‘Լեւոն Զուրաբյան. Ինչո՞ւ է կառավարությունը խախտում հակակոռուպցիոն քաղաքականության սկզբունքները. Տեսանյութ’

3299

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ Հայ ազգային կոնգերս խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մի քանի հարց է ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հարցերին մեկը կապված էր պետական գնումների հետ:

«2012թ. օգոստոսի 16-ի N 1049-Ն որոշմամբ կառավարությունն իրականացրել է հողօգտագործողների օժանդակության ծրագիր: Դիզվառելիք ձեռք բերելու նպատակով նրանց հատկացվել է 620 մլն 430 հազար 930 դրամ չափի սուբսիդիա: ՀՀ կառավարության 2013 թ. օգոստոսի 29-ի N 935-Ն որոշմամբ՝ կառավարությունը նույն նպատակով հատկացրել է 43 մլն 959 հազար 420 դրամ առաջին 9 ամիսների համար: Իսկ ընդհանրապես, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2013 թ. համար հատկացվել է 595 մլն 755 հազար դրամի սուբսիդիա: Ընդհանուր առմամբ, այս երկու տարիներին սուբսիդիայի ծավալը կազմել է 1.2 միլիար դրամ:

Պարզվում է սակայն, որ այդ սուբսիդիան ոչ թե տրամադրվել է, ասենք, հատուկ կտրոնների միջոցով հողօգտագործողներին, այլ դիզվառելիքի մեկ կոնկրետ մատակարարին՝ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների մերձավոր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ին:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ վառելիքի ներկրման շուկան առանց այդ էլ ապօրինաբար քվոտավորված է: Ակնհայտ է, որ կառավարության կողմից հողօգտագործողների սուբսիդավորման նման սխեման ամրապնդում է շուկայում առկա մատակարարներից մեկի դիրքերը, նրան տալիս ինչպես շուկայում արդեն գործող, այնպես էլ հնարավոր նոր մրցակիցների նկատմամբ ապօրինի առավելություններ: Այդ առավելությունները ոչ միայն նպաստում են պետական բյուջեի հաշվին ձեզ հետ կապված շատ կոնկրետ անձերի հարստացմանը, բայց նաեւ Ֆլեշ ՍՊԸ-ի մենաշնորհային դիքերի ամրապնդմանը, դրա հետ կապաված գների աճին եւ տնտեսական զարգացման ավելի մեծ արգելակմանը:

Հարցեր.

  1. Հակակոռուպցիոն քաղաքականության սկզբունքները պահանջում են, որ պետբյուջեից սուբսիդավորումը տրվի ոչ թե մատակարարներին, այլ սպառողներին: Ինչո՞ւ է կառավարությունը խախտում հակակոռուպցիոն քաղաքականության այս ակնհայտ սկզբունքները:
  2. Մատակարարի սուբսիդավորման սխեման կարող էր քիչ թե շատ ընդունելի լիներ, եթե նախատեսեր տնդերի առկայություն եւ միջազգային շուկայից հնարավոր այլ հայտերի ներգրավում: Ինչո՞ւ նման որեւէ տենդեր չի կազմակերպվել»:

Ի պատասխան այս հարցի, Տիգրան Սարգսյանը նախ հայտարարել է, թե «եթե նայենք պետական բյուջեի գնումների գործընթացը և նայենք հաշվետվությունները, թե ովքեր են մրցույթներին մասնակցում, տենդերներին շահում, կարելի է ասել, որ 99 տոկոսը պետական բյուջեից շահումներ և պատվերներ կատարողների իմ մերձավոր բարեկամներն են, իմ մերձավոր ընկերներն են և այլն, որովհետև ես ի պաշտոնե շփվում եմ բոլոր ձեռնարկատերերի հետ»:

«Բազմաթիվ խորհուրդներ կան և տասնյակ մարդկանց հետ ես շփվում եմ և ունեմ շատ նորմալ մարդկային հարաբերություններ և կարելի է մասնակցող և հաղթողներից ցանկացածի մասին ասել, որ նա հաղթել է, որովհետև վարչապետի  մերձավորն է: Կարծում եմ, որ դա օբյեկտիվ մոտեցում չի, և ճիշտ գնահատական չի: Ես շատ հարգում եմ պարոն Բեգլարյանին, բայց որևիցէ այլ տնտեսական շահեր, կամ ինչ-ինչ նպատակներ, որոնց մեջ դուք մշտապես փորձում եք ինձ մեղադրել, բացակայում են, չկան այդպիսի բաներ: Ինչ վերաբերվում է կոնկրետ գյուղատնտեսության օժանդակությանը, ապա այդ ծրագրերը եղել են թափանցիկ, մենք հաշվետվություններ ենք ներկայացրել, և, իհարկե, եղել են նաև չարաշահումներ, բայց ժամանակի սղության պատճառով ես չհասցրեցի ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպես է այդ մեխանիզմը աշխատում»,- հայտարարեց Սարգսյանը:

Զուրաբյանը հակադարձեց՝ «դուք ասեցիք տենդեր, տենդեր չի եղել, ուղղակի «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին այդ սուբսիդիան տրվել է առանց որևէ տենդերի սա մեկ և երկրորդը, մի օր հասնելո՞ւ ենք նրան, որ մի օր ձեր թշնամին օրինակ՝ կարողանա զբաղվել նույնքան արդյունավետ գործարար գործունությամբ, ինչով որ զբաղվում են ձեր ընկերները»: Տիգրան Սարգսյանը շտապեց հայտարարել, թե ինքը թշնամիներ չունի:

Ապա հավելեց. «Ինչ վերաբերվում է գնումների գործընթացին՝ գնումների գործընթացը եղել է Հայաստանի Հանրապետության օրենքներին պահանջներին համապատասխան, լավագույն հայտը բավարարվել է, քանի որ Հայաստանի Հանրապետություն վառելիք ներկրողների ցուցակը հայտնի է նրանց բոլորի հետ բանակցություններ են վարվել օրենքով սահմանված կարգով և լավագույն պայմանը առաջարկած ընկերությունն էլ հաղթել է այդ մրցույթում: Մնացած բոլոր ընկերությունների ներկայացրած հայտերը և պայմանները ավելի լավը չեն եղել, այլ եղել են ավելի թանկ գներով և ֆինանսների նախարարությունը կարող է ներկայացնել այդ հաշվետվությունը, ինչպես նաև հայտերը, որ ընկերությունները ինչ գնային առաջարկներ են ներկայացրել և ինչու ենք մենք ընտրել առավել ցածր գնային առաջարկը: Ինչ վերաբերվում է մեխանիզմին՝ սպառողների սուբսիդավորման եղանակո՞վ գնանք, թե մատակարարման, այս պահի դրությամբ վարչարարության իրականացման տեսակետից ավելի հեշտ է միանգամից ձեռք բերել էժան գնով վառելիքը և այն տրամադրել սպառողներին: Ես համաձայն եմ ձեր այն մտքի հետ, որ շատ հաճախ կիրառվում է նաև սպառողներին սուբսիդավորելու եղանակը, բայց մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա ավելի բարդ վարչարարություն է իրենից ներկայացնում և ավելի ծախսատար է, բայց այդ հարցը ևս մեկ անգամ կքննարկենք»:

Ու թեեւ Տիգրան Սարգսյանը փորձում էր լղոզել, այդուհանդերձ, ստիպված եղավ խոստովանել, որ հրաժարվել են մի փոքր ժամանակատար վարչարարությունից, եւ ընտրել են ակնհայտ կոռուպցիոն ճանապարհը: 

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլին զարմացած է Ռուսաստանի դիրքորոշումից’
Հաջորդ հոդվածը‘Իրանում մահապատժի չեն ենթարկի կախաղան հանվելուց հետո ողջ մնացած մարդուն’