‘Լեւոն Զուրաբյան. Կոնգրեսը չի մասնակցի Իշխան Զաքարյանի թեկնածության քվեարկությանը’

1387

Մենք արդեն երկար տարիներ հետեւում ենք Վերահսկիչ պալատի գործունեությանը եւ պետք է հանուն ճշմարտության  արձանագրենք, որ Իշխան Զաքարյանի ղեկավարության օրոք պատրաստված նյութերը լուրջ աշխատանք են եւ պարունակում են բացահայտումներ եւ  բավական լուրջ փաստեր չարաշահումների, պետական բյուջեի վատնումների եւ մսխումների մասին:

Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից հայտարարեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:  

Զուրաբյանը հիշեցրեց, որ Կոնգրեսն օգտագործել է ՎՊ զեկույցները տարբեր փաստաթղթերում՝ սկսած «Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» փաստաթղթից:

«Ավելին, այն ժամանակ, շնորհիվ ՎՊ զեկույցների, մենք կարողացանք անգամ տալ պետական միջոցների թալանի հետ կապված ամփոփ պատկերը, եւ անգամ հանդես գալ գնահատականներով, որ տարեկան թալանվում է կես միլիարդ դոլար: Սակայն մենք նկատել ենք, որ այնուհետեւ ՎՊ զեկույցներից հեռացվել են այնպիսի ձեւակերպումներ, որ կարող էին ընդհանրական քանակական գնահատականներ տալ: Ակնհայտ է, որ իշխող մեծամասնության ճնշումների պատճառով դուք հրաժարվել եք այնպիսի եզրակացությունների հրապարակումից, որ կարող են, կոպիտ ասած՝ ընդդիմության բերանը երկար լեզու դնել: Ավելին, ինչպես ես արդեն ասացի, անցյալ զեկույցի քննարկումներից հետո տեղի ունեցավ հայտնի խորհրդակցությունը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը, խախտելով ձեր ղեկավարած մարմնի անկախությունը, հրապարակային բացահայտ ճնշումներ գործադրեց ձեզ վրա եւ անգամ ցուցումներ տվեց, թե ինչպես պետք է դատախազությունն արձագանքի ՎՊ զեկույցներում տեղ գտած բացահայտումներին», — նշեց պատգամավորը:

Նրա խոսքով, կոռուպցիայի մեջ թաղված պետական մարմինների ֆոնի վրա ՎՊ-ն առանձնանում է այնպիսի աշխատանքով, որ, ըստ էության, նպաստում է նույն այդ կոռուպցիայի բացահայտմանը:

«Սակայն, հաշվի առնելով այն, որ Իշխան Զաքարյանի թեկնածությունը ներկայացված է Սերժ Սարգսյանի կողմից, որի գործունեության մեջ մենք ոչ միայն չենք տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի որեւէ նշույլ, օրինակ՝ իմ հարցում նշված օլիգարխներին հարկեր մուծել տալու ուղղությամբ (ի դեպ, նշելով ռեժիմի կողմից ապօրինաբար հովանավորվող եւ ապօրինի արտոնություններից օգտվող Սամվել Ալեքսանյանի, Բարսեղ Բեգլարյանի, Գագիկ Խաչատրյանի անունները, ես ուղղակի մոռացա տալ նաեւ հենց գործող նախագահի այնպիսի ազգականների անուններ, ինչպիսիք են նրա եղբայր Սաշիկ՝ միգուցե Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա փեսա Միքայել Մինասյանի անունները), այլեւ համարում ենք, որ ինքն ուղղակիորեն ղեկավարում է կոռուպցիոն այս բուրգը եւ նրա բոլոր նշանակումները դիտարկում ենք հենց այս կոնտեքստում:

Երկրորդ՝ մենք որեւէ երաշխիք չունենք, հետեւաբար, որ ձեր վերանշանակումը չի կատարվում այն պայմաններով, որ դուք այսուհետեւ շատ ավելի կաշկանդված ուսումնասիրություններ կանցկացնեք: Ընդ որում՝ ցանկանում եմ ձեզ հենց հիմա հավաստիացնել, որ մենք որեւէ նախապաշարմունք չունենք, եւ եթե ակնկալիքը չարդարանա, մենք առաջինը օբյեկտիվորեն կնշենք ձեր ապագա զեկույցների արդյունավետությունը: Ուստի, Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը որոշում է ընդունել, որ մենք դեմ ենք Սերժ Սարգսյանի ներկայացված թեկնածությանը, ինչն առաջին հերթին պետք է ընկալեք որպես վերաբերմունք մեր կողմից մերժվող բուրգային կոռուպցիայի համակարգին», — նշեց Զուրաբյանը:

Նա խմբակցության անունից առաջիկա քվեարկության մասին առանձին հայտարարություն արեց:

«Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ գլխավոր դատախազի թեկնածուի քվեարկություն: Մեղադրանքներ հնչեցին, թե որոշ ընդդիմադիրներ, հրապարակավ հայտարարելով, որ դեմ են, եւ հրապարակավ քննադատելով Գագիկ Կոստանյանին, այնուամենայնիվ, կողմ են քվեարկել: Որեւէ իրողություն գնահատելիս ես առաջնորդվում եմ պարզ տրամաբանությամբ:

Կարելի է հասկանալ, որ հնարավոր է հրապարակայնորեն ասել, որ կողմ ես, բայց թաքուն դեմ քվեարկել: Փակ քվեարկությունները ստեղծված են հենց դրա համար, որ մարդիկ կարողանան ազատորեն դեմ քվեարկել այն դեպքերում, երբ  նրանց նկատմամբ հնարավոր են ճնշումներ:

Բայց պետք է իսկապես շատ  աղճատված տրամաբանություն ունենալ՝ պնդելու համար, որ հնարավոր է հակառակը: Այսինքն, որ հրապարակավ դեմ արտահայտվողը կարող է թաքուն կողմ քվեարկել մի վիճակում, երբ պարզ է, որ ներկայացված թեկնածուն հաստատվելու է ջախջախիչ մեծամասնությամբ: Այս առումով ես որեւէ կասկած չեմ ընծայում հրապարակայնորեն հնչած բոլոր հավաստիացումներին եւ հավատում եմ ե՛ւ Ալիկ Արզումանյանին, ե՛ւ Ռուբիկ Հակոբյանին, ե՛ւ Նիկոլ Փաշինյանին, ե՛ւ Հրանտ Բագրատյանին, ե՛ւ Լյուդմիլա Սարգսյանին, ե՛ւ Գագիկ Ջհանգիրյանին, ե՛ւ Արամ Մանուկյանին, ե՛ւ Ստեփան Դեմիրճյանին, երբ նրանք հրապարակավ պնդում են, որ քվեարկել են դեմ՝ Գ.Կոստանյանին:

Միակ բացատրությունն այն իրողությանը, որ դեմ քվեաթերթիկների թիվը կազմել է 3 կամ 4, դա այն է, որ տեղի է ունեցել խայտառակ կեղծարարություն՛՝ հենց ԱԺ պատերի ներսում, որի միակ նպատակը եղել է ընդդիմության վարկաբեկումը եւ ընդդիմության մեջ փոխադարձ մեղադրանքների հրահրումը:

Ուստի, մենք որոշում ենք ընդունել չմասնակցելու կեղծարարության այս ֆարսին, որպեսզի ՀՀԿ-ական կեղծարարները չստանան նորից մի հնարավորություն՝ ընդդիմության դեմ կեղտոտ խաղ խաղալու», — հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Առանց պայքարի հնարավոր չէ հասնել մեծ հաջողությունների’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանյանը ակտիվիստներին «շնորհակալ է անվճար գովազդի համար» (տեսանյութ)’