‘Լեւոն Զուրաբյան. Ծառուկյանի ելույթը առաջընթաց էր’

1745

Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն երեկվա խորհրդաժողովում առաջին անգամ հրապարակավ հարց դրեցին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ թռուցիկ կերպով հետեւել է խորհրդաժողովին, կարդացել է ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի ելույթը եւ կարծում է, որ դրանում հստակ առաջընթաց է գրանցված: Զուրաբյանը հավելեց նաեւ, որ Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի  համագործակցությունը բավական արդյունավետ է, թեեւ մարտավարության առումով կան որոշ տարաձայնություններ:

«Կոնգրեսը վստահ է, որ ամենաճիշտ քայլը ստեղծված իրավիճակում կլիներ ժողովրդի ընդվզումը, որը կղեկավարվեր Համաժողովրդական շարժման կողմից՝ ՀՀ-ում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով: Այսինքն՝ մենք պետք է պարտադրենք այս իշխանություններին, որ նրանք անհապաղ հրաժարական տան: Այս առումով Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի դիրքորոշումները աստիճանաբար մերձենում են: Բոլորս տեսնում ենք, որ մարտավարական տարբերությունները գնալով հարթվում են: Գագիկ Ծառուկյանի ելույթը եւս մեկ քայլ էր այդ ուղղությամբ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ կարող են էլի լինել մոտեցումների տարբերություններ, բայց կողմերը երկուստեք գնում են զիջումների, որովհետեւ երկու քաղաքական ուժերն էլ հասկանում են, որ կարեւորը ոչ թե առանձին ուժի դիրքորոշումն է, այլ այն, որ հնարավոր լինի ջանքերը համատեղել: «Առաձին վերցրած՝ ոչ մի ուժ ոչինչ չի կարող անել: Դրա համար մենք մշտապես գնում ենք փոխզիջումներ գտնելու ուղղությամբ, եւ ես վստահ եմ, որ առաջիկա եռակողմ հանդիպման ընթացքում կգտնվեն այն փոխզիջումները, որոնք թույլ կտան կառուցել հզոր հանրահավաքային ժողովրդական ալիք, որը կբերի Հայաստանում այն իշխանափոխությանը, որին սպասում է մեր ամբողջ ժողովուրդը»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանական «մուտիտն» ու հայ քաղքենին’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում ձերբակալված երիտասարդը ազատ արձակվեց’