‘Լեւոն Զուրաբյան. Կոնգրեսի ցուցակը փորձի և երիտասարդության միաձուլում է (Տեսանյութ)’

1246

«Շնորհավորում եմ բոլորիդ, որ Հայ ազգային Կոնգրեսը, գրանցվելով որպես կուսակցություն, երեկ ԿԸՀ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններին մեր մասնակցության ցուցակը»,- այս մասին այսօր դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ Կոնգրեսի ընտրական ցուցակում կա մի կարևոր հանգամանք. ցուցակը փորձի և երիտասարդության միաձուլում է:

«Այն գլխավորում է հասարակության կողմից շատ սիրված քաղաքական գործիչ Վահագն Խաչատրյանը, ով 1993-ից 1995 թվականը եղել է Երևանի քաղաքապետ: Ընդ որում մի կարևոր դետալ ուզում եմ այստեղ հրապարակել, որը նաև պատասխան է այն մարդկանց, ովքեր քննադատում են ՀՀՇ-ին հակադեմոկրատիվ կարգերի կամ պահվածքի համար: 1991 թվականից Երևանի քաղաքապետարանը ղեկավարել է Համբարձում Գալստյանը որպես Երևանի ավագանու ՀՀՇ-ի ֆրակցիայի ղեկավար և այդ ՀՀՇ-ի, ինչպես իրենք են ասում՝ բռնապետական տարիներին Վահագն Խաչատրյանին հաջողվում է այդ նույն խորհրդում ստեղծել ընդդիմություն ՀՀՇ-ի ֆրակցիայի դեմ, այդ ընդդիմության թևերի տակ հավաքել մեծամասնություն և հետո հասնել նրան, որ այդ խորհուրդը իրեն ընտրի քաղաքապետ: Այսինքն՝ լինելով ընդդիմություն ՀՀՇ-ի ղեկավարման տարիներին, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք նա կարողանում  է հաստատել ընդդիմության հաղթանակը Երևանի քաղխորհրդում»,- հայտարարել է Զուրաբյանը:

Նա նաեւ հավելել է, որ այդպիսի բան հիմա հնարավոր է: «Պատասխանեմ մի քաղաքական գործչի անունով՝ հնարավոր է հետևյալ սցենարով, և վստահեմ, որ Վահագն Խաչատրայնն այն մարդն է, որն այս գործը կղեկավարի: Մենք գնում ենք ձեզ հետ միասին, բոլորդ ակտիվորեն ներգրավվում եք, անցկացնում ենք ակտիվագույն, փայլուն ընտրարշավ, նրանով կարողանում ենք քաղաքական ընդդիմադիր այլ ուժերի հետ միասին քաղաքապետարանում ձևավորել կոալիցիա, որը կստանձնի քաղաքապետի նշանակման գործը: Եթե մենք կարողանանք իրականացնել այս պլանը այլ քաղաքական ուժերի հետ միասին՝ ԲՀԿ-ի, Ժառանգության, ՀՅԴ-ի  հետ, եթե կարողանանք ազատել Երևանը Սերժ Սարգսյանի ռեժիմից, Հայաստանը այլևս բռնապետական երկիր չի լինի: Նշանակում է, որ իշխանական բուրգը մահացու հարված է ստանալու: Այս իշխանությունը կարող է գործել միայն այն ժամանակ, երբ մոնոլիտ է, եթե բոլոր տեղերում ինքը իրականացնում է բացարձակ իշխանություն:  Եթե Երևանի նման խոշորագույն քաղաքի իշխանությունը նրա ձեռքից գնա, ապա սա այլևս այն բռնապետությունը չի լինի, կլինի լրիվ նոր Հայստան: Ուրեմն, արժե այս նպատակի համար մենք բոլորս լծվենք գործի»,- նշել է Զուրաբյանը:

Վերջին նաեւ կարեւոր է համարել այն, որ հենց Վահագն Խաչատրյանն է գլխավորում ցուցակը, քանի որ նա  պրոֆեսիոնալ է, քաղաքային տնտեսության գիտակ, ղեկավարարել է այդ տնտեսությունը ամենածանր պահերին:

«Բայց եթե նայեք ցուցակին, ապա կտեսնեք, որ դա մի ցուցակ է, որի հիմքը կազմել են մեր փայլուն երիտասարդները: Այն երիտասարդները, ովքեր 5 տարի շարունակ համարձակորեն պայաքարել են, բանտ էլ են նստել, ոստիկանական մահակների տակ էլ են ընկել, բայց երբեք չեն ընկրկել: Մի բան էլ ասեմ, որ ոչ միայն նրանք համառ, համարձակ են, պատրաստ են գնալ ցանկացած զրկանքի մեր հայրենիքի ազատության համար, այլ այս 5 տարվա ընթացքում մեծագույն քաղաքական դպրոց են անցել և շատ աճել են: Այսօր եթե լսեք նրանց հարցազրույցները, դուք կտեսնեք, որ նրանք ավելի հասուն են, խելոք են, ավելի հետաքրքիր գաղափարներով են հանդես գալիս, քան այս երկրի պաշտոնական քաղաքագիտական վելծուԳանգերը կամ տարբեր կուսակցությունների կուսակցապետերը: Ուրեմն մենք բերելու ենք Երևան այս նոր ավյունը, էներգիան, գաղափարները: Ուրեմն, մեզ հաղթում ենք հաղթանակ»,- նշել է Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Ինձ ոչ մի նախագահ պետք չի (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հատուկ քննչական ծառայությունում ԱԺ ներխուժած քաղաքացու գործով վարույթ է հարուցվել’