամ կդիմեք տենդերի, իսկ տենդերում, արդեն, պարզ է՝ ինչ արդյունքներ կլինեն. նորից հաղթելու են այդ 18 հեռուստաընկերությունները, իսկ այն հեռուստաընկերությունները, որոնք որոշակի անկախություն են ցուցաբերում, անմիջապես փակվում են իշխանության կողմից: Խոսքը, ըստ Զուրաբյանի, «Ա1+», «Նոյան Տապան», ԱԼՄ հեռուստաընկերությունների մասին է:

«Այս թվայնացման հետևանքով 21 ալիքների թվաքանակը նվազեց՝ հասցվելով 18-ի: Սա է այն ռազմավարությունը, որը թաքնված է Հայաստանի իշխանությունների կողմից կատարվող քայլերի հետևում: ԵԽԽՎ-ն այս առումով շատ պարզ բանաձև ունի և պահանջել է Հայաստանի իշխանություններից ապահովել բազմազանությունը: Եթե չեք վախենում ազատ խոսքից, ի՞նչն է ձեզ խանգարում համապատասխան փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, համապատասխան ներդրումներ ապահովել այդ մուլտիպլեքսորային սարքերի առումով և ապահովել Հայաստանում հեռարձակման հաճախականությունների այն թիվը, որը թույլ կտա ցանկացած քաղաքական ուժի, հասարակական կազմակերպության, գործարարի ազատորեն մտնել Հայաստանի հեռարձակման դաշտ: Դուք դա երբեք չեք անի, որովհետև դուք վախենում եք ազատ խոսքից և միակ ելքը իշխանափոխությունն է»,- հավելեց Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. «Կատարված է խոշորագույն հանցագործություն հանրապետության պատմության մեջ»’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է 65-րդ համաշխարհային ավտոփառատոնը Ֆրանկֆուրտում. Ֆոտոշարք’