‘Լեւոն Զուրաբյան. Հոկտեմբերի 24-ին կկենտրոնանանք ժողովրդի դատավճռի կատարման վրա’

27042

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը

— Ի՞նչ տպավորություններ ունեք հոկտեմբերի 10-ի հանրահավաքից:

— Իրականությունը գերազանցեց մեր բոլոր սպասումները: Հայաստանի պատմության մեջ քիչ են եղել հանրահավաքներ, երբ հավաքված ժողովրդի քանակը եւ հավատը թույլ են տալիս ասել, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը վերցնում է իր ձեռքը: Այդ առումով հոկտեմբերի 10-ը կարելի է պատմական օր համարել: Հավաքված բազմությունը համեմատելի է 1988թ. փետրվարյան օրերի, 2003-ի, 2008-ի փետրվարյան օրերի, ինչպես նաեւ 2011թ. մարտի 17-ի հանրահավաքների բազմամարդության հետ: Դա ուղիղ այն «կրիտիկական» զանգվածն է, որի պարագայում սկսում են լրջագույն քաղաքական գործընթացներ, եւ իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն չզիջել ժողովրդական ճնշմանը: Ի սկզբանե այս հանրահավաքը նախատեսված էր որպես իշխանությանը տրվելիք գնահատականի հանրահավաք, եւ այդ գնահատականը սպառիչ կերպով տրվեց: Եթե կարճ ձեւակերպենք՝ իշխանական վարչակարգը սպառված է եւ պետք է հեռանա: սա ժողովրդի դատավճիռն է, որն այլեւս ենթակա է կատարման: Հոկտեմբերի 24-ին կլինի գործողությունների եւ անելիքների հանրահավաք:

Հանրահավաքի ամենակարեւոր արդյունքը ձեւակերպեց Լեւոն Տեր-Պետրոսյանը. սա այլեւս ոչ եռյակ է, ոչ քառյակ, այլ` Համաժողովրդական նոր Շարժում:

— Այս համաժողովրդական շարժման շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

— Երբեմն տպավորություն ունեմ, որ մամուլի միջոցները, վերլուծաբանները քաղաքական գործընթացներին մոտենում են նույն կերպ, ինչ, օրինակ, Vivaro-ով խաղադրույքներ դնելու գործին: Հաղթելո՞ւ ենք — չե՞նք հաղթելու, ի՞նչ երաշխիքներ ունենք, որ կհաղթենք, արդյո՞ք այս անգամ չենք ձախողվի: Աշխարհում ոչ մի մեծ գործ նման տվայտանքների եւ կասկածների ուղեկցությամբ չի արվում: Մարդկության պատմության մեջ ոչ մի հաղթողի ոչ ոք երբեւիցե նախապես որեւէ երաշխիք չի տվել: Մենք ունենք ավելի կարեւոր բան. մենք ունենք ժողովուրդ, որը նորից լցվել է հույսով, մենք ունենք արթնացող Հայաստան: Մենք նաեւ ունենք ռեսուրսների պարզագույն հաշվարկ, որը ցույց է տալիս, որ իշխանությունը երբեք այսքան թույլ չի եղել, եւ ընդդիմությունը երբեք այսքան ուժեղ չի եղել: Իշխանությունն ունի ձախողված, պառակտված եւ բարոյազրկված թիմ, որը զրկված է հանրային որեւէ աջակցությունից: Նրանք ունեն կադրային սով, ձախողումների պատասխանատվությունը գցում են մեկը մյուսի վրա, նրանց կառավարման համակարգը կանգնած է ֆինանսական կրախի առջեւ: Իսկ ընդդիմությունը ունի ժողովրդի կատարյալ աջակցությունը, նա կարողացել է տասնյակ հազարավոր մարդկանց մոբիլիզացնել հրապարակում վճռական պայքարի համար, նա խորհրդարանում ունի մոտ 50 պատգամավոր, ունի անհրաժեշտ ինտելեկտուալ, կազմակերպական եւ ֆինանսական ռեսուրսները, ինչը մինչ վերջերս երբեք չի համատեղվել: Ընդդիմությունն ունի նաեւ մեկ՝ նախադեպը չունեցող առավելություն. «Կենտրոն» հեռուստատեսության միջոցով այն ստացել է Հայաստանի իշխանության կողմից սեփական ժողովրդի դեմ կազմակերպված ինֆորմացիոն բլոկադայի ճեղքում: Այսօր ամենահեռավոր գյուղում էլ մարդիկ տեսնում են, թե ինչ է կատարվում Երեւանում, եւ ուշի-ուշով հետեւում են քաղաքական գործընթացներին: Կարճ ասած` ժողովուրդը հրապարակում +  50 պատգամավորի ճնշումն ԱԺ-ում + հեռուստատեսությամբ ինֆորմացիոն բլոկադայի ճեղքում + լուրջ կազմակերպական ու ֆինանսական ռեսուրսներ: Այս ամենը ստեղծել է աննախադեպ հիմքեր` ժողովրդավարության հաղթանակի համար, եւ այս վիճակում նվնվացողները կամ կասկածողները կամա թե ակամա զբաղված են ժողովրդի հաղթանակը ձախողելու գործով:

— Նվնվոցներից  ու կասկածներից բացի՝ եղան քննադատություններ, ընդ որում՝ ոչ միայն իշխանությունների, այլեւ`ձեր նախկին գործընկերների կողմից: Մասնավորապես, քննադատվեց, թե ինչու հանրահավաքի օրակարգում չընդգրկվեց ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանն ընդդիմանալու հարցը: Ավելին, քննադատության առարկա է դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որով նա քննադատել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ ջղաձգվողներին:

— Տեր-Պետրոսյանի խոսքերից «ջղաձգվածներին» ես խորհուրդ կտայի ավելի ուշադիր կարդալ նախագահի ելույթը: Առաջին նախագահը չի քննադատել ԵՏՄ-ի դեմ հանդես եկող քաղաքացիներին: ԵՏՄ-ին կողմ կամ դեմ արտահայտվելը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Նախագահը հարցն այլ հարթության մեջ է դրել. նա զավեշտալի է համարել այն հանգամանքը, որ մի քանի տասնյակ մարդիկ փորձում են իրենց կողմից առաջնային համարվող օրակարգը իրագործել այլոց՝ իրենցից հազարապատիկ ավելի մեծ ժողովրդականություն վայելող գործիչների միջոցով:

Մենք մեր գործը լավ գիտենք, մենք ձեւավորել ենք Հայաստանի համար առաջնահերթ օրակարգը՝ հեռացնել ձախողված վարչակարգին եւ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել լեգիտիմ իշխանություն: Մնացած հարցերում Շարժման մեջ ընդգրկված ուժերը կարող են ունենալ տարբերություններ, սակայն այդ հարցերը մի կողմ են դնում, որովհետեւ գտել են Հայաստանը ճիշտ ուղու վրա դնելու բանալին, որի շուրջն էլ համախմբել են հարյուր հազարավոր մարդկանց: Իսկ ջղաձգվողների պահվածքը զավեշտալի է երկու պատճառով:

Նախ` որովհետեւ իրենք չեն կարողանում սեփական օրակարգի շուրջ ձեւավորել քիչ թե շատ նշմարելի ակտիվություն: Դեռ չեմ տեսել որեւէ ակցիա, որում նրանք կարողանան հավաքել հիսունից ավելի մարդ, էլ չասած այն խայտառակ իրողության մասին, որ հոկտեմբերի 10-ին նրանք բոլորը, իրենց օրակարգային հարցով բողոքելու փոխարեն, նախընտրեցին նստել տներում՝ դավաճանելով սեփական սկզբունքին: Եվ երկրորդ` իրենց առաջարկած օրակարգի շուրջ համախմբման ձախողումը նրանք փորձում են բարդել այն քաղաքական ուժերի վրա, ովքեր հաջողել են ժողովրդին համախմբող ընդհանուր օրակարգի ձեւավորման գործում:

Բայց ամենազավեշտալին կատարվում է, երբ նույն այս մարդիկ, ովքեր անընդհատ խոսել են այն մասին, որ ժողովրդավարական շարժման օրակարգը պետք է ձեւավորվի ոչ թե լիդերների, այլ ժողովրդի կողմից, այսօր տեսնելով, որ ժողովուրդն, այնուամենայնիվ, գնում է այլ լիդերների հետեւից, ահա այդ վայ-դեմոկրատները սկսել են պախարակել ժողովրդին: Դա ինձ հիշեցնում է այն էվոլյուցիան, որ ապրեց Հիտլերը համաշխարհային պատերազմի տարիներին: Իր ողջ կյանքում Հիտլերը խոսում էր գերմանացի ազգի բացառիկության եւ աշխարհակալ տիրապետության արժանի լինելու մասին, բայց ջարդվելուց հետո նույն Հիտլերն իր «սիրելի» ժողովրդի մասին ասել է հետեւյալը. «Այս ազգը արժանի է ոչնչացման»: Ես իսկապես ցավում եմ` տեսնելով, թե ինչպես է թունդ ժողովրդասերը դառնում ժողովրդատյաց այն պահին, երբ պարզում է, որ ժողովուրդը ոչ միայն իր հետեւից չի գնում, այլև երբեք էլ չի գնա:

Անդրադռնամ մեկ այլ երեւույթի՝ երկում այնպիսի խմբերի ծաղկմանը, որոնց կյանքի միակ գործը դարձել է «ընդդիմության ընդդիմություն» առաքելությունը: Նրանք, տարօրինակ զուգադիպությամբ, կարծես կախարդական փայտիկի շարժումով, սկսում են նույն լրատվամիջոցներում միաժամանակ  նույն թեզերով հարձակվել ընդդիմության վրա եւ երկրի համար ամենակարեւոր խնդիրը համարում ո՛չ թե իշխանափոխությունը, այլ «ընդդիմափոխությունը»: Ինչպես շատ դիպուկ արտահայտվել է մեր կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանը, այդ մարդիկ չեն հասկանում մի պարզ ճշմարտություն. իշխանություն հնարավոր է դառնալ ընտրակեղծիքներով կամ բռնություններով, բայց ընդդիմություն ո՛չ ընտրակեղծիքներով, ո՛չ էլ բռնություններով դառնալ հնարավոր չէ: Եւ իսկապես, ընդդիմություն լինելու միակ հնարավորությունը՝ անբռնազբոս եւ անկեղծ ժողովրդականության վայելումն է: Նրանք, ովքեր խոսում են «ընդդիմափոխության» մասին, հետեւաբար՝ ժխտում են ոչ թե ընդդիմությանը, այլ կրկի՛ն ժողովրդին, որը հանդգնել է արտահայտել իր համակրանքը: Ավելի մեծ արհամարհանք ժողովրդավարական արժեքների նկատմամբ հնարավոր չէ պատկերացնել:

— Նաեւ անդրադառնանք հանրավաքում Տեր-Պետրոսյանի ելույթի հետ կապված մեկ այլ քննադատության. մասնավորապես, այդ ելույթը ոմանք որակեցին որպես պաշտոնների շուրջ սակարկության առաջարկ:

— Այդ թեզը համակարգված ձեւով տարածում են ե՛ւ ՀՀԿ-ի մանկլավիկները, ե՛ւ իրենց թունդ ընդդիմադիր համարող որոշ գործիչներ, որոնց հիմնական գործառույթը դարձել է վերոհիշյալ «ընդդիմության ընդդիմություն» լինելը: Երբ Տեր-Պետրոսյանն ասում է, որ Շարժումն այլեւս ոչ մի պահանջ չի ներկայացնում իշխանությանը, նա նկատի ունի մի պարզ բան. այն է` հոկտեմբերի 10-ին նոր Համաժողովրդական Շարժման տպավորիչ սկզբնավորումը ստեղծել է մի այնպիսի իրավիճակ, որում իշխանություններն իրենց համար ավելի վատ զարգացումներից խուսափելու համար կարող են առաջարկներ ներկայացնել՝ ժողովրդին իշխանությունն անցնցում փոխանցելու համար: Իրականում՝ այն, ինչ ասել է Տեր-Պետրոսյանը, վերջնագրից էլ ավելի կոշտ է: Եվ եթե գալուստսահակյանները եւ «թունդ» ընդդիմադիրները տարօրինակ զուգադիպությամբ նրա ասածի մեջ տեսնում են պաշտոններ բաժանելու «բազարի» առաջարկ, ավելի տրամաբանական կլինի ենթադրել, որ հենց այդ «բազարն» էլ ճշգրտորեն բնութագրում է իրենց մեջ գոյություն ունեցող հարաբերությունները:

— Անդրադառնանք Եռյակի հասցեին եւս մեկ քննադատության, որ երեք ուժերը չունեն միասնական օրակարգ` դրա տակ հասկանալով գործողությունների միասնական ծրագիր:

— Ցանկացած քաղաքական գործընթաց պետք է ունենա իր տրամաբանությունը: Դեռ մի քանի ամիս առաջ, երբ մենք ձեւակերպեցինք 12 կետանոց պահանջները, մեր համատեղ հայտարարության մեջ խոստացել էինք, որ սեպտեմբերի 30-ից հետո առաջին հանրահավաքը նվիրված է լինելու այդ 12 կետերի կատարմանը եւ, ընդհանրապես, իշխանությունների գործողություններին գնահատական տալուն: Հոկտեմբերի 10-ին մեր խոստացած գնահատականը տվեցինք, եւ դա միասնական գնահատական էր եռյակի ուժերի կողմից, որն էլ ստացավ ժողովրդի միահամուռ հավանությունը: Ժողովրդի անունից իշխանության դատավճիռն ընթերցելուց հետո մենք արդեն պետք է կենտրոնանանք դատավճռի կատարման վրա: Մինչեւ մյուս հանրահավաքը մենք կհամաձայնեցնենք անելիքների միասնական օրակարգը, որը նույնպես պետք է արժանանա ժողովրդի հավանությանը: Մենք լինելու ենք հետեւողական, գործընթացը ժողովրդի հետ միասին կառուցելու ենք այնպես, որ մեր ողջ հասարակության կողմից այն ընկալվի որպես հաշվարկված, տրամաբանված, ռացիոնալ քայլերի հաջորդականություն, որն ուղղված է լինելու ժողովրդավարության անվերապահ հաղթանակին:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան գլորվել է ձորը. կա երկու զոհ’
Հաջորդ հոդվածը‘Սկսվում են գայլերի մորթիների ընդունման աշխատանքները’