‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունը փորձում է «Մեծ եղբոր» ամենատես աչքը ստեղծել (Տեսանյութ)’

2073

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը «Անձնական տվյալների ազատության մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

Հարգելի խորհրդարան,

Ես առաջարկում եմ այս օրենքի քննարկումը դիտարկել շատ ավելի ընդհանրական մի կոնտեքստում:

Անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունների, անձնական տվյալների պաշտպանությունը, այսպես կոչված՝ privacy-ն, ժողովրդավարության կարեւորագույն հենասյուներից է, քանի որ այդ պաշտպանությամբ ժողովրդավարական պետությունը, նախեւառաջ, պաշտպանում է իր քաղաքացուն իշխանությունների եւ ձեռնարկությունների ապօրինի թափանցումներից եւ անձնական տվյալների օգտագործումից՝ տոտալիտար պետական վերահսկողության եւ չարամիտ մանիպուլյացիաների նպատակով: Պատահական չէ, որ այս հարցը կարեւորվում է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում, մասնավորապես՝ 12-րդ հոդվածում ասված է հետեւյալը. «Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական միջամտության իր անձնական կամ ընտանեկան կյանքի, բնակարանի կամ նամակագրության նկատմամբ, ոչ էլ՝ ոտնձգության իր պատվի եւ համբավի նկատմամբ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով պաշտպանված լինելու նման միջամտությունից կամ ոտնձգություններից»:

Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նույնպես անդրադառնում է այս հարցին, եւ 23-րդ հոդվածում ասված է հետեւյալը.
«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական եւ ընտանեկան կյանքը.

-առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով,

-արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով»:

Այս առումով՝ ես կուզեի մի փոքր շեղվել թեմայից՝այն մասին, որ Հայաստանում մեծագույն խնդիրը շարունակում է մնալ Սահմանադրության եւ օրենքների կոպտագույն խախտումով Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից իշխանության ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող տոտալ գաղտնալսումը, լրտեսումը, անձնական տվյալների հավաքումը: Ի դեպ, ասեմ ձեզ, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո հայտնաբերվեցին հատուկ ծառայությունների կողմից ընդդիմադիրների ապօրինի լրտեսման զեկույցների, ինչպես նաեւ ապօրինաբար նկարահանված, գաղտնալսված նյութերի հսկայական արխիվներ: Մեր ունեցած տեղեկություններով, նույնը՝ տասնապատիկ ծավալով, տեղի է ունենում Հայաստանում, եւ սա, իսկապես, ուղիղ առնչություն ունի քննարկվող թեմային: Ի դեպ, սահմանին մեր անհաջողությունների պատճառը նաեւ կապված է նրա հետ, որ մեր հատուկ ծառայությունները եւ հետախուզությունը իրենց ամբողջ պոտենցիալի մեծագույն մասը ուղղում են հենց ընդդիմադիրների լրտեսման ուղղությամբ եւ ոչ թե փորձում հետախուզություն անցկացնել հակառակորդի նկատմամբ: Եթե դա արվեր, եթե այն ամբողջ ջանքերը, եռանդը եւ ֆինանսները, որ ծախսվում են ընդդիմադիրների ապօրինի լրտեսման ուղղությամբ, ծախսվեին հակառակորդի դեմ, մենք հիմա լրիվ այլ վիճակ կունենայինք սահմաններում: Ապօրինի գաղտնալսման օրինակների համար շատ հեռու պետք չէ, որ գնանք: Բոլորդ տեղյակ եք իմ ու Վարդան Օսկանյանի մասնավոր խոսակցության գաղտնալսման մասին, որի հետաքննության արդյունքներին մինչեւ հիմա սպասում ենք: Խոսակցությունը, որ տեղադրվել էր ինտերնետում, այնպես էր մոնտաժված, որ լիովին մատնում էր  իշխանությունների քարոզչական նպատակները: Ի դեպ, ես քննիչին ասացի՝ իզուր կչարչարվես, որովհետեւ բոլոր հետքերը տանելու են դեպի Հայաստանի հատուկ ծառայությունները: Քննիչս շատ լավատես էր, քանի որ ձեռքի տակ ուներ բոլոր հետքերը, բոլոր տեխնոլոգիական հետքերը թողել էին այդ հանցագործները, եւ ասաց, որ անպայման կգտնի այդ հանցագործներին: Էլ այդ քննիչից ես այլեւս բան չեմ լսել, որովհետեւ ակնհայտ է, թե ինչ է կատարվել:

Հիմա վերադառնանք մեր այս բուն օրենքի քննարկմանը:

Գիտեք, սա մի քիչ երեսպաշտական բնույթ է կրում՝ նման օրենքով հիմա հանդես գալ, իբր թե՝ անձնական կամ ընտանեկան կյանքի տեղեկությունների պաշտպանության մի օրենք այս ֆոնի վրա: Եվ սա մենք կարող ենք ապացուցել օրենքի վերլուծությամբ: Մասնավորապես, ես ձեզ կկարդամ մի քանի հոդված այդ օրենքից, որից հետեւում է, որ ինչպես շատ արդարացիորեն արտահայտվեց Գագիկ Ջհանգիրյանը, սա շատ ավելի ոչ թե օրենք է անձնական տվյալների պաշտպանության, այլ օրենք է անձնական տվյալների երրորդ անձանց կամ այլ պետություններին փոխանցման մասին: Եվ այսպես, օրենքի 9-րդ հոդվածում՝ տվյալների սուբյեկտի համաձայնությունը, 4-րդ հոդվածը ասում է հետեւյալը. «Տվյալների սուբյեկտի համաձայնությունը համարվում է տրված, եւ այն մշակելու իրավունք ունի, երբ մշակողին հասցեագրված եւ տվյալների սուբյեկտի կողմից ստորագրված փաստաթղթում նշված են անձնական տվյալները»: Այսինքն, թեեւ համաձայնությունը ֆորմալ տեղի չի ունեցել, ըստ այս օրենքի՝ այդ համաձայնությունը համարում են տեղի ունեցած:

Մյուսը. «Առանց տվյալների սուբյեկտի համաձայնության անձնական տվյալներ կարող են մշակվել, եթե տվյալներ մշակելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով»: Թե ի՞նչ օրենքով, ինչո՞ւ չեն մանրամասվում այդ բոլոր դեպքերը, ոչ մի բան ասված չէ:

Հոդված26. «Անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելը. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ»: Նորից ոչ մի պարզաբանում չի տրված եւ նաեւ չի բացատրված, թե ի՞նչ է նշանակում բավարար պաշտպանության մակարդակ:

Հոդված27. «Անձնական տվյալները այլ պետություններին փոխանցելը. Անձնական տվյալները կարող են այլ երկրին փոխանցվել տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ եթե տվյալների փոխանցումը բխում է անձնական տվյալների մշակման նպատակներից եւ կամ անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար: Առանց լիազոր մարմնի թույլտվության  անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետության, եթե այդ պետությունում ապահովված է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ»: Նորից ոչ մի կոնկրետ բացատրություն չկա, եւ ամենակարեւորը՝ այս լղոզված արտահայտությունները, որ այդ ամենը կարող է կատարվել, եթե նախատեսված է օրենքով, իրականում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որեւէ օրենք այս պահին գոյություն չունի, որ այդ բացառությունները նախատեսի, իսկ սա ուղղակի դուռ բացելու հնարավորություն է՝ այդ անձնական տվյալների փոխանցումը կատարել երրորդ անձանց կամ այլ երկրներին: Բայց ամենամեծ գլուխկոտրուկն այն է, որ այս օրենքով ստեղծվում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին՝ շատ անհասկանալի մի կարգավիճակով: Այսինքն, մի կողմից՝ դա փորձել եք ներկայացնել որպես կառավարական մարմին, որովհետեւ այլ ճանապարհ Սահմանադրությունը չի նախատեսում, մյուս կողմից՝ փորձել եք դրան անկախության ինչ-որ շղարշ տալ, քանի որ Արդարադատության նախարարի առաջարկով է վարչապետը նշանակում՝ 5 հասարակական կազմակերպությունների առաջարկով: Գիտեք, սա ուղղակի զավեշտալի է, որովհետեւ մենք գիտենք՝ այդ 5 կազմակերպությունները ովքեր են լինելու, դա, այսպես ասած՝ կառավարական «հասարակական» կազմակերպություններն են լինելու՝ GoNGO-ները, ամբողջ աշխարհում հայտնի են, որպես այն հասարակական կազմակերպություններ, որոնց ետեւում իրականում կանգնած է կառավարությունը: Այսինքն, սա լինելու է մի գործիք իշխանության ձեռքում, լինելու է վերին ատյան բոլոր այս հարցերի լուծման խնդրում: Այսինքն, տրամադրել անձնական տվյալները կամ պահպանել: Սա ինձ հիշեցնում է Ջորջ Օրուելի հայտնի «1984» անտիուտոպիան: Այդ մարգարեական վեպում նկարագրվում է տոտալիտար մի պետություն, որը տոտալ վերահսկողություն, լրտեսում եւ գաղտնալսում է անցկացնում իր քաղաքացիների նկատմամբ, եւ բոլորի վրա նայում է, այսպես կոչված՝ մեծ եղբոր ամենատես աչքը: Դուք այս անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծումով ստեղծում եք մի այդպիսի «ամենատես եղբոր աչք», որովհետեւ դա լինելու է գործիք իշխանության ձեռքում, որը շատ խտրական է՝ ինչպես ամեն ինչ արվում է մեր ավտորիտար երկրում, շատ խտրական է վարվելու անձնական տվյալների պաշտպանության հարցում, ծածկելու է իշխանավորներին, թույլ է տալու օգտագործել տվյալները ընդդիմախոսների դեմ: Սա մեր պետության այսօրվա բնույթն է եւ պատկերն է, եւ հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք մերժում ենք այն փաստարկը, թե իբր սա եվրոպական մոդել է: Եվրոպական մոդելը աշխատում է ժողովրդավարական երկրներում, որտեղ գոյություն ունի հանրության վերահսկողություն պետության նկատմամբ, կառավարության նկատմամբ, հատուկ ծառայությունների նկատմամբ, որը Հայաստանում իսպառ բացակայում է: Եւ բնականաբար՝ մենք մերժում ենք մեծ եղբոր ամենատես աչքը եւ դեմ ենք քվեարկելու այս խայտառակ օրենքին:

Նախորդ հոդվածը‘Էդիկ Հովսեփյան. Դեռ վաղ է Լևոն Տեր-Պետրոսյանին թերագնահատելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Սպանվել է «Երրորդմասցի Լյովիկը» — News.am’