‘Լեւոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանի խորամանկ պլանը ձախողվել է. Տեսանյութ’

1291

Սահմանադրական բարեփոխումները իբրև քաղաքական պահանջ ներկայացնելու` Սերժ Սարգսյանի խորամանկ պլանը ձախողվել է: Այս մասին «Ազատության» վերլուծական ծրագրում հայտարարել է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ հայտարարելով, թե դեմ լինելով երկրի կառավարման խորհրդարանական մոդելին, այնուամենայնիվ, պատրաստ է գնալ այդ փոփոխությանը, Սերժ Սարգսյանը փորձում էր ցույց տալ, թե ինքը զիջումների է գնում՝ հաշվի առնելով ընդդիմության պահանջը: Ժամանակին «Ժառանգությունը», Դաշնակցությունը և թե ԲՀԿ-ն կողմ են արտահայտվել երկրի կառավարման խորհրդարանական մոդելին:

Ըստ Զուրաբյանի՝ Սերժ Սարգսյանը, հենց այս հանգամանքը օգտագործելով, փորձում է լուծել իր վերարտադրման խնդիրը: Սակայն այս ծրագիրը չաշխատեց, քանի որ թե ԲՀԿ-ն, թե «Ժառանգությունը», հասկանալով պլանը, այժմ դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին:

«Ուստի ստացվում է մի վակուում՝ մի կողմից Սերժ Սարգսյանը ինքը չի ուզում խորհրդարանական մոդել, բայց այն քաղաքական ուժերը, որոնք իր մտահղացմամբ պետք է պահանջեին այդ փոփոխությունները, չեն պահանջում դրանք, և ստացվում է, որ այսօր ամբողջ պառլամենտում կա մի ուժ, դա Դաշնակցությունն է, որ նման հարց դնում է։ Բայց կներեք, այդ դեպքում ամեն ինչը դառնում է մի քիչ ծիծաղելի։ Նկատի ունեմ Սերժ Սարգսյանի բացատրությունները և արդարացումները, որովհետև ստացվում է, որ ինքը ամբողջ այս ռեֆորմը անում է միայն Դաշնակցության համար։ Իհարկե, դա ծիծաղելի է և իհարկե, նման բան չի կարող լինել։ Դա իշխանության վերարտադրման հիմքն է, և դրա համար ինքը այս ամենը ձեռնարկել է, բայց պլանը, ինչպես տեսնում եք, ձախողվում է»,- ասաց Զուրաբյանը։

Անդրադառնալով Քառյակի գործունեությանը, քաղաքական գործիչը նշեց, որ ֆորմատի պահպանումը չի կարող ինքնապատակ լինել, կարեւորը այն գործընթացն է, որն արդեն մեկնարկել է եւ որին միանալու են նոր ուժեր եւ հասարակական նախաձեռնություններ: Թե արդյո՞ք այդ նոր ուժերի մեջ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, հաղորդման մեկ այլ մասնակից` ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ  այս պահին Քառյակի առջեւ նման խնդիր չկա դրված եւ նման քննարկում չի եղել:

Իր հերթին, Լեւոն Զուրաբյանը նշեց, որ «Ռոբերտ Քոչարյան, որպես այդպիսին Քառյակի ոչ օրակարգում, ոչ ծրագրերում, ոչ քննարկումներում, ոչ պլանավորման մեջ գոյություն չունի»: «Կոնգրեսը բացառում է որեւէ զարգացում այդ ուղղությամբ»,- նշեց նա:

 

Նախորդ հոդվածը‘«Դու՛րս մեր գրպանից» նախաձեռնության անդամները իրազեկում են մարզային բնակչությանը’
Հաջորդ հոդվածը‘ Ռոնալդուն ընդդեմ Սուարեսի. գոլերի շքահանդես (տեսանյութ) ‘