‘Լեւոն Զուրաբյան. Ժողովրդավարության խախտումները եւ կոռուպցիան փոխկապակցված են ‘

1669

Այսօր՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի «Կոռուպցիան՝ որպես օրենքի գերակայությանը սպառնացող վտանգ» թեմայով քննարկման ժամանակ, ելույթ է ունեցել նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ժողովրդավարության խախտումները եւ կոռուպցիան փոխկապակցված են 

Ես այստեղ հաճախ եմ խոսել Հայաստանում ժողովրդավարական շարժման դեմ իրականացվող ճնշումների, մարդու իրավունքների խախտումների եւ կեղծված ընտրությունների մասին: Հայաստանը ԵԽ անդամ այն մի քանի երկրներից է դարձել, որտեղ իշխանության փոփոխությունը անհնար է իրականացնել ընտրությունների միջոցով: Ժամանակն է խոսելու այս իրավիճակի հիմնական պատճառի մասին:

Հայաստանյան ռեժիմը ուղղակի չի կարող իրեն թույլ տալ կորցնել իշխանությունը, քանի որ այն թաղվել է կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ, իսկ Հայաստանի  ազգային հարստությունը քամում է իշխող մի քանի ընտանիքների հարստացման համար:

Իրականում՝ այն, ինչ մենք այսօր ունենք Հայաստանում, դասական գողապետություն է, որտեղ մի քանի օլիգարխներ, այդ թվում՝ նախագահը, վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, առեւանգել են պետական մեքենան, եւ այն վեր են ածել անօրինական հարկային եւ մաքսային արտոնությունների միջոցով ձեւավորված մենաշնորհների շահերը սպասարկող մի մեխանիզմի:  

Օրինակ՝ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի շարունակ իրականացնում են ֆիսկալ քաղաքականություն, որի արդյունքում հայկական ազգային տարադրամը արհեստականորեն պահվում է ուժեղ, ինչը չունի տնտեսական որեւէ հիմնավորում, բացառում է մրցակցությունն ու արտահանմանը միտված տնտեսությունը, սակայն, ունի մի շատ կարեւոր հետեւանք. լայն սպառում ունեցող ապրանքատեսակներ ներկրող մոնոպոլիստները  դրանից շահում են՝  ստանալով գերշահույթներ:  

Մենք մի երկիր ենք, որտեղ Սահմանադրությունը ուղղակիորեն արգելում է Խորհրդարանի անդամներին զբաղվել գործարարությամբ, բայցեւայնպես, Հայ ազգային կոնգրեսի կողմից 2011 թվականին իրականացված հետազոտության տվյալներով՝ Խորհրդարանի 131 անդամներից 70-ը զբաղվում էr գործարարությամբ:

Մենք մի երկիր ենք, որտեղ կառավարության ոչ ժողովրդավարական եւ կոռուպցիոն գործունեության համար կասեցվել են հայկական ենթակառուցվածքներին ուղղված 235 մլն դոլար արժողությամբ ներդրումները՝ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Հազարամյակի մարտահրավերների» ծրագիրը:

Մենք բավականին վերջերս հայտնվել ենք մի «Օֆշորգեյթում», որտեղ կոռուպցիայի հետ կապված լուրջ մեղադրանքներ են հնչել՝ վարչապետի մասնակցությամբ ապօրինաբար ստեղծված մասնավոր օֆշորային ընկերությունների վերաբերյալ, որոնց հաշվեհամարներին, որպես կաշառք, փոխանցվել է 350 հազար դոլար գումար:

Պատահական չէ, որ Ռեփսի (էստոնացի պատգամավոր Մայլիս Ռեփս-խմբ.) զեկույցում ներկայացված` Աշխարհում կոռուպցիայի ընկալման ինդեքսում հարյուրերորդ սանդղակից ցածր գտնվող 5 երկրներից 4-ը ԵԽ անդամ այն երկրներն են, որտեղ իշխանության փոխանցումը հնարավոր չէ իրականացնել ընտրությունների միջոցով, այն պարզ պատճառով, որ ցանկացած ընտրության ժամանակ համապատասխան իշխանությունները կեղծում են այնքան քվե, որքան անհրաժեշտ է իշխող կուսակցության հաղթանակն ապահովելու համար:

Կառավարությունները, որոնք իրենց իշխանության համար պարտական են ոչ թե ընտրողներին, այլ օլիգարխներին եւ քրեական հեղինակություններին, հաշվետու չեն ժողովրդի առաջ եւ անհրաժեշտաբար վերածվում են գողապետության: Ժողովրդավարությունը եւ իշխող քաղաքական էլիտայի ազնվությունը փոխկապակցված են, եւ ԵԽԽՎ-ն պետք է հաստատի առանաձնահատուկ ուշադիր վերահսկողության ռեժիմ այն երկրների հանդեպ, որոնք ե՛ւ ժողովրդավարության, ե՛ւ կոռուպցիայի անտեսման տեսանկյունից գտնվում են ցանկի ստորին հատվածում»:   

Անգլերենից թարգմանությունը՝ iLur.am-ի 

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Դոլարի փոխարժեքը նվազել է 0.41 դրամով’
Հաջորդ հոդվածը‘Թեղուտում փլուզվել է հանքի թունելը. Սողանքի վտանգ կա’