‘Լեւոն Զուրաբյան. Ինչպե՞ս հանդուրժել մի կառավարություն, որը խախտել է Սահմանադրությունը’

923

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական լսումներ է անցկացնում՝ Ռուսաստանից ներկրվող գազի գինը ձեւավորող համաձայնագրերի վերաբերյալ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր խոսքում նշեց, որ 2011-2013թթ. բանակցությունների ընթացքում, երբ ռուսական կողմը երկու անգամ բարձրացրել է գազի գինը, Հայաստանում հանրությունը դրա մասին չի տեղեկացվել:

«2011-ին մեր պարտքը ռուսներին կազմեց 46 միլիոն դոլար, 2012-ին՝ 118 մլն դոլար, 2013-ին՝ 89 մլն: Ինչպե՞ս է հնարավոր, որ կառավարությունը առանց ԱԺ-ին տեղյակ պահելու, առանց բյուջեում փոփոխություն կատարելու՝ կուտակել է նման պարտք: Հիմա դուք գնել եք ավելի թանկ գազ՝ առանց նշելու` ինչ եկամուտների հաշվին ու դրա համար էլ ստիպված եք եղել վաճառել մեր բաժնեմասը՝ առանց ԱԺ-ի հավանության», — նշեց Լեւոն Զուրաբյանը:

Նա նկատեց, որ բաժնեմասի վաճառքի հարցը անգամ սեփականաշնորհման ցուցակի մեջ ներառված չի եղել: Արդյունքում խախտվել են բազմաթիվ օրենքներ:

«Ինչպե՞ս կարող ենք մենք հանդուրժել մի կառավարոթյուն, որն այսքան օրենքներ է խախտել ու Սահմանադրությունը»,- հարցրեց Զուրաբյանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան  հայտարարեց, որ Ազգային ժողովին հաշվետվություն տալու խնդիր չի ունեցել: Նրա խոսքով, կառավարությունը որեւէ հանցագործություն կամ օրենքների խախտում չի արել, «քանի որ ժողովուրդն է արդյունքում դրանից օգտվել»: «Իսկ ԱԺ-ի համար նոր է խնդիրը բացվել, դրա համար էլ նոր ենք եկել ԱԺ», — ասաց նախարարը:

Լեւոն Զուրաբյանըկրկին հիշեցրեց, որ համաձայհն օրենսդրության, կառավարությունը չի ակրող ավելի մեծ ծախս վերջնել իր վրա, քան Ազգային Ժողովն է լիազորում: «Միգուցե մենք չէինք ուզում այդ ծախսի տակ մտնել՝ մեր սեփականության հաշվին, մենք ինչո՞ւ պետք է պատասխան տանք ԱԺ կողմից չարտոնված լիազորությունների համար», — ասազ Զուրաբյանը:

 

Նախորդ հոդվածը‘Հանրահավաք ու երթ` ընդդեմ «կուտակայինի». Սոցիալական խնդիրների լուծումը քաղաքական է’
Հաջորդ հոդվածը‘Հեքիաթ «Գնդլիկ-բոքոնիկի մասին» ու «սեքսի մասին» խորհուրդներ` ԱԺ լսումների ժամանակ’